«Բարուն հավատալ ու մնալ բարի»


Հոբելյան է: Նշվում է հարգված ու սիրված ուսուցիչ Ներսես Սիմոնյանի 85 - ամյակը: Բազմաթիվ հյուրեր` գրողներ, մանկավարժներ, բժիշկներ, բիզնեսի ու այլ բնագավառի աշխատողներ` մեծ մասը հոբելյարի նախկին սաներ, հավաքվել են տոնելու մեծ մանկավարժի հոբելյանը: Սիրտ ու հոգի ջերմացնող բարեմաղթանքները երիտասարդացրել են բազմափորձ մանկավարժին. նա դարձյալ լի է ավյունով, կենսախինդ է ու իմաստուն, ինչպես եղել է միշտ: Պատերազմի բովով անցած հայրենիքի զինվորի համար հատկապես հուզիչ էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորանք-շնորհակալագիրը` «Սիրելի Ներսես Հովհաննեսովիչ, շնորհավորելով Ձեզ Մեծ Հաղթանակի 65 ամյակի և Ձեր ծննդյան 85 ամյակի կապակցությամբ` մաղթում եմ անսահման երջանկություն և ամուր առողջություն»: Թանկագին պարոն Սիմոնյան, ես օրհնում եմ այն օրը, երբ դարձա բանասիրականի ուսանողուհի, ու Ձեր դուստրը դարձավ իմ հարազատը. արդեն երեք տասնամյակից ավելի է, ինչ Դուք Ձեր գերդաստանով իմ հարազատներն եք: Ձեզ փառք ու պատիվ, որ այդ գերդաստանի հզոր սյունը լինելով` կարողացաք, ինչպես Բանաստեղծն է ասում` Շնորհակալ եմ Ձեզանից, ի°մ բարեկամ, Որ կարողացաք Դուք այսքան տարի Բարուն հավատալ ու մնալ բարի, Չարի դեմ լինել անողոք ու բիրտ… Ուզում եմ շնորհակալ լինել Աստծուց և բախտից, որ ես էլ այս գերդաստանի մի փոքրիկ մասնիկն եմ համարում ինձ. շնորհակալ եմ, որ Դուք մեր հարազատ Ջավախք աշխարհի անուշաբույր հողի, զուլալ ու ջինջ աղբյուրների բարեբեր հովտում` մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և ձեր Քաղոնի հովանու ներքո Ձեր սիրելի տիկնոջ` բարեհիշատակ տիկին Ասյայի հետ սիրո ու բարության հունդեր ցանեցիք հանձին Ձեր զավակների` անմոռանալի Ստեփանի, Սիլվայի, Արարատի, Էմմայի ու Ձեր բոլոր թոռների: Միայն թե… Պատերազմում ստացած Ձեր բազմաթիվ վերքերը սպիացան, բայց չամոքվեց Ձեր ավագ որդու կորստյան ցավը…Այնուամենայնիվ, վիշտն անթեղած հոգում, Դուք մնացիք միշտ մարդասեր, բարի ու կամեցող, և Ձեր իմաստուն խորհուրդներով միշտ եղաք մեր ու Ձեր բազմաթիվ սաների կյանքի ուղեկիցը, ավագ ընկերը: Շնորհավորելով Ձեզ ծննդյան տոնի կապակցությամբ, բոլոր Ձեր հարազատների, ընկերների ու բարեկամների, նաև մեր ընտանիքի անունից` մաղթում եմ անսպառ եռանդ, կորով ու առողջություն, երկար կյանք ու անհոգ օրեր: Ձեզ միշտ հարգող ու սիրող, Ձեր կրտսեր ընկեր ու բարեկամ`

Զոյա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ