Ո՞ՒՐ Է ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ


Անմիջապես կարող եմ պատասխանել` գահավիժում է դեպի…իսլամական հանրապետություն: Ապացույցը խորհրդարանական վերջին (վաղաժամկետ) ընտրություն ներն էին: Թուրքիայի քաղաքացիները հստակորեն արտահայտեցին իրենց կամքը` նախապատվությունը տալով վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իսլամամետ կուսակցությանը: Ընդսմին, 5 տարի առաջվա 34,4 տոկոսի փոխարեն կուսակցությունն ստացավ ընտրողների 46,7 տոկոսի ձայները և խորհրդարանական 550 մանդատներից նվաճեց 341-ը: Ընդդիմադիր ձախ-կենտրոնամետ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն» ստացավ քվեների մոտ 21 տոկոսը` 112 մանդատով: Աջ-ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցությունը 14,3 տոկոս քվեներով և 71 մանդատով դարձավ երրորդ քաղաքական ուժը, որը կարողացավ հաղթահարել 10 տոկոսի արգելապատնեշը և 8-ամյա ընդմիջումից հետո դարձյալ ներկայացված լինել խորհրդարանում: Ընտրությունների ամենամեծ անակնկալը, թերևս, անկախ պատգամավորների անվան տակ քրդամետ «Ժողովրդավարական հասարակության կուսակցության» 26 ներկայացուցիչների անցումն էր խորհրդարան: Այս փաստը թուրք մեկնաբանները ներկայացնում են իբրև այն բանի վկայություն, որ երկրի Ազգային մեծ ժողովում դարձյալ կհնչի ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում քրդական համայնքի ձայնը, և դա, իբր, «Թուրքիայի հետևողական ժողովրդավարացման արտահայտություններից մեկն է»: Ինչևէ, խորհրդարանական ընտրությունները լակմուսի թղթի նման բացահայտեցին թուրքական հասարակության մեջ քաղաքական ուժերի տեղաբաշխման իրական պատկերը: Եվ չի կարելի ասել, թե դա մխիթարական պատկեր է: Ինչու՞: Վարչապետ Էրդողանը մշտապես հայտարարել է, և ընտրություններից անմիջապես հետո կրկին հավաստեց, թե կառավարությունը հավատարիմ է մնալու Քեմալ Աթաթուրքի հռչակած աշխարհիկ պետության սկզբունքներին և Եվրամիությանն անդամագրվելու քաղաքական կուրսին: Կարելի՞ է նրան հավատալ: Եվ այո, և ոչ: Այո, որովհետև եթե Էրդողանը փորձի երկրի զարգացումը շեղել Աթաթուրքի նախանշած աշխարհիկության ուղուց և բացահայտ անցում կատարել դեպի իսլամական արժեքների գերակայության վրա հիմնված հանրապետության հռչակում (ինչը, վերջ ի վերջո, չի կարող չլինել նրա ղեկավարած իսլամամետ կուսակցության վերջնական ու գերագույն նպատակը), ապա իրեն կենթարկի Թուրքիայի աշխարհիկության հիմքերի պահապան բանակի կողմից գահընկեց արվելու, միգուցե նույնիսկ մահապատժի ենթարկվելու վտանգին (Թուրքիայի պատմության մեջ բանակի կողմից գահընկեց արված վարչապետին մահապատժի ենթարկելու դեպք էլ է արձանագրվել): Ոչ, որովհետև թուրքական հասարակությունը, փաստորեն, գահավեժ արագությամբ գնում է դեպի իսլամական արժեքներ: Մինչև ե՞րբ կարող է բանակը արգելք հանդիսանալ սեփական ժողովրդի իսլամիստական ձգտումներին: Ի վերջո, բանակն էլ հասարակության մաս է, և վաղ թե ուշ նա էլ կդառնա իսլամական ազդեցություն ներին ենթակա: Եթե նկատի առնենք, որ Եվրոպայի բացահայտ աջակցությունը վայելող Էրդողանին վերջին շրջանում հաջողվել է զգալիորեն թուլացնել բանակի գլխավոր սպայակույտի ազդեցությունը պետության մեջ, որովհետև այդ ազդեցությունը եվրոպական կառույցները համարում են երկրի հետագա ժողովրդավարացման դեմ ուղղված մեծագույն սպառնալիքներից մեկը, ապա կարող ենք ասել, որ Էրդողանի գլխավորած իսլամիստներն ու եվրոպացիները ձեռք-ձեռքի` փորձում են խորտակել այն հիմքը, որի վրա խարսխվում է թուրքական պետության աշխարհիկությունը: Իմ դիտումներով, եվրոպական կառույցները, ցանկացած պետության մեջ բանակի հսկայական քաղաքական ազդեցության հանդեպ իրենց միանգամայն հիմնավոր ված տագնապով հանդերձ, չեն գիտակցում մի հասարակ ճշմարտություն. Թուրքիան իր ստեղծման օրվանից երբեք նորմալ պետություն չի եղել և, չնայած ժողովրդա վարական փետրավորմանը, այսօր էլ մնում է ռազմաֆեոդալական բռնապետություն: Հանեք բանակը թուրք հասարակության քաղաքական համակարգից, և այդ պետության հասարակական կարգը պարզապես կփլուզվի: Պատահական չէ, որ 1938-ին, իր մահվանից առաջ, թուրք իրականության նոր Չինգիզ խանը` ծայրահեղ ազգայնամոլ Մուստաֆա Քեմալը, պետության քաղաքական համակարգի, այսինքն նրա աշխարհիկության պահպանման պատասխանատվությունը փոխանցեց ոչ թե իր իսկ հիմնադրած կառավարող կուսակցությանը, այսինքն քաղաքական ուժի, այլ` բանակին ու նրա գլխավոր սպայակույտին` ռազմակա°ն ուժին: Աթաթուրքից համարյա 70 տարի անց տեսնում ենք, որ երկրի իսլամացման վտանգը շարունակում է մնալ թուրք պետության աշխարհիկ գոյության գլխավոր սպառնալիքը: Եվ բանակը, նրա գլխավոր սպայակույտը դեռևս մնում են այդ վտանգի դեմ արդյունավետ գործող միակ պատնեշը: Թուրքական պետության ներսում բանակի քաղաքական ազդեցության կատարյալ չեզոքացումը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե երկիրը լիովին որդեգրի եվրոպական ժողովրդավարական ու քաղաքակրթական արժեքները: Խորհրդարանական ընտրությունները ակնառու կերպով ցույց տվեցին, որ թուրք հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ ու չի հասունացել եվրոպական արժեքային համակարգով ապրելու համար, այլև իր մեծամասնությամբ կատարելապես դեմ է այդ արժեքներին: Ամենևին չեմ ցանկանում դատափետել իսլամիզմը, համարել ինչ-որ անընդունելի կամ «վատ» բան: Իրենց իրավունքն է, ուզում են` թող իրենց պետության մեջ իսլամիստական արժեքներին գերակայություն տան: Բայց չեմ կարող չնկատել, որ իսլամիստական տրամադրությունները գործնականում անհամատեղելի են եվրոպական արժեքներին, եվրոպական ժողովրդավարության չափանիշներին: Չպետք է խաբվել այսօրվա Թուրքիայի ժողովրդավարական փետուրներից: Բուն Թուրքիան ո°չ եվրոպականացած Ստամբուլն է, ո°չ Անկարան, ոչ էլ միջազգային զբոսաշրջության կենտրոնների վերածված ծովափնյա առողջարանները: Բուն Թուրքիան ծայրագավառն է` իր դարավոր հետամնացությամբ, իր ազգային ավանդներին, այդ թվում բիրտ ու բարբարոս ավանդներին կառչած, ազգային բացառիկության հաշիշով ու կրոնախևության մոլուցքով մթագնած ուղեղներով առաջնորդվող իր տասնյակ ու տասնյակ միլիոնավոր քաղաքացիներով: Իսլամական արժեքները այդ տասնյակ միլիոնավոր հետամնաց զանգվածներին բառացիորեն վտանգավոր են դարձնում մնացյալ աշխարհի համար, ա°յս է խնդիրը: Որովհետև ինչպես 100 կամ 500 տարի առաջ, այնպես էլ այսօր Թուրքիայի ամեն մի կիսագրագետ կամ խելագար մոլլա կարող է արյունռուշտ վայրագությունների հրահրել իր տասնյակ ու միլիոնավոր մոլեռանդ հավատակիցներին: Այդպիսի հետամնաց ու մոլեռանդ բնակչություն ունեցող պետությանը Եվրամիություն քարշ տալը անձամբ ես խելահեղություն եմ համարում: Փառք Աստծո, միայնակ չեմ իմ այդ տեսակետի մեջ, եվրոպական շատ պետությունների ղեկավարներ նույնպես այդ վտանգը տեսնում են: Քանզի միամտություն է հավատալ, թե Եվրամիությանն անդամագրվելով` Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի, նույնիսկ` վերահսկելի, և այդպիսով կդադարի ուրիշների, այդ թվում հայերիս համար վտանգի աղբյուր հանդիսանալ: Ցավոք, մեզանում այդ տեսակետն ունեցող մարդիկ էլ կան: Նրանք մնում են ՀՀՇ-ի գաղափարական մոլորության` Թուրքիայի քաղաքակրթվածության, նրա հանդեպ ավելի հանդուրժող կեցվածք որդեգրելու, նրա եվրոպական ապագային հավատալու պատրանքների գերին: Ավա¯ղ, կյանքը ցույց է տալիս, որ հին թուրքն այսօ°ր էլ մնում է նույն թուրքը, նրա քաղաքակրթման ընթացքը չափազանց դանդաղ է, հասարակության մարդեղենացման գործընթացը` ավելի ևս դանդաղ: Ենթադրել, թե Եվրամիության անդամ դառնալով` Թուրքիան, իբր, ստիպվա¯ծ կլինի իրեն մաքրել հին կեղտերից, ըստ իս, ինքնախաբեություն է: Հիշեցնեմ, որ եվրոպականացած էին նաև 1915-ի Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրագործած երիտթուրքերը: Իսկ հայակեր սուլթան Աբդուլ Համիդը, պատկերացնու՞մ եք, ֆրանսերեն էր խոսում և Շեքսպի¯ր էր սիրում` զրույցների ժամանակ հմայելով եվրոպական արքունիքների բարձրաշխարհիկ տիկիններին… Կարծում եմ, Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները նախ և առաջ լուրջ մտորումների տեղիք պիտի տան Եվրոպային, Միացյալ Նահանգներին, Թուրքիայի բոլոր դաշնակիցներին ու բարեկամներին: Նրանք պիտի իրենց հաշիվ տան, թե ու՞մ քաղաքակրթվելու հեքիաթին են հավատում և ու՞մ են սատարում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ