ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՄԱՆՐՆ ՈՒ ՄԻՋԻՆԸ,


Տուրք տալով նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին` Պետեկամուտների կոմիտեն բոլոր տնտեսվարողներին առաջիկայում ստիպելու է գործող ՀԴՄ ապարատները փոխարինել նորերով: Արժե ընդգծել, որ ՀԴՄ տպող մեկ սարքի միջին գինը 50 հազար դրամ է, և վերհիշել, որ հատկապես մանրածախ առևտրում ներգրավված մեր հայրենակիցները երբեմն-երբեմն ակցիաներ են կազմակերպել` բողոքելով, որ նշված գումարը վճարելու հնարավորություն չունեն: Հայտնի է նաև, որ նման սարքերի ներմուծմամբ զբաղվում են շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ (որոնք, բնականաբար, պատահական մարդկանց չեն պատկանում), և հարկայինի նոր պարտադրանքը այս բիզնեսին նոր շունչ ու մեծ շրջանառություն է հաղոդելու: Գործող ՀԴՄ¬ներն ըստ էության վեր են ածվելու անպետք սարքերի, իսկ Պետեկամուտների կոմիտեն հավատացած է, որ GPRS համակարգով աշխատող ապարատներն իրենց ցանկացած պահի հնարավորություն կտան հետևելու տվյալ տնտեսվարողի գործունեությանը: Իհարկե, միգուցե խոշոր տուգանքները շրջանցելու վախը ոմանց ստիպի օրվա ընթացքում ավելի հաճախ ՀԴՄ գործածելու: Բայց խնդիրն այն է, որ վերահսկողությունը մեծացնելու հնարավորությունը երաշխիքներ չի ստեղծում, թե տվյալ խանութը վաճառած բոլոր ապրանքների դիմաց է կտրոն տրամադրում, կամ հատկացվող կտրոնների վրա ամբողջ գնումների հանրագումարն է արտացոլվում... Իհարկե, չի բացառվում, որ ինչ¬որ ժամանակ հետո խանութներում տեսախցիկներ էլ հայտնվեն (իհարկե, տնտեսվարողի հաշվին), և այդ ժամանակ էլ հիմնավորվի, թե «ուղիղ եթերով» մարդկանց գործունեությանը հետևելն էլ է նպաստում ստվերի դեմ պայքարին: Պարբերաբար հրամցվող մեթոդները շարունակաբար նորանոր ծախսեր են պարտադրում: Սակայն ո՞րն է այսօրինակ նորարարությունների իմաստը: Թվում էր և ապացուցվեց, որ կտրոնների դիմաց քաղաքացիներին պարգևավճարներ տրամադրելը առևտրաշրջանառությունը վերահսկելու լավագույն եղանակն է: Սակայն դա կարծես չոգևորեց հարկայինին: Իսկ որ 15 ավտոմեքենաների խաղարկության նորամուծությունը չէր արդարացնելու կտրոններ պահանջելու շնորհիվ մուտքեր ապահովելու ակնկալիքը, ի սկզբանե էր հայտնի: Շարքային քաղաքացին էլ տեսնում է, որ ոչ մեկի այլևս չեն հետաքրքրում ՀԴՄ կտրոնները: Հարկայինի աչքից էլ դա չի կարող վրիպել, բայց հազիվ թե խոստովանեն, որ բոնուսների տրամադրումից հրաժարվելն անմտություն էր: Այս ձախողումից հետևություններ դեռ չկատարած` հիմա վերահսկիչ ՀԴՄ սարքերն են թարմացնում: Դրանից ի՞նչ է փոխվելու` բացի ՀԴՄ ներկրողների շահույթից: Կտրոն տրամադրողը նորից տրամադրելու է, չտրամադրողը` նորից «մոռանալու» է: Գնորդի համար էլ միևնույնն է: Բայց վերջնարդյունքում հերթական հարվածն է հասցվելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերի բարալիկ քսակին: