ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է


Ըստ տեղեկությունների` վերջին տարիներին բազմաթիվ փորձությունների միջով անցած Խաչատուր Սուքիասյանն առաջիկայում Հայաստան է վերադառնալու: Նրա մերձավոր շրջապատից հավաստիացնում են, որ հայտնի գործարարն ամեն առիթով խոսելով 2012¬ի ԱԺ ընտրությունների մասին, հավաստիացնում է, թե Կենտրոն համայնքի հայտնի ընտրատարածքն առանց իրեն չի պատկերացնում: Այնուամենայնիվ, նույն աղբյուրը վստահեցնում է, որ «Սիլ» կոնցեռնի ղեկավարը Հայաստան կվերադառնա տարեսկզբից ոչ շուտ, քանի որ առաջադրվելու մտադրությունը վերջնական դարձնելուց հետո նախկին պատգամավորը գտնում է, որ շքեղ քարոզարշավի և ընտրատարածքում լայնածավալ նախընտրական գործունեություն կազմակերպելու կարիքն ինքը չունի: Հավանական է, որ ՀԱԿ¬ի երեսից «վտարանդի» դարձած նախկին պատգամավորն այս անգամ այդչափ ուղղակիորեն Կոնգրեսի քարոզչությանը չմասնակցի` իր անունն այդ քաղուժի հետ շատ չնույնացնելու համար: Այսուհանդերձ, Խ. Սուքիասյանի քաղաքական հայացքները, ըստ հավաստիացումների, չեն փոխվել, ու եթե ՀԱԿ¬ի հետ անցած ճանապարհին ինքն այդքան շատ կորուստներ կրած չլիներ, ապա կպահպանվեին նույնիսկ համագործակցության նախկին մեթոդները: