Ապրե¯լ, ապրե¯լ, այնպե°ս ապրել…


Ապրել այնպես, որ անցած ու եկող տարիների հանրագումարը արժանապատիվ լինի, ապրել այնպես, որ քո կողքին, քեզ հետ, քեզնից հեռու գտնվող քո հարազատները, մտերիմները, քեզ ճանաչող ու շրջապատող մարդիկ հպարտությամբ խոսեն քո մասին… Այսպես չե°ն որոշում ապրել, այսպիսին` ծնվում են, այսպիսին աշխարհ են գալիս ի վերուստ, որպեսզի` «Լինե°ս, մնա°ս ամենքի հետ, Նրանց կամքին հպատակվես, «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ, Նրանց ցավով լուռ տապակվես…»: Այսպես է ապրել իր ողջ կյանքը ճանաչված մանկավարժը` Մերուժան Սարգսյանը: …Թիթլիսի վիլայեթից եկող նրա արմատները շատ ամուր ու ազնիվ են եղել, որոնցից էլ ընձյուղվել ու հետո կաղնիացել է պատմաբան-մանկավարժը: Իր ծննդավայր Ապարանի սառնորակ աղբյուրների՞ց, արարչագործ բնությունի՞ց, թե՞ արդար ու շիտակ Գարսևան հորից ու Վարդեր մորից է ժառանգել իր խորիմաստ, փիլիսոփա էության առեղծվածը: …Ծխախոտի մշուշոտ քուլաների միջից մի թեթև, բայց երանելի ժպիտ է գծագրվում շուրթերին, երբ հիշում է իր անցած երկար ճանապարհը, իր սաներին, որոնցից շատերն այսօր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև աշխարհի տարբեր ծագերում կայացած ու լուրջ մասնագետներ են: Ապարանի շրջանի Սաչլու (այժմ` Նորաշեն) գյուղում առաջինն էր, ով բարձրագույն կրթություն ստացավ, առաջին ուսուցիչն էր` բարձրագույն կրթությամբ: Հետո սկսվեցին մանկավարժի նվիրումի տարիները` Ապարանի շրջանի Երնջատափ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ուսմասվար, դիրեկտոր, Երևանի թիվ 93 դպրոցում` պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցիչ, թիվ 92-ում` պատմության ուսուցիչ, համատեղ` ՀՀ ԿԳ նախարարությունում Երևանի տարածքային տեսչության տեսուչ: Դափնիները իրենք եկան ու գտան նվիրյալ մանկավարժին` Ավագ ուսուցչի պատվավոր կոչում, Ստեղծագործող ուսուցչի կոչում, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալ, պատվոգրեր, իսկ ամենից կարևորը` երախտագիտության խոսքեր: …Եվ այս ամենի հետ, այս ամենով հարուստ, այս ամենի կողքին` ինքը խաղաղ, թվացյալ անվրդով, հոգում` փոթորիկներ, ինքը` հավասարակշռված ու զուսպ, համեստ ու արժանապատվորեն է տանում իր թանկ բեռը, իր կոչումը` մանկավարժ, պատմաբան: Կռիվ ունի պատմության հետ, կռիվ ունի անարդարությունների դեմ, բայց ամեն մի կռիվ, ամեն մի չնետած քար Ապարանի իր հայրական տան այգում մի ծառ է դառնում, որ պիտի ջրի իր` Արմեն, Լուսինե ու Մերուժիկ թոռների հետ, հետո պիտի բերք ու բարիք հավաքի իր երկրորդ կեսի` մանկավարժ կնոջ, հայոց պատմության էջերից ասես հրաշքով վեր հառնած ազնվածին հայուհու` տիկին Լուսիկի հետ: Արտակ, Արա որդիները, Այծեմնիկ դուստրը, Էլյա ու Անահիտ հարսները պիտի հանդիմանեն հոգատարությամբ` «Հայրի°կ, մի քիչ հանգստացի°ր, առջևում սեպտեմբերն է, նոր ուսումնական տարին…»: Իսկ ինքը միայն պիտի ժպտա ու չպատասխանի. ախր ո՞նց ասի, որ կռիվ ունի հոգու խորքում և խռովք ունի պատմության դեմ, անարդարությունների դեմ, հային բաժին հասած դաժան բախտի դեմ ու իր` պատմաբանի տեսանկյունից «դեռ ինչքա¯ն ջանք է հարկավոր թափել այս մի բուռ քարեղեն հողում…»: Խռովք ունի, կռիվ ու վեճ ունի, ու էդ խռովքը, կռիվն ու վեճը պիտի կիսի ծառի հետ, հողի° հետ, իր պահած մեղուների հետ… Ինքը ճաշակել է թե° փառքի քաղցրությունն ու բերկրանքը (եղել է շրջխորհրդի պատգամավոր, կուսակցական ղեկավար պաշտոնում, դպրոցի տնօրեն), թե° դավերի ու խարդավանքների դառնությունը, բայց միշտ եղել է խոհեմ, համբերատար, պատմության դժնդակ քառուղիներում կոփված իր ժողովրդի նման` իմաստուն: Այսպես էլ կրթել է իր զավակներին, իր սաներին, ուսանողներին` կերտելով նրանց ներաշխարհը ազնիվ, անկաշառ, լավ մարդու և լավ մասնագետի համադրումով: Այսպես եղել է, այսպես շարունակվում է և շարունակվելու է Մերուժան Սարգսյան մարդու, մանկավարժի, հոր, ամուսնու, պապիկի կյանքն ու մանկավարժական գործունեությունը: …Վաղը խնջույք կլինի Սարգսյանների հարկի ներքո, կնշեն Մերուժան Սարգսյանի ծննդյան տարելիցը, որը մի մասն է հայի պատմության ու մեր ապրած կյանքի:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ