Տարաշխարհիկ ընծա


Արդեն Ավստրալիայում իրեն սպասող 2 գեղուհի ունի Վալերի Լեոնտևը£ Երկու քնքուշ, քմահաճ, երես առած և, ինչպես բոլոր կանայք` իրենց հանդեպ մշտական ուշադրություն պահանջող£ Գուցե հենց իրենց երկրի հետ երգչի կապն ամրապնդելու նպատակով էլ Մելբուռնում նրա արվեստի երկրպագուներն ինքնատիպ այդ նվերը մատուցեցին Լեոնտևին£ Խոսքն Ավստրալիայի խորհրդանիշ զույգ կենգուրուների մասին է, որոնք դարձան նաև երախտագիտության ու սիրո արտահայտություն£ Մայրաքաղաք Սիդնեյում արտիստի համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում և բեմում երգչին «կորցրել» էին ծաղիկների մեջ£ Ի դեպ, ինչպես Եվրոպայում, Ավստրալիայում ևս ընդունված չէ փնջեր նվիրել բեմահարթակում. ծաղիկներն ուղարկվում են ետնաբեմ` դիմահարդարման սենյակ£ Մելբուռնում, սակայն, մատուցված անակնկալը վեր էր ամենայն սպասվածից£ Ռուսական էստրադայի աստղն այս մայրցամաքում եղել էր 14 տարի առաջ և հաճելիորեն համոզվեց, որ ունկնդիրը ոչ միայն չի մոռացել իրեն, այլև ստվարացել է երկրպագուների բանակը£ Նրանք ոչ միայն Ռուսաստանից մեկնածներն ու նրանց` արդեն ավստրալիացի զավակներն են, այլ նաև բնիկները£ Երբ արտիստը ցանկություն է հայտնել յուրահատուկ ինչ¬որ բան տեսնել, հենց վերջիններս էլ խորամանկ հայացքներով հայտարարել են, որ ծրագրել են նրան ուղեկցել ազգային կենդանաբանական այգի£ Իսկ այնտեղ մատուցել են արտասովոր նվերը` 2 հրաշալի պարկավորներ, որոնք առաջին պահին ոչ թե իրենց նոր տիրոջով, այլ նրա ձեռքի հացով են հրապուրվել ու սիրով հյուրասիրվել£ Բնականաբար` աշխարհի մի ծայրից մյուսը Լեոնտևը չի տեղափոխի իր գեղեցկուհիներին£ - Ավստրալիան հրաշալի երկիր է£ Այնտեղ ամեն ինչ կա` կենգուրուների ու նրանց հարմարավետության համար£ Ի՞նչ կարող էի անել նրանց համար£ Հո Մոսկվայի կենտրոնում մինի-գազանանոց չէի սարքելու և արևադարձային բույսեր չէի տնկելու... Ես նրանց թողեցի իրենց մշտական բնակավայրում£ Այնպես որ, հիմա ստիպված եմ այցելել նրանց. արդեն Ավստրալիան կընդգրկեմ իմ մշտական հյուրախաղերի ժամկետացանկում,¬ MK¬ի թղթակցին ասել է Վալերի Լեոնտևը£