Նրանք շիրիմ չունեցան


Արդեն շուրջ տասը տարի է` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը անսփոփ ցավը, կորստի վիշտն ու չանթեղված հույսը միավորող մարդիկ հանդիպում են Եռաբլուրում: Ու թարմ ծաղիկներ են դրվում մեր անշիրիմ հերոսների սուրբ հիշատակը հավերժացնող կոթողին: Իսկ անհուն ցավը փարատող խոսքերը դառնում են հույսի նշույլներ` իրենց կյանքն անվերջ սպասում դարձրած նրանց հարազատների համար: Արցախյան գոյապայքարից ի վեր անհայտ կորածների թիվը մեր երկրում 400- ից ավելի է: Նրանց վառ հիշատակի առջև յուրահատուկ խոնարհում էր Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի այցելությունը Եռաբլուր: Իսկ Երևանի Կամերային երաժշտության տան մտերմիկ մթնոլորտում ջերմ ու անկեղծ էին հնչում Նախարար Սեյրան Օհանյանի սփոփանքի խոսքերը. -Հայաստանի Հանրապետությունում գործող Անհայտ կորածների, գերիների, պատանդների հանձնաժողովը միշտ ուշադրության կենտրոնում է պահում այն միջոցառումները, որոնք իրենց ֆունկցիոնալ պարտավորություններով վերապահված են մեզ: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հանձնաժողովի աշխատանքն ընթանա իր հունով, և մեր աշխատանքով կարողանանք ինչ-որ չափով սփոփել յուրաքանչյուր անհայտ կորածի հարազատի: Դուք մշտապես գտնվում եք սպասումների մեջ, և գոնե մեր փոքր քայլով կարող ենք սփոփել ձեզ և համբերություն ցանկանալ: Ես գտնում եմ, որ չկա որևէ ողջամիտ անձնավորություն, որ պատերազմը գերադասի խաղաղությունից: Բայց յուրաքանչյուր ժողովրդի համար լինում են պահեր, երբ պատերազմը վճռական ու պարտադրված է դառնում: Այն բարձրացնում է ժողովրդի ջարժանապատվությունը, որը պատերազմի միջոցով կարողանում է պայքարել ազատության համար: Այս առումով Հայոց ազգային-ազատագրական շարժումը` Արցախյան գոյապայքարը, մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով մենք կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Գիտեք, որ Արցախյան գոյապայքարը, սկսվելով 1988 թվականից, 1992-1994 թթ. լայնամասշտաբ պատերազմի վերածվեց: Այդ պատերազմում մենք նաև անդառնալի կորուստներ ունեցանք: Փառք ու պատիվ բոլոր այն ազատամարտիկ ներին, ովքեր իրենց կյանքը զոհել են այսօրվա մեր խաղաղ արարման համար: Մարտական գործողությունների ժամանակ, ցավոք, նաև եղել են անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչև այսօր անհայտության մեջ են: Ընդհանուր առմամբ, պատերազմը խաղաղության համար մղվող սրբագույն իրողություն լինելուց զատ` իր մեջ նաև դաժանություն է պարունակում: Անհայտ կորածների սիրելի հարազատներ, ես ուզում եմ այս պահին իմ սփոփանքի խոսքերն ասել ևս մեկ անգամ: Մենք քաջ գիտակցում ենք, որ ամենավատ դրության մեջ դուք եք գտնվում: Ամեն օր սպասում եք, որ ձեր որդիները, հարազատները կվերադառնան: Ես ուզում եմ համբերություն ցանկանալ: Համբերությամբ լցվենք և սպասենք: Տա Աստված, որ ինչպես այսօր կիսում ենք ձեր վիշտը, անպես էլ մի օր միասին կրկնապատկենք ձեր անչափ մեծ ուրախությունը: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է նաև մարզերում և Արցախում: Անհայտ կորած ազատամարտիկներին առնչվող հարցերը մշտապես ոլորտի պատասխանատուների հոգածության առարկան են: Ինչպես Նախարարն էլ փաստեց` - Մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում: Անհայտ կորածների, գերիների, պատանդների հանձնաժողովի բոլոր միջոցառումների իրականացման ուղղությամբ մեր աշխատանքները համաժողովրդական բնույթ են կրում: Այդ է պատճառը, որ դրանք գտնվում են ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև անձամբ Հայաստանի Հանրապետության նախագաhի ուշադրության կենտրոնում: Եթե այդ համաժողովրդական բնույթը և նախագահի վերահսկողությունը չլինեին, չէինք կարող հասնել թեկուզ փոքր հաջողությունների: Ես ուզում եմ խոստանալ ձեզ, որ մենք շարունակական ենք համարում մեր այն միջոցառումները, որոնք պլանավորում ենք յուրաքանչյուր տարվա համար:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ