Առաջնորդներն իրենց գրպանով են օգնում


 

Եվրամիության` ֆինանսական խնդիրներ ունեցող պետությունների երկրների ղեկավարներից արդեն շատերը որոշել են բյուջեին օգնել` սեփական աշխատավարձերը նվազեցնելով:

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ընդհանրապես հրաժարվել է աշխատավարձից: Նա կարող է նման վեհանձնություն թույլ տալ, որովհետև որպես ցմահ սենատոր` տարեկան ստանում է 211 հազար եվրո:

Իռլանդիայի վարչապետ Էնդի Քեննին իր տարեկան աշխատավճարից բյուջեին նվիրաբերել է 14 հազարը (214 հազարի փոխարեն կստանա 200 հազար եվրո): Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ելիսեյան պալատ մուտք գործելու պահից սեփական պետվարձատրությունը նվազեցրել է 30 %-ով (մինչև 150.000 եվրո):

Հունաստանի նորանշանակ վարչապետ Անգոնիս Սամարասը ևս նման խոստում է տվել ժողովրդին` չնշելով սակայն զոհաբերելիք գումարի չափը: Հավանաբար նա աշխատավարձ ստանալու է ոչ թե եվրոյով, այլ դրահմով:

Իսկ ահա գերմանուհի կանցլեր Անգելա Մերկելին, ում երկիրը հաջողությամբ պայքարում է ճգնաժամի դեմ, հաճելի անակնկալ է սպասվում. կառավարությունը որոշել է առաջատար պաշտոնյաների վարձաչափերի եռափուլ բարձրացում` 5,7 %-ով: Հետին ամսաթվով` մարտի 1-ից աշխատավարձերն աճել են 3.3 տոկոսով, իսկ 2013 թ. հունվարի 1-ից ու օգոստոսի 1-ից դրանք կավելանան ևս 1.2+1.2 տոկոսով: Անձամբ Մերկելի դրամապանակը կհամալրվի լրացուցիչ 12,5 հազար եվրոյով:

Ի ԴԵՊ. 2011 թ. Բարաք Օբաման տարեկան վաստակում էր 400 հազար դոլար (327 հազար եվրո), որն 80 հազար եվրոյով պակաս է Շվեյցարիայի նրա պաշտոնակից Էվելինե Վիդմեր-Շլումպֆի աշխատավարձից: Փոխարենը Ամերիկայի նախագահն ընտանյոք հանդերձ անվճար ապրում են Սպիտակ տանը, իսկ շվեյցարացի առաջնորդը` Բեռնում վարձակալած բնակարանում:

2011 թ. Ռուսիո նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձը կազմել է 3.371 մլն ռուբլի (84.3 հազար եվրո): Իսկ Պուտինը վարչապետի պաշտոնում ստացել է 91.3 հազար եվրոյին համարժեք 3,662 մլն ռուբլի:

Անհամեմատ արագ է աճում Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդի աշխատավարձը: Վերջին 3 ամիսների ընթացքում այն կրկնապատկվել է` դառնալով 507 հազար դոլար կամ 414,5 հազար եվրո: Նրանից փոքր-ինչ «հետ է մնում» Քենիայի վարչապետ Ռաիլա Օդիանգան` 350 հազար եվրո տարեվաստակով:

Իսկ ահա իր աշխատավարձով աշխարհում ամենահարուստը Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունն է` տարեկան 1,7 միլիոն դոլար կամ 1,4 մլն եվրո վաստակով: