Անխուսափելի պատիժ


 

Անցյալ տարվա ամռանը հասարակական մեծ հնչեղություն ստացավ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական այն դեպքը, երբ հիվանդի տանը մահացել էր նրան բուժօգնություն ցույց տվող շտապօգնության 65-ամյա բժիշկը:

Բժշկին, ուշ տեղ հասնելու պատճառաբանությամբ, դաժանաբար ծեծելով սպանել էր տանտիրոջ 28-ամյա որդին:

Դեպքից հետո բուռն քննարկումներ եղան մամուլում և սոցիալական ցանցերում, բոլորը դատապարտում էին այդ հանդուգն ու բարբարոսական արարքը: Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկը հավատարիմ էր մնացել Հիպոկրատի բժշկի երդմանը և անգամ ծեծված վիճակում շարունակել էր բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

Եվ ահա կատարվածից մեկ տարի անց, օրերս, համանման մի դեպք էլ արձանագրվել է մայրաքաղաք Երևանում, որը, միայն երջանիկ պատահականությամբ, ողբերգական վախճան չի ունեցել:

Շտապօգնության թիվ 5 ենթակայանի բժշկուհուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի բնակարանում ծեծի են ենթարկել բժշկին:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ի սահմաններում Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի թիվ 12 շենքի վերելակում, այնուհետև 9-րդ հարկի հարթակում, նույն շենքի թիվ 39 բնակարանի բնակիչներ, եղբայրներ` 27-ամյա Արտաշես և 22-ամյա Սերգեյ Հակոբյանները, վիճաբանել են իրենց տուն կանչով մեկնած շտապօգնության ենթակայանի հերթապահ-բժիշկ, 39-ամյա Մուրադ Գ.-ի հետ: Վիճել ասվածը շատ մեղմ է նրանց պահվածքի համար. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել բժշկին` մարմնի տարբեր մասերում վնասվածքներ պատճառելով:

Եղբայրները բերման են ենթարկվել բաժին: Երբ նրանց հիշեցրել են մեկ տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած հրեշավոր դեպքի մասին, պարզվել է, որ նրանք նույնպես տեղյակ են եղել կատարվածից, ավելին` ընտանիքով դատապարտել են այդ անմարդկային արարքը: Իսկ իրենց համանման անսանձ վերաբերմունքը երիտասարդները վերագրել են տաքարյունությանն ու այդ օրվա խմածությանը: Սթափվելուց հետո զղջացել և ներողություն են հայցել տեղի ունեցածի համար:

Հանցանքի և մեղքի գիտակցումը կարևոր հանգամանք է մարդուն դարձի բերելու ճանապարհին, ուրեմն` դեռևս ամեն ինչ կորած չէ: Իսկ օրենքը շրջանցածին վերափոխելու արդարամիտ ուղին ոչ թե հույզերով առաջնորդվելն է, այլ հանցանք կատարածին համարժեք պատժի ենթարկելը, որպեսզի մարդը մեղքերը քաված և վերափոխված վերադառնա հասարակություն:

Կարծում ենք, կոնկրետ այս դեպքում, հենց նման վերաբերմունքի էլ արժանի են բժշկի վրա ձեռք բարձրացրածները: