23-րդ «զավակը»


«Կիրակի». այսպես է խորագրված Մերուժանի բանաստեղծությունների նորատիպ ժողովածուն, ուր ամփոփված են հեղինակի` տարբեր տարիներին տպագրված և անտիպ հայրենասիրական ու քնարական ստեղծագործությունները: Ինքնատիպ այս գրքույկը բանաստեղծի 23-րդ «զավակն է», որը կարծես ամբողջացնում է հեղինակի հույզերը և հենց իր` Մերուժանի ձևակերպմամբ` կարող է համարվել հասուն վիճակների ամփոփագիր: - Որոշեցի «Կիրակի» խորագրել այս խորհրդավոր ժողովածուն, քանզի նրանում ամփոփված են իմ գունազգացողությամբ պատկերված բանաստեղծական կտավների ներքին էությունը ներկայացնող երանգներ: Այստեղ, թերևս, ուշադրության արժանի լինեն նաև իմ երաժշտական զգացողությունն արտահայտող ստեղները, որոնց վրայով անցնելով` փորձել եմ ներդաշնակել իմ հոգու նվագները: Մնում է ավելացնեմ իմ կանխահայտ շնորհակալությունը քեզ, ընթերցող` եթե քո շահախնդիր ժամանակը պիտի զոհաբերես կարդալու մելամաղձոտ և կենսաշող հոգեվիճակներում շարահյուսված այս «Կիրակին»,- ասում է Մերուժանը: Գրքում յուրահատուկ սյուժետային խորհրդանիշ է կրում մի բանաստեղծություն, որն իր մեջ բովանդակում է գրքի ներքին էությունն ամբողջությամբ` Անշարժ է օրր ամռան, օրր` կիրակի, Եվ արևի ցնցուղից թափվող կրակի Բոցն է հրդեհ բռնկում հուլիսի շոգին, Եվ շիկնում է հողր` հանց վավաշոտ մի կին, Որի կրծքից տենդաշող ելնում են բոցեր Ու չես կարող կարոտած աչքերդ բացել: Այսպես բազում կիրակի, բազում տարիներ Կանցնեն, բայց դու կվառվես անշեջ, Կարինե, Կին, որ այրող ես, ինչպես ամռան կիրակին, Եվ չես թողնում մոտենալ հոգուդ կրակին: Կարդալով ժողովածուն, ընթերցողը կարող է ամբողջապես ընկալել Մերուժան բանաստեղծի ներաշխարհն ու բանաստեղծական խոսքի ողջ էությունը:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ