Ճակատագրին ընդառաջ


ՀՀ ՆԳ ուսումնական կենտրոնի երկաթյա հսկա դարպասներից ներս էին մտնում` զինվորական դաշտային համազգեստներով, շարքային և հիմնականում միլիցիայի սպայակազմի կամավորական խմբերը, որոնք ներկայացել էին ՀՀ ՆԳ բոլոր բաժին-բաժանմունքներից: 1988 թվականը հիշեցնող ազգահավաք հայտնի շեփորականչից հետո անցկացվեց գործուղման մասնակիցների ներկա-բացական: ՆԳ նախարարության ղեկավարութ յունը ներկայացնող գնդապետ Աշոտ Գրիգորյանը, գնդապետ Սամվել Սաֆարյանը, փոխգնդապետ Գագիկ Մինասյանը, նախարարության այլ աշխատակիցների հետ մեկ առ մեկ ստուգելով տղաների գործուղման թերթիկները, նշանակում էին դասակների և ջոկերի հրամանատարներին, համալրում էին դասակներն ու ջոկերը: Նրանք, անձամբ ճանաչելով բոլորին մեկ առ մեկ, կարողանում էին հստակ նոր նշանակումներ կատարել, ոտքի վրա ձևավորել հավաքական գումարտակը, որի նպատակն էր անառիկ պահել հանրապետության սահմանները, հարկ եղած դեպքում մասնակցել մարտական գործողություններին: Պատերազմական գործողությունների կիզակետում էր գտնվում Գորիսի տարածքը: Գումարտակի հրամանատարը դեռ հայտնի չէր: Նշանակվեց անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ` պետավտոտեսչության աշխատակից, կապիտան Արամ Այվազյանին, իսկ թիկունքի գծով տեղակալ նշանակվեց կապիտան Լևոն Մուրադյանը, որին շատ լավ էին ճանաչում փոխգնդապետ Մինասյանն ու գնդապետ Սաֆարյանը: Վերջինս հիշեցրեց, որ 1988 թ. երկրաշարժի ծանր օրերին իր դասակով բարեխիղճ ծառայությամբ աչքի էր ընկել կապիտան Մուրադյանը. «Եթե չեմ սխալվում, լեյտենանտ էիր, այդպես չէ¯»,- ասելով` դիմեց Մուրադյանին: - Ճիշտ այդպես, պարոն գնդապետ: - Հիշո՞ւմ ես բժիշկ վրացու անեկդոտը: - Հիշում եմ,- տխուր շունչ քաշեց Մուրադյանը և մտովի տեղափոխվեց Սպիտակ, այն դաժան օրերի ողբերգական մի տեսարան: Մի դժբախտ հայր, որը կորցրել էր իր կնոջն ու երեխային, երկար փնտրտուքներից գտել էր` ավերված դպրոցի ավերակների միջից իր տղայի դպրոցական օրագիրը, խենթացած խեղճ հայրը, երեխայի օրագիրը ամեն մի պատահած մարդու ցույց էր տալիս և ավելացնում. «Իմ տղայինն է, գերազանցիկ է, մի տես նրա գերազանց գնահատականները…,- ասես որդուն կենդանի էր գտել: Այդ օրագիրը օրվա մեջ մի քանի անգամ ցույց տվեց Մուրադյանին և ապա` Սաֆարյանին,- հասկանո՞ւմ եք, նա չկա, ման եմ գալիս, նա չի կարող չգալ, հասկանո՞ւմ եք, ես գտնելու եմ նրան, կինս էլ չկա, երևի տղայիս է փնտրում, գնամ, որ շուտ գտնեմ, նրանք սպասում են ինձ»: Մուրադյանը ողջ գիշեր չկարողացավ հանգստանալ, վրանը, որտեղ գիշերում էին Սաֆարյանն ու Մուրադյանը, այդ գիշեր նրանց հյուրն էր նաև վրացի բժիշկ հոգեբանը` միլիցիայի աշխատակիցների հետ միասին: Նա դուրս եկավ վրանից, որ ոչ ոք չտեսնի իր դառնաղի արցունքների անզուսպ հոսքը. այդ տեսակ դաժան տեսարաններն ասես երազի, դաժան և չվերջացող երազի տեսք ունեին: Վրանի ետնամասում նա այլևս չկարողացավ պահել իրեն, հեծկլտում էր մթության մեջ, երբ մի ձեռք շոյեց նրա թիկունքը. - Դիմացի°ր , տղա°ս, դիմացի°ր,- մենք իրավունք չունենք չդիմանալու,- հուսադրում էր Սաֆարյանը` կուլ տալով իր արցունքները, իր կրտսեր աշխատակցին ու ընկերոջը ոգեկոչելու ջանքեր գործադրելով: Նրանք ներս մտան, վրացին վրանի կենտրոնում տեղադրված սեղանի մոտ հրավիրեց` աթոռներ հրամցնելով. - Նստե°ք,- դիմեց Սաֆարյանին և Մուրադյանին: - Տեսնենք` մեզ ի՞նչ է ասում մեր վրացի բարեկամը,- ասելով նստեց: Վանո Տրապաիձեն առավոտ շուտ Սպիտակում էր, նա իր սեփական միջոցներով, քառասուն լիտրանոց երկու կաթսաներով Վրաստանից խաշլամա էր բերել և վրացական պուրե-հաց, իր «Նիվա» ավտոմեքենայով շտապել էր Սպիտակ` չարաբաստիկ լուրն առնելուն պես: Սպիտակ գոգնոցը հագին ժողովրդին բաժանեց ողջ կաթսաների պարունակությունը և իր բանակի մի ընկերոջ անունն էր տալիս, որին այդպես էլ չկարողացավ գտնել: Չափազանց զվարճախոս էր և ազնվագույն մարդ, զգացվում էր, որ լավ բժիշկ էր և լավ հոգեբան: - Բոլորդ մոտեցեք, մի անեկդոտ եմ պատմելու, հաստատ լսած չեք լինի,- լուրջ տեսք ընդունելով շարունակեց,- մի ճապոնացի, մի հայ, մի վրացի և մեկ ադրբեջանցի գնացք են նստում, բնական է, միևնույն կուպեում: Ճապոնացին, ճապոնական «Նորագյույ» ձայնագրիչից հաճելի երաժշտությունը լսելուց անմիջապես հետո, սլացող գնացքի պատուհանից դուրս է նետում ձայնագրիչը: Հայը, վրացին ու ադրբեջանցին նախատում են, թե` ինչո՞ւ նետեցիր ձայնագրիչը: Ճապոնացին պատասխանում է. - Մեզանում չափազանց շատ կա դրանից: Հայը ճամպրուկից հանում է հայկական «Ախթամար» կոնյակը, մի լիքը բաժակ լցնում և խմում է կոնյակը ու գրեթե լիքը շիշը դուրս է նետում գնացքի պատուհանից: Իրեն հառած ապշած հայացքներին պատասխանում է. - Մեզանում չափազանց շատ կա դրանից: Վրացին խեթ-խեթ նայում է ադրբեջանցուն և ապա նրան դուրս նետում սրընթաց գնացքի բաց պատուհանից: Երբ ճապոնացին ու հայը զարմացած նայում են վրացուն, նա ուսերը վեր քաշելով ասում է. - Նրանցից մեզանում չափազանց շատ կան: Իհարկե, «նրանցից չափազանց շատ կան» արտահայտությունը ասվեց ռուսական խոսքի հայհոյական արտահայտությամբ: Բոլորն էլ լիաթոք ծիծաղում էին: Վրացի բարեկամը հասել էր իր նպատակին, նրանց բոլորին այդ պահին ծիծաղ էր պետք, մի քիչ ծիծաղ` և այն տեղի ունեցավ: Սաֆարյանն ու Մուրադյանը իրար աչքերի մեջ մի քիչ երկար նայեցին, չհաշված վայրկյաններում վերապրեցին դառն ու դաժան օրերի անմոռանալի ցավն ու ժպիտը: ՆԳ նախարարության աշխատակիցները շնորհավորեցին նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարներին` Այվազյանին և Մուրադյանին, ապա հրամայվեց անձնակազմին զենք ու զինամթերք ստանալու սահմանված տեղերում, սահմանված կարգով: Այնուհետև գումարտակի հրամանատարությունը հրավիրվեց ՆԳ նախարարի մոտ խորհրդակցության: Խորհրդակցությունից հետո մինչև մեկնումը յուրաքանչյուրն անցավ իր գործին: Կապիտան Մուրադյանը ձևավորեց իր` թիկունքի դասակը հիմնականում խոհարարնե րով: Վիթխարահասակ շտաբի պետը` մայոր Միշա Ապանյանը, իր կողմից մի մարդու ներկայացրեց խնդրանքով, թե` հայրենասեր, կարգին մարդ է, տարիքն առած, չկարողացանք նրան ետ ուղարկել, վերցրեք ձեզ մոտ, գոնե լավ խորհրդատու կարող է դուրս գալ: Նոր ընկերը ոչ միայն տարիքն առած էր, այլև շատ խոշոր էր արտաքնապես և շատ դանդաղաշարժ: Թեև նոր մարդը Մուրադյանի սրտովը չէր, դրությունից ելնելով, ցուցակում գրեց նրա անուն-ազգանունը, նրա բոլոր տվյալները: - Պարոն Մուրադյան, նախարարության տեսուչներից մեկը ձեզ էր փնտրում: Ինձ հանձնարարեց, որ ձեզ ներկայացնեմ այս երիտասարդին, անունը Հակոբ է,- ասաց բարետես սպան` մոտ հրավիրելով անվանատիրոջը` Հակոբին: - Հակոբ, ինչո՞ւ ես կռացած քայլում,- հարցրեց Մուրադյանը: - Չգիտեմ, մի ամսից ավելի է` այս վիճակում եմ: - Դիմիր բժշկի, այդ վիճակում քեզ ոչ ոք չի վերցնի, կլավանաս, այն ժամանակ խնդիր չի լինի: Բարետես սպան, որ ներկայացրեց Հակոբին, վրա բերեց, թե` այդ վիճակում նա հաճախ է հայտնվել, շուտ կանցնի, այ, կտեսնեք և ամենակարևորը` շատ լավ հաշվապահական տվյալներ ունի, ձեզ պահեստապետ պետք չի՞: - Մենք մասնակցելու ենք բոլոր տեսակի սպասվելիք և անսպասելի գործողությունների, այդ վիճակում նա ի՞նչ կարող է անել, բացի այդ, տասներկու մարդու փոխարեն տասներեքն են արդեն: Հեռվից նկատելով Մուրադյանի շուրջը հավաքվածներին` նրանց մոտեցավ փոխգնդապետ Մինասյանը: - Հը, ի՞նչ աղմուկ է, տղաներ: - Ասում են, որ այս հիվանդ մարդուն վերցնեմ ինձ մոտ, իսկ ինձ մոտ արդեն տասներեք մարդ կա, եթե շատ է ուզում, թող այլ դասակներում ներգրավվի: - Ոչինչ, Հակոբին վերցրու ձեզ մոտ, եթե չի արդարացնի` կփոխենք, առողջական վիճակը վատանալու դեպքում` ետ կուղարկենք: - Նա լավ պահեստապետ կարող է լինել, այ, կտեսնեք,- վրա բերեց սպան: - Քիչ հետո գնալու եք անձնակազմի համար սնունդ և այլ պարագաներ ստանալու, փորձի°ր, ի՞նչ կա որ…,- ասաց Մինասյանը` գլխով դրական նշան անելով: Կապիտան Մուրադյանը նրա անունը դժկամորեն գրեց իր ցուցակում և բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ մի քանի րոպեից մեկնելու են նախարարություն, երկու բեռնատար մեքենաներ իրենց են սպասում, որ բեռնավորեն իրենց հասանելիք սննդամթերքն ու այն ամենը, ինչը իրենց համար նախատեսված է: - Պարոն Մուրադյան, այ, կտեսնեք, որ ամեն ինչ գերազանց կլինի, ուշադրություն մի դարձրեք մեջքիս, համոզված եմ, որ մեկ-երկու օրից կդզվի: Նախատեսված ժամին սննդով բեռնավորված ավտոմեքենաներն արդեն պատրաստ վիճակում էին: (Շարունակելի)