ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ հնարանք, որ կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ


Անցյալ շաբաթ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը հյուրընկալվել էր Թբիլիսիում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա նախ հանդիպել է իր վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեին, ապա վարչապետ Նիկա Գիլաուրիին, նույնիսկ վրացական պառլամենտի փոխխոսնակին, և վերջում` նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն: Փաստացիորեն, այս հանդիպումների ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը Վրաստանի նախագահի, օրենսդիր, գործադիր և արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, իսկ դրանց առանցքը եղել է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններ զարգացնելու առաջնային քայլերը ճգրտելը: Հայտնի է, որ առանձնակի քննարկման առարկա են դարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա` Արցախի, Աբխազիայի, Օսիայի հակամարտությունները: Երկու կողմերն էլ հատուկ շեշտադրել են, որ այս «չլուծված» հակամարտությունները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Իսկ Գրիգոլ Վաշաձեն նույնիսկ հայտարարել է, թե վրաց-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց քննարկումների որևէ մանրամասն խուսափել է հստակեցնել: Դրա կարիքն էլ չկա, քանի որ առանց այդ էլ պարզ է, որ Ադրբեջանը արագորեն թուլացող իր դիրքերը պահպանելու համար այլ ելք չի գտել ու որոշել է վերջապես արձագանքել համադաշնություն կազմելու Վրաստանի առաջարկին: Ադրբեջանի ու Վրաստանի դիրքորոշումները համընկնում են սեփական հակամարտությունները միմյանց օգնությամբ ի շահ իրենց լուծելու հարցում միայն: Մինչդեռ ռազմավարական նպատակների ու գործելաձևի, աշխարհաքաղաքական շահերի ու կողմնորոշումների տարբերությունները մնայուն հակասությունների պատճառ են և նրանց թույլ չեն տալու արդյունավետ համագործակցել: Հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնց պայմաններում երկուսն էլ չեն կարողանալու խուսափել կորուստներից, Ալիևը և Սահակաշվիլին ուղղակի հուսահատ փորձ են ձեռնարկում` իրավիճակը տարածաշրջանում ինչ-որ կերպ փոխելու նկրտումներով: Իրականում, Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները նույնիսկ գործընկերային չի կարելի համարել: Պարզապես, իրար չեն խանգարում` իրենց չվնասելու նպատակով, իսկ ռազմավարական դաշնակիցներ դառնալու խաբեությունն այս ամենը միմյանցից քողարկելու և որևէ բան շահելու համար է: Հայտնի է նաև, որ Ալիև-Սահակաշվիլի անձնական հարաբերությունները լարված են ոչ միայն աշխարհընկալումների, այլ նաև սեռական կողմնորոշումների, արժեքային ու բարոյական ընկալումների տարբերության պատճառով: Բացի այս, եթե Սահակաշվիլին հրապարակավ տապալել է ստանձնած «ամերիկյան» ծրագիրը և արդեն իշխանությունը պահելու խնդիր ունի, ապա Ալիևը դեռ վայելում է իսլամական ու արևմտյան աշխարհների բարեհաճությունը և իշխանությունը կորցնելու սպառնալիք չի զգում: Եթե տարածաշրջանում ԱՄՆ շահերի ու դերի նվազումը էապես է անհանգստացնում Սահակաշվիլուն, ապա Ալիևը վստահ է, որ քանի դեռ նավթ է արտահանում` կարող է պահպանել նաև ստատուս-քվոն: Եթե Վրաստանի առջև արդեն փակ են դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն տանող ճանապարհները, ապա Ադրբեջանը չի էլ ցանկանում գնալ այս ուղիով: Վրաստանը նաև երբեք լիովին չի վստահի Ադրբեջանին, որը ցանկացած պահի կարող է լարել Վրաստանի հարավում համախումբ ապրող ադրբեջանցիներին և սպառնալ նոր ժողովրդագրական պայթյունով: Սակայն ՎՈՒԱՄ-ի ձախողումից հետո Վրաստանը նաև ստիպված է լիարժեքորեն օգտագործել իր խիստ սահմանափակ արտաքին քաղաքական հնարավորությունները և տարածաշր ջանում գոնե մեկ դաշնակից ունենալ: Առաջարկելով համադաշնության գաղափարը` Վրաստանը կարծում է, որ Ռուսաստանի հետ առճակատումներից պաշտպանվելու ժամանակ պակաս խոցելի կլինի, եթե իր դաշնակից Ադրբեջանը կարողանա խաղի մեջ ներքաշել նաև Թուրքիային: Միաժամանակ ակնհայտ է, որ այս խաղին մասնակցելը շահավետ չէ ո°չ Ռուսաստանի, ո°չ էլ իր տարածաշր ջանային դերն ու տեղը որոնող Թուրքիայի համար: Վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծումը չեն արտոնի նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը: Կանխատեսելի է, որ այս դաշինքը կարող է լարվածություն ու պատերազմական վտանգ առաջացնել տարածաշրջանում, մինչդեռ Արևմուտքը խիստ շահագրգիռ է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ու անվտանգություն ապահովվի: Այս հեռանկարի դեպքում Վրաստանի հետ դաշնագիրն անպետք է դառնում Ադրբեջանի համար: Միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու դեպքում է, որ Ադրբեջանին հարկավոր է լինելու Վրաստանի աջակցությունը, քանի որ միասին կարող են գրեթե լիովին շրջափակել հայկական պետությունները: Այս պարագայում կստացվի, որ պատերազմի մեջ է մտնում նաև Վրաստանը, և հայկական կողմը պատերազմելու է երկու ճակատով: Նման իրավիճակում ուղղակի անխուսափելի է դառնում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գործուն և էական միջամտությունը պատերազմին: Անմասն չեն կարող մնալ նաև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն: Իրանը անմիջականորեն չի մասնակցի պատերազմին, սակայն համակողմանիորեն կաջակցի Հայաստանին: Թուրքիան ձեռնպահ կմնա բացահայտ ու քողարկված քայլերից` Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու և ադրբեջանական ավանտյուրայի պատանդը չդառնալու համար: Այսպիսի զարգացումը հիմնավորապես հակասում է ԱՄՆ-ի շահերին, քանի որ Ռուսաստանը է°լ ավելի կհիմնավորվի Հարավային Կովկասում: Չնայած ուժերի թվացյալ բացահայտ գերազանցությանը, հայկական ուժերը պարտության կմատնեն ավանտյուրիստական պատերազմ հրահրած անմարտունակ բանակներին: Արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանային բոլոր հակամարտությունները կլուծվեն, բայց կարող են առաջանալ նորերը, քանի որ այդ պատերազմից հետո անխուսափելի կդառնա Վրաստանի ու Ադրբեջանի պետական կազմալուծումը: Վրաց-ադրբեջանական համադաշնություն ձևավորվելու պարագայում կարող են ծավալվել ավելի բարդ ու առավել շատ կողմերի ներգրավվածությամբ իրադարձություններ, որոնք նման կլինեն երրորդ համաշխարհային պատերազմի ու կհանգեցնեն աշխարհի նոր վերաբաժանման: Հետևաբար, համադաշնության գաղափարն արդեն բևեռել է աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը և դեռ չիրականացած` վերածվել է լուրջ մարտահրավերի բոլորի համար: Հուսանք, որ այն նաև կսթափեցնի աշխարհաքաղաքական կենտրոններին և կմղի` արդարացի ու խաղաղ լուծելու նրանց հակամարտությունները:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ