ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել Իսրայելին ռազմական աջակցության նպատակով տրամադրվող հատկացումները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը: Իսրայելի կառավարության ղեկավարը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, Վաշինգտոնը 25%-ով կավելացնի Իսրայելի անվտանգության համար նախատեսվող ֆինանսավորումը, ինչն առաջիկա 10 տարիների ընթացքում կգերազանցի 30 միլիարդ դոլարը: Էհուդ Օլմերթը նման հայտարարությամբ հանդես է եկել «New York Times» եւ «Washington Post» թերթերի հրապարակումներից հետո, որոնք, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրները, գրում են, թե Վաշինգտոնը պատրաստվում է մեծ քանակությամբ սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցի մյուս պետություններին` Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքի հետ կապված անհանգստությունների պատճառով: Թերթերը նշել են, որ սպառազինության վաճառքի հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով պատրաստվում են Պարսից ծոցի պետություններ մեկնել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Թերթերը նշել են նաեւ, որ բանակցությունների արդյունքում Սաուդյան Արաբիան կկարողանա ձեռք բերել «Օդ-օդ» դասի հրթիռներ, բարձր ճշգրտության կառավարվող ավիառումբեր, նոր ռազմանավեր եւ մոդիֆիկացնել իր կործանիչ ավիացիան: Նոր տեխնիկա եւ սպառազինություն ձեռք կբերեն նաեւ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Ըստ ամերիկյան աղբյուրների, այդ գործարքի իմաստը շիա Իրանի կողմից տարածաշրջանի համար աճող սպառնալիքի չեզոքացմանն ուղղված սուննի արաբական պետությունների զինված ուժերի ամրապնդումն է: n Թուրքիան պատրաստ է մտնել Հյուսիսային Իրաք անգամ Վաշինգտոնի հետ բախման գնով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի արտաքին հարցերով խորհրդական, «Արդարություն եւ զարգացումե (ԱԶԿ) կուսակցության պատգամավոր Էգեմեն Բաղըշը` ավելացնելով, որ դրա համար նույնիսկ մեկ ակնթարթ չեն վարանի եւ որեւէ մեկից թույլտվություն չեն վերցնի: Անգլիական «The Sunday Telegraph» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Էգեմեն Բաղըշը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ սկսել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ այն պատճառով, որ ԱՄՆ-ը չի միջամտում այդ հարցին. «Հուսով ենք, որ ստիպված չենք լինի դա անել: Հուսով ենք նաեւ, որ մեր դաշնակիցներն այդ հարցում կսկսեն իրականացնել որոշ քայլեր: Իսկ հակառակ դեպքում, մենք ունենք այլընտրանք»,- հայտարարել է Բաղըշը` հավելելով, որ «Եթե ձեզ չի օգնում ձեր դաշնակիցը, ապա դուք հարցականի տակ կդնեք կամ նրա հավատարմությունը, կամ հնարավորությունները»: «The Sunday Telegraph»-ը Էգեմեն Բաղըշի հետ հարցազրույցը հրապարակել է «Թուրքիան պատրաստ է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին եւ որսալ քուրդ խռովարարներին» խորագրով: Թերթը գրում է, որ Թուրքիայի նոր կառավարությունը PKK-ի սպառնալիքի դեմ պայքարելու համար պատրաստ է «երես թեքել» ԱՄՆ-ից: Անդրադառնալով Թուրքիայի նախագահական ընտրություններին` Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե ԱԶԿ-ն ամենայն հավանականությամբ որպես նախագահի թեկնածու կառաջադրի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:

Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ