Ասֆալտապատում


 

Իրոք, հաճելի է բարեկարգված փողոցներով երթևեկելը: Այս հարցում քաղաքապետարանն իսկապես դրվատանքի է արժանի. Երևանում հերթով վերանում են փոսերի առատությամբ միմյանց չզիջող փողոցները: Բայց մենք մենք չէինք լինի, եթե ամեն ինչ մեզանում հարթ ընթանար ու զայրացնող, արժանապատվություն վիրավորող ոչինչ չլիներ: Մի տեսակ` սովոր չենք, երբ ամեն ինչ լավ է, ու դժգոհելու բան չի լինում:

Ասում են` փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը դասվում է մարդու առողջության, ինչո՞ւ չէ` նաև կյանքի համար վտանգավոր մասնագիտությունների շարքում: Ամռան այս շոգ օրերին հաճախ է պատահում, նույնիսկ քաղաքի կենտրոնական հատվածներում, նույնիսկ ոչ ծանրաբեռնված` պիկ կոչվող ժամերին երթևեկելիս մեկ էլ տեսնում ես` ավտոբուսը, միկրոավտոբուսը կանգնել ու չի շարժվում` այլևս անտանելի դարձնելով առանց այդ էլ հեղձուցիչ տապը: Պարզվում է` փողոցի հսկա հատվածը գրավել են փողոցը բարեկարգող սարքերը: Եվ ուղևորը ստիպված է խեղդող տապում սպասումից քայքայվող նյարդերը զսպել` մինչև ճանապարհը կբացվի: Իսկ որ կուշանաս ինչ-որ կարևոր տեղից` ոչինչ. դե, ում հետ չի լինում…

Մի օր էլ, երևանյան անողոք ամռան մի ճքճքան օր որոշեցի սիրտս բացել հերթական փողոցը ասֆալտապատողների մոտ: Այդ շոգ-կրակին նոր փռված ասֆալտից գոլորշին քուլա-քուլա բարձրանում, իր մեջ էր առնում ասֆալտ փռողներին, ու կողքից նայողն անպայման մտածում էր` էս մարդիկ էս ի˜նչ տաժանակիր աշխատանք են անում: Նրանց հե- տևից էլ փողոցն էր անշարժացել, ամենատարբեր ավտոմեքենաների քարավանը շարվել էր, ու թվում էր` կիզիչ արևից է փողոցը քարացրել` ինչպես հեքիաթներում: Չդիմացա ու հարցրեցի բանվորներից մեկին, թե չի՞ կարելի էս նույն գործը գիշերն անել. համ հով կլինի, համ էլ խցանումներ չեն լինի: Բանվորը` քրտինքի կաթիլներն աչքերին, ծպպացրեց.

- Արդեն մեզնից երեք-չորս հոգի հիվանդանոց են ընկել` ոտքերի ջարդվածքով, էլ հերիք է:

Սկզբում ես էլ չհասկացա` գիշերով գործ անելիս ոտքերն ինչո՞ւ պետք է ջարդվեն: Պարզվում է` մարդիկ փորձել են գիշերը բարեկարգման աշխատանքները կատարել ու բախվել են մեր տխուր իրականությանը: Իսկ էդ իրականությունն այն է, որ գիշերն աշխատանքի համար անհրաժեշտ լուսավորությունը ապահովող չի գտնվել մեր լուսավոր քաղաքում: Հետո էս մեր ջիպավորների վրա վատ է ազդում գիշերը` չարանում, կատաղում են ու թքած են ունենում փողոցը բարեկարգողների վրա էլ, բարեկարգման վրա էլ. քշում են` առանց ուշադրություն դարձնելու զգուշացնող նշաններին ու կարող են նաև բանվորներին վրաերթի ենթարկել. տե՞րն ով է…

Զարմանում ես, բա 60-ականներին ինչպես էին անում, որ լուսավորությունն էլ էին ապահովում, փողոցի այդ հատվածն էլ էին փակում, հիմա ինչո՞ւ հնարավոր չի: Բանվորն ասում է`

- Հնարավոր է, անող պիտի լինի: Հա, իհարկե գիշերն անելը լավ կլինի. հով կլինի, ասֆալտի էս տաք գոլորշին չեմ շնչի, առողջությանս համար էլ լավ կլինի: Փորձեցինք, արդյունքում մեր տղերքից չորսն այսօր հիվանդանոցում են: Մենք բանվոր մարդիկ ենք, մեր տերն ո՞վ ա:

Ասելու այլևս ոչինչ չկա: Ամեն ինչ պարզ, հասկանալի ու նաև իրական է` ամռան շոգ ու կրակ օրվա պես, կրակին ասֆալտից բարձրացող գոլորշու քուլաների պես և հեղձուցիչ տապին միմյանց հետևից շարված ու փողոցի ազատվելուն սպասող տրանսպորտի պես:

Ա. Դ.