Հրաշալի եռյակը


Ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոց Տնօրեն` Աիդա Մնացականյան Փոխտնօրեններ` Աիդա Սուքիասյան, Ջեմմա Աղեկյան Աշակերտների քանակը` 460 Դասարանների թիվը` 21 Դպրոցը հեռու է կենտրոնից` Կարմիր Բլուրի մոտ£ Բլուրը կարմրահող է հազարամյակներ շարունակ£ Եվ հատկապես գարնանը այդ հողի վրա բոսորագույն կակաչները բարձր տրամադրություն ու տարաբնույթ խոհեր են արթնացնում£ Դպրոցի բակը մաքուր է, կոկիկ, միջանցքները` ճաշակով զարդարված ու առինքնող£ Յուրաքանչյուր այցելու, առաջինը հանդիպելով հավերժ երիտասարդ ազատամարտիկի նկարին ու նրա մասին պատմող ցուցանմուշներին, նախ տխրում է ցավագին, ապա` հպարտության զգացողությունն է գերիշխում… Մեր այցի նպատակն էր ծանոթանալ ֆիզկուլտուրայի ու սպորտի դրվածքին£ Մինչ մանկավարժների հետ ծանոթանալը և զրուցելը, Ա. Մնացականյանն ու Ջ. Աղեկյանը գովեստով էին խոսում բոլոր երեք ուսուցիչների մասին. հմուտ մասնագետներ են` իրենց գործի գերազանց իմացությամբ£ Ռիտա ՍԻՄՈՆՅԱՆՆ ավարտել է Մոսկվայի պետական ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտը 1992 թ. (ԳՑՕԼԻՖԿ), գեղասահքի Հանրապետության չեմպիոն է, սպորտի վարպետ£ Այս դպրոցում աշխատում է շուրջ 15 տարի£ Շահանե ԱՎԱԳՅԱՆՆ ավարտում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մասնագիտությամբ թեթև ատլետ է£ Դպրոցում աշխատում է 1990 թվականից£ Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ֆիզկուլտուրայի մեր ինստիտուտի շրջանավարտ է, սպորտի վարպետ` գեղարվեստական մարմնամարզությունից£ Աշխատում է նաև Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում` որպես մարզիչ£ Մեկ դպրոցում` երկու սպորտի վարպետ և մեկ բարձր կարգային ուսուցչուհիներ, ովքեր եթե հնարավորություն էլ չունեն իրենց մարզաձևերից պարապմունքներ վարելու, միևնույն է, բարձր պրոֆեսիոնալիզմը զգացնել է տալիս թե° դասերին, թե° արտադասարանական միջոցառումներին£ Միայն այն հանգամանքը, որ ամեն տարի երեխաները բարձր արդյունքներով են հանձնում ֆիզիկուլտուրայի քննությունները, որ դասերին մաքուր ու կոկիկ համազգեստով են մասնակցում, իսկ մարզադահլիճը, ի պատիվ տնօրինության, նորոգ է և մաքուր` ինքնին խոսուն փաստ է£ Ասել, թե այս կրթօջախում բոլոր հիմնախնդիրները լուծված են` ճիշտ չի լինի£ Դեռևս գույքի կարիք է զգացվում£ Հուսանք, որ տիկին Մնացականյանն այդ հարցն էլ կլուծի£ Դժվարություններ կան մարզադպրոցների հետ կապված. դրանք դպրոցից հեռու են գտնվում, իսկ ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի` հոգալ ճանապարհածախսը£ Այնուամենայնիվ, վոլեյբոլի աղջիկների հավաքականը Շենգավիթի թաղապետարանի առաջնությունում գրավել է պատվավոր IV տեղը£ Երկրորդ տարին է, ինչ կրթօջախում գործում է փետրագնդակի խմբակը (մարզիչ` Ռիտա Սիմոնյան)£ Հույսեր կան, որ մոտ ապագայում այս մարզաձևից ևս լավ արդյունքներ կունենան£ Աղջիկներից գեղարվեստական մարմնամարզության մրցումներում հաջող ելույթներ ունեցողները քիչ չեն£ Տղաների մի մասը հաճախում է հարևանությամբ գտնվող ձիարշավարան և վարպետանում այդ դժվարին, բայց գեղեցիկ մարզաձևում£ Ունեն ֆուտբոլիստներ, ըմբիշներ, բռնցքամարտիկներ, մարմնամարզիկներ£ Կարևորն այն է, որ ուսուցչուհիները ոչ միայն սպորտի, այլև սերնդակրթության գործի հմուտ վարպետներ են. ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սաները կոփված և առողջ լինեն` մարմնով ու հոգով£ Հետաքրքիր մի հանգամանք ևս. ոչ միայն տնօրենն է գոհ ուսուցչուհիների անդուլ աշխատանքից, այլև վերջիններս մեկը մյուսին հերթ չտալով պատմում են, որ ընկ. Մնացականյանը խստապահանջ է, հետևողական, ինչը միշտ սթափ է պահում կոլեկտիվի բոլոր անդամներին£ Դե, եթե հարգանքը փոխադարձ է, արդյունքներն էլ գերազանց են ու հուսադրող£

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ