Բոլորի ցանկությունն է, որ հեշտանա հայրենիք գալը


 

Սիրիայի իրադարձություններն այսօր անհանգստացնում են ողջ հայությանը` և´ Սփյուռքում, և´ Հայաստանում. հատկապես` տեղի հայ համայնքի անվտանգության առումով: Օտարերկրյա ԶԼՄ-ներից Սիրիայում առկա իրավիճակի մասին ստացվող իրարամերժ տեղեկատվությունն էլ թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել տեղի ունեցողի վերաբերյալ, ինչպես ընդհանրապես լինում է պատերազմական թատերաբեմից լրահոսի պարագայում: Լրատվությունը քարոզչական հզոր զենք է, և հակամարտող կողմերն այն ծառայեցնում են իրենց շահերին, ինչի պատճառով հաճախ հնարավոր չի լինում իրադարձությունների, իրավիճակի մասին անկողմնակալ ու ամփոփ տեղեկատվություն ստանալ: Այնուամենայնիվ, «Ավանգարդին» հաջողվեց ուղիղ կապ հաստատել Հալեպում հայ համայնքի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր ՐԵԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ժիրայր, օտարերկրյա լրատվամիջոցներից հնարավոր չէ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ: Ուստի, նախընտրելի է անմիջապես մասնակցից` Ձեզանից իմանալ Սիրիայում ներկայումս տիրող իրավիճակի մասին:

- Անցած օրերի համեմատությամբ իրավիճակը բավական հանդարտ է: Հատկապես` երբ թուրքական բանակը հետապնդում էր Հալեպ թափանցած ընդդիմադիր զինյալ խմբավորումներին: Դրանք վերջին մեկ-երկու ամիսներին զբաղեցրել էին Հալեպի շրջակա` թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղերն ու գյուղաքաղաքները, որտեղից հարձակումներ էին իրականացնում:

Թուրքական բանակի և ընդդիմադիր զինյալների բախումները բավական լարեցին իրավիճակը Հալեպի շրջակայքում: Իսկ երբ զինյալ խմբավորումները փորձեցին Հալեպ թափանցել, պետական բանակից զորավոր հակադարձում ստացան: Վերջին օրերում շատ են ձերբակալվածները, որոնց մեջ մեծ թվով օտարերկրացիներ կան:

Զոհեր շա՞տ կան:

- Զոհերի թիվը հստակ չէ: Սակայն պետությունը ամեն կերպ ջանացել է զոհերի թիվը նվազագույնի իջեցնել: Բնական է` զոհեր կան և´ զինյալներից, և´ բանակից, և´ անմեղ բնակչությունից: Բախումները տեղի ունեցան քաղաքի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում, որոնք բնակեցված չեն քրիստոնյաներով, հատկապես` հայերով: Բայց դա չի նշանակում, թե հայերով, քրիստոնյաներով բնակեցված շրջաններում մերթ ընդ մերթ կրակոցներ կամ բախումներ չեն լինում: Երբեմն կրակոցներ և պայթյուններ լինում են, բայց այդ շրջանները բախումների թատերաբեմ չեն:

Իսկ ի՞նչ տրամադրություններ կան հայ համայնքում. ի՞նչ է ծրագրվում :

- Հայ համայնքը, բնական է` զգուշությամբ հետևում է իրադարձություններին: Ազգային և հոգևոր պատասխանատու մարմինները աչալրջորեն հսկում են իրավիճակը, տեր են կանգնում ժողովրդի, հայկական կառույցների ապահովությանը: Միաժամանակ, հարկ եղած դեպքում օգնության են հասնում: Անցած օրերին, երբ ամայացած քաղաքն ուղղակի անդամալուծված էր, և աղբահավաքները չէին գործում, մեր երիտասարդներն իրենք մաքրեցին աղբը` վարակիչ հիվանդությունների առաջն առնելու համար:

- Հայ համայնքում շա՞տ են երկրից մեկնողները, հատկապես Հայաստան գալ ցանկացողները:

- Հիմա հայ համայնքը տաղտուկի մեջ չէ: Բայց երբեմն մեկնողներ կան, որովհետև հիմա իսլամական ռամադանի շրջանում աշխատանքներն, ընդհանրապես դժվարանում են: Առավելապես այս դեպքերն իրենց ազդեցությունն ունեն, որ շատերը մեկնեն` թե´ գործի պակասի, թե´ ներկա կացության պատճառով: Բայց դա չի նշանակում, թե մարդիկ հեռանում են Սիրիայից կամ Հալեպից: Հայաստան եկողներ էլ կան, ովքեր գալիս են իրենց քաղաքացիության անձնագիրն առնելու: Բայց տակավին լուրջ գաղթի որևէ վտանգ չկա: Հայությունը տակավին կառչած կմնա իր գաղութին ու իր հաստատություններին:

Երևանում մենք անհանգստանում ենք ձեզ համար, որովհետև տարատեսակ լուրեր ենք ստանում: Տագնապեցինք հատկապես, երբ տեղեկացանք, որ «Արմավիան» ինչ-ինչ խնդիրներ է հարուցում Հալեպից Երևան եկողների համար:

- Հայաստան գալ փափագողները շատ են: Բայց Հայաստանում կյանքը շարունակելու բավարար երաշխիքներ չկան` ո´չ բնակության, ո´չ գործի: Սիրիական օդանավային ընկերությունը շաբաթը մեկ թռիչք ունի, որն անբավարար է: Իսկ «Արմավիան», որ անցյալ շաբաթ սկսեց իր թռիչքները վերականգնել, այնքան թանկ սկսեցին տոմսերը վաճառել, որ ժողովուրդն անակնկալի եկավ: Սիրիական ընկերության տոմսերից ավելի թանկ են:

- Հիմա արդեն «Արմավիայի» տոմսի գինը չի՞ էժանացել: Այդ առնչությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեցին այն լուծելու համար, և հույս ունեինք, որ տոմսերի գինը զգալիորեն կէժանանա:

- Եթե նման կարգադրություն պետք է լինի «Արմավիայից»` տակավին տեղյակ չեմ: Բոլորի ցանկությունն է, որ հեշտանա հայրենիք գալը, որովհետև դա փափագողները շատ են: Բայց այս թանկ գները շատ դժվարացնում են, հատկապես միջակ դասակարգի հնարավորությունները չեն ներում: Մանավանդ, Սիրիայում արդեն տնտեսական լուրջ դժվարություններ են առաջանում` դրամի անկում, սղաճ: Այս բոլորը և տոմսի թանկացումները բավական կդժվարացնեն հայրենիք գալ փափագողների ծրագրերը:

Իսկ հայ համայնքը կարողանո՞ւմ է չեզոքություն պահպանել հակամարտության առկայության մեջ:

- Հայությունն այդ դիրքի վրա է և որևէ կողմի համար թիրախ չէ: Բնականաբար, պաշտոնապես որպես օրինավոր քաղաքացիներ, պետությանն իր ենթակայությունն ունեն:

Գիտենք, որ Սիրիական իշխանությունները դրական վերաբերմունք ունեն հայ համայնքի հանդեպ: Իսկ ընդդիմադիրնե՞րը :

- Այս կողմերը տակավին ոչ ոք մեզ հետ շփման մեջ չէ: Կարող են կողմնակի մանրուքներ պատահել, բայց ոչ մի շփում` ո´չ բախում, ո´չ տարակարծություն չկա:

Եվ իրադարձություններն ի՞նչ են հուշում. դրանք առաջիկայում կարող են ավելի սո՞ւր բնույթ կրել, թե՞ խնդիրը կարծես մարելու միտում ունի:

- Նման հարցը մեր սահմաններից դուրս է, որովհետև շատ հստակ է, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը միջազգային քաղաքական շահերի բախման արդյունք են: Երբ այդ շահերի հակասությունները վերջանան, ինքնաբերաբար Սիրիայի դեպքերն էլ կվերջանան: Արտաքին միջամտությունները մեծ դեր ունեն այս դեպքերի զարգացման մեջ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ