ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ


Ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի նոր հարաբերակցություն առաջացավ: Դեռ երկու տարի առաջ Ռուսաստանը կարողացավ լուծել տարածաշրջանային իր այս խնդիրը և գերակայություն ստացավ Հարավային Կովկասում: Վրաստանի անվերապահ պարտությամբ Միացյալ Նահանգներին տարածաշրջանից դուրս մղելուց հետո, Ռուսաստանը հետխորհրդային շրջանի համար աննախադեպ իր այս հաղթանակն ամրապնդելու համար պարտավոր էր ռազմաքաղաքական հստակ քայլերի դիմել: Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակին ռազմավարական ու քաղաքական համապատասխան բովանդակություն հաղորդելու անհրաժետություն էր առաջացել: Այս տարածաշրջանում ռազմաքաղաքական հուսալի ու վստահելի դաշնակից գտնելու համար Ռուսաստանը ստիպված էր մանրակրկտորեն քննել պատմական ու առկա քաղաքական իրողությունները, պետությունները կառավարող վերնախավի կարողություններն ու ժողովուրդների էթնիկ կերտվածքը, նրանց ազգային դիմագծերը, ընդունակութ յուններն ու մենթալությունը: Երկու տարին Ռուսաստանին բավարար եղավ` համոզվելու համար, որ այլընտրանք չունի և մեծ ջանքերի գնով ձեռք բերած տարածաշրջանային գերակայությունը դարձյալ կարող է կորցնել` եթե չհստակեցնի, չամրապնդի ու չընդլայնի Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունները: Ուստի, մեր հյուսիսային ռազմավարական գործընկերը ստիպված էր խիստ հեռանկարային ու խոշորածավալ ներդրումներ կատարել տարածաշրջանում իր միակ գործընկեր Հայաստանի ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսության ու մյուս բոլոր անհրաժեշտ ոլորտներում: Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության ժամկետները երկարաձգող և ոլորտներն ընդարձակող համալիր հինգ համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրելով, Ռուսաստանն օրերս հաստատեց, որ Հարավային Կովկասում լուրջ ու շարունակական հավակնություններ ունի: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ ռազմաքաղա քական ու տնտեսական համալիր և տևական գործընկերության շնորհիվ միայն ՌԴ¬ն աշխարհաքաղաքական լիակատար գերիշխանության հնարավորություն կստանա: Բարենպաստ զարգացումների դեպքում առաջիկա երկու տարիների ընթացքում Հարավային Կովկասում կհաստատվեն միանգամայն նոր աշխարհաքաղաքական, ռազմավարական ու քաղաքական իրավիճակ ու հարաբերություններ, որոնք ամրապնդելու համար տասը տարին ակներևաբար բավարար չէր: Առնվազն երեսնամյա հետևողական համագործակ ցության արդյունքում Հարավային Կովկասը կհամարվի Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ: Եթե մինչև 2008 թվականի օգոստոս ԱՄՆ-ն որոշակի հաջողությամբ հաստատվում ու ամրապնդվում էր մեր տարածաշրջանում, հատկապես Վրաստանի միջոցով, ապա հնգօրյա պատերազմում վրացական կողմի անվերապահ պարտությունից հետո Միացյալ Նահանգները հետ է քաշվում ու զիջում իր աշխարհաքաղաքական դիրքերը: Նույնպիսի նահանջ է ապրում նաև Թուրքիան: Մինչդեռ երկու տարի առաջ Թուրքիան ամենաարագը կողմնորոշվեց և առաջիններից մեկն էր, որ հասկացավ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Վրաստանի ջախջախիչ պարտությունը: Առաջարկելով իր «Կովկասյան պլատֆորմը»` Անկարան էր փորձում հաստատվել Հարավկովկասում£ Թուրքիայի ներկայացրած «պլատֆորմում» ԱՄՆ-ի համար որևէ տեղ կամ դեր նախատեսված չէր: Ադրբեջանը ռուս-վրացական պատերազմի ժամանակ նախ պաշտպանեց Վրաստանին, ապա Թուրքիայի ազդեցությանը ենթարկվելով` շատ արագ փոխեց դիրքորոշումը: Հիմա Ռուսաստանն առարկայական քայլեր է ձեռնարկում` Միջին ու Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու համար: Արդեն բանակցությունները հաջողությամբ ավարտվել են և առաջիկայում Ռուսաստանը Սիրիայի միջերկրածովյան Տարտուս նավահանգստում կունենա իր ռազմածովային մշտական բազան: Իսկ սա նշանակում է, որ Մոսկվան կարողացավ կրկնել խորհրդային ժամանակների մեծ նվաճումը և իր սևծովյան ռազմական նավատորմը Միջերկրական ծովով համաշխարհային օվկիանոս դուրս բերելու հնարավորություն ստացավ: Այս խիստ կարևոր աշխարհաքաղաքական գործոնը դժվար է գերագնահատել: Հետևաբար, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը նաև Մերձավոր Արևելքում է Ռուսաստանի համար շահեկան դիրքեր ապահովում: Այնուամենայնիվ, հետխորհրդային տարիներին Ռուսաստանն աշխարհաքաղաքական շատ մեծ կորուստներ է ունեցել, և կորցրածը հետ բերելու համար շատ ավելի մեծ ջանքեր, միջոցներ ու ժամանակ անհրաժեշտ կլինի: Կենտրոնական Ասիայում, միջինասիական հանրապետություններում և Ղազախստանում, մանավանդ այդ երկրներում վաղ թե ուշ կայանալիք իշխանության սերնդափոխությունից հետո, իսլամի առաջընթացն անհնարին կլինի կասեցնել: Դժվար թե Ռուսաստանը կարողանա կասեցնել չինական ներխուժումը կենտրոնական Ղազախստան. հետևաբար, այն աստիճանաբար հետ է քաշվելու Կենտրոնական Ասիայից: Հենց այս է պատճառը, որ նրա համար Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը բացառիկ աշխարհաքաղաքական նշանակություն են ստանում: Հայաստանի համար, գուցեև Չինաստանի հետ ռազմաքաղաքական գործընկերության հիսնամյա պայմանագիր ունենալն է°լ ավելի հեռանկարային կլիներ ու առավելագույնս կերաշխավորեր մեր ազգային-պետական անվտանգությունը: Արդեն այսօր ակներև է, որ մեկուկես միլիարդ բնակչություն ամեն օր պատշաճորեն կերակրող, գործազրկության ճչացող հիմնախնդիրներ չունեցող, տնտեսական ամենաարագ առաջընթաց գրանցող և անգամ ամերիկյան ու եվրոպական շուկաները գրաված, անգերազանցելի ռազմական հզորությունների տիրապետող Չինաստանը գուցե տասը-տասնհինգ տարի հետո դառնա միակ գերտերությունը: Միաժամանակ փաստ է, որ Ասիայի «դեղին վիշապը» դեռ չի հետաքրքրվում Կովկասով, Միջին ու Մերձավոր Արևելքով: Հետևաբար, Հայաստանը ապագա այս գերտերության հետ ռազմաքաղաքական համագործակցության հնարավորություններ այս պահին ուղղակի չունի, իսկ այլընտրանք ները սահմանափակ են: Մինչդեռ մեր ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանը հիմա էլ հայացքը հառել է Չինաստանին և ավանդականի վերածված բարդ ու խճճված ռուս-չինական տարաձայնություններն ու հակամարտությունները հաղթահարելու ուղիներ է որոնում: Եթե Հնդկական օվկիանոսի ավազանում, Միջին ու Արևելյան Ասիայում գերակա դիրքեր ունեցող մեկուկես միլիարդանոց Չինաստանն ինչ-որ հրաշքով ընդունի անսահմանափակ հանքահումքային հարստություն, տեխնիկական ու տեխնոլոգիական բացառիկ հզորություններ տնօրինող Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու ռազմավարական համագործակցության առաջարկը, ապա երկրագնդում կգոյանա աննախադեպ հզոր ներուժային կենտրոն, ինչը հիմնովին ու էապես կփոխի ներկա աշխարհակարգը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ