ԿԵՍԲԵՐԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ


 

Արդեն մի քանի օր է` խոսակցություններ են ծավալվում, թե Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում. նրանք կասկածվում են կաշառակերության մեջ: Բուհում չհերքեցին այս լուրերը, անգամ շատ հանգիստ հաստատեցին, որ «խնդիրներ ունեն իրավապահների հետ»:

Այսինքն, ընդամենը «խնդիրներ»: Բուհի ղեկավարության կեսբերան հաստատումն ապացույցն է այն իրողության, որ պարզապես «խնդիրներ» չեն, այլ լուրջ հանգամանքներ, որոնք ամեն կերպ աշխատում են այստեղ «ծածկադմբոցի» վերածել:

Ասենք, որ այս ամենը խիստ զայրացրել է հատկապես նկարիչներին ու քանդակագործներին, ովքեր մեզ հետ ունեցած զրույցներում պատմում էին, որ իրենք վաղուց էին լսել կաշառակերության մասին, այն մասին, որ հաճախ ոչ ազնիվ ճանապարհով են մարդիկ բուհ ընդունվում: Իսկ արվեստի կրթություն ստանալու համար կաշառք տալը նրանք համարում են անբարոյականություն… Իհարկե, անբարոյականություն է, բայց դե ոմանք հենց այդ ճանապարհով են հարստանում` արվեստ բերելով կատարյալ ապաշնորհների: