Հայ «մտավորականն» ու քաղաքակիրթ թուրքերը

«Հատուկ հայրենասերների համար.


 

Երեկ գնացել էի Սևան: Գարշահոտություն, մոծակներ, աղբ: Փառք Աստծո, Վանա լիճն ավելի մտահոգ ու ցիվիլ ձեռքերում է»:

Դժվար է հավատալ, որ մտքի այս աննախադեպ թռիչքի հեղինակը հայ մարդ է: Ավելին` մտավորական համարվող: Վերջին շրջանում իր ազգափնով ճամարտակումներով աչքի ընկած դերասան Սերգեյ Դանիելյան-Յոժի խոսքերն են, որ օրեր առաջ տեղ գտնելով համացանցում` մեր շատ հայրենակիցների վրդովմունքն ու ցասումն էին առաջացրել: Այս վայ-մտավորականը, փաստորեն անմաքուր ձեռքով քչփորելով մեր մեկդարյա ցավն ու բաց վերքը, ոտնատակ է տալիս ու վիրավորում ոչ միայն իր նշած հայրենասերների, այլ մի ամբողջ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու զգացմունքները: Եվ դեռ փառք է տալիս Բարձրյալին, որ Վանա լիճը եղեռնագործ «ցիվիլների» ձեռքում է:

Սևանա լճի խնդիրների շուրջ մտահոգությունն օրինաչափ կլիներ, սակայն նրա չարախնդումը հեռու է մտահոգությունից:

Հետաքրքիր է` նույն Սերգեյ Դանիելյանը երբևէ փորձե՞լ է իր ուժերի ու կարողությունների շրջանակներում որևէ գոնե պահանջ հնչեցնել Սևանն աղտոտողների կամ լիճը չմաքրողների դեմ: Թե՞ ավելի դյուրին է չարախնդալն ու հայրենիքի համար դեռ ցավողներին հունից հանելը` այն էլ համակարգչի առաջ նստած: Երևի «մոռացել» է, որ եթերային Ջեմիկի անհամուհոտ կերպարը մարմնավորելուց և թուղթ ուտելուց զատ այլ անելիքներ էլ կարող էր ունենալ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. մեկ ամսից էլ քիչ ժամանակ է անցել նրա նախորդ հայտարարությունից. «Երբ Հայաստանից մտնում ես Վրաստան, արժանապատվությունդ գետնին ա հավասարվում: Ամոթ, հազար ամոթ մեզ: Հենց սահմանին զգում ես գեղցիությունդ: Մի օր հոդված եմ գրելու, ազգայնականները լեզուները կոխեն...»:

Դե, եթե մարդը զգում է սեփական գեղցիությունը ու խոստովանում, դա իր արժանիքն է, սակայն ազգային արժանապատվություն վիրավորելու բարոյական իրավունքը ոչ ոք չունի:

Հետաքրքիր է` որևէ մեկին հաճոյանալո՞ւ, թե՞ սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու խնդիր ունի Սերգեյ Դանիելյանը: Այլապես անհասկանալի է նման կեցվածքը, անընդունելի է ամբողջ մի ազգ սրի քաշողին «ցիվիլ» համարող «հայը»: Ճանապարհները բաց են. իր նման մտածողների հետ ինչո՞ւ չի գնում առավել քաղաքակիրթ միջավայրում ինքնահաստատվելու: Իսկ մենք արդյո՞ք նման «մտավորականի» կարիքն ունենք:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ