Արևշատ Ավագյանի լույսի արմատները

ԳՐԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ

Հասկանալու համար, թե ինչից են սնվում Արևշատ Ավագյանի պոեզիայի լույսի արմատները, նախևառաջ պետք է ուղղորդվել գույների քննության ճանապարհով: Չէ՞ որ մեր առջև ոչ միայն բառերի վարպետն է, այլ նաև նկարի հոգեբանը: Լույսը մեզ հնարավորություն է տալիս ճանաչել կտավի բազմերանգությունն իր հմայիչ խորությամբ, իր գույներով` վառ կամ խամրած: Հեղինակն իր ստեղծագործություններով բացահայտում է իր պատկերացումներով կերտված «կյանք» կոչվող կտավը, որն ունի հայրենասիրական և հոգեբանական, սիրային և խոհական արմատներ:

Ավագյանի պատկերացմամբ բառերը լռության մեջ են ծնվում, իսկ դրանց խորիմաստ հասունացման համար բանաստեղծը կարևորում է ճիշտ ընտրված բառերի խաղարկումը: «Բառերը» բանաստեղծության մեջ նա կերտել է նրանց խորիմաստ ծավալման ճանապարհը.

Լռության տերևների տակ,

խոսքի ճյուղերին,

պտուղների նման լցվում

ու հասունանում են բառերը…

Այնուհետև հեղինակը զգացնել է տալիս բառերի բուրմունքը` դրանց իմաստների մեջ և հավատացնում է, որ բառերը կարող են լռության մեջ խորքից լուսավորվել, մեր հայացքի դեմ ծաղկել ու թառամել: Այդ բառերին տիրելն այնքան էլ հեշտ չէ գրողի համար: Ինչպես նկատել է Վ. Շուշանյանը` այդ «զարմանալի ու պզտիկ արարածները» երևում են «քմայքոտ ու ապստամբ աղջիկներու պես», սակայն նրանց տիրելուց հետո, թեքեյանական բնորոշմամբ, դրանք կարող են պարգևել անասելի երջանկություն` օծել մեր քիմքը և սփոփել մեր սիրտը: Հիշենք հռոմեացի փիլիսոփա և բանաստեղծ Լուկրեցիոսի հորդորը` «Մահկանացուների բառերով արտահայտիր անմահ բաներ»: Իսկ թե ինչպես են այդ բառերն անցնում հույզից դեպի խոսք տանող ճանապարհով` հեղինակը պատկերել է «Եղիցի խոսք» բանաստեղծության մեջ .

Զգացմունքների նման ազդեցիկ,

հասկանալի է դառնում ամեն ինչ,

երբ արյան ձայնից արթնացած հույզը

մատով հպվում է

ձայնալարերի ստեղնաշարին…

«Աստղալույսերի ձայնը» գրքում հեղինակն իր ընթերցողին հուշում է. «Մարդկային ներաշխարհում արտացոլվող լույսերը ուժ ու կենսունակություն են տալիս սիրող սրտերին և զորացնում են հավատը առ Աստված»:

«Իմ կյանքն ու կենսակերպը» բանաստեղծության մեջ Ա. Ավագյանը բացահայտել է սրտերին գունավոր լույսեր ներարկելու իր գաղտնիքը: Ու դրանով ընթերցողի առջև հառնում է ներշնչանքի ուղղորդմամբ Ծիր կաթինի լուսաշող աստղահոսքերի միջով քայլող, արտաշխարհից այն կողմ անցնող և աստղասերմերի միջուկից լույսերի ծածկագրերի գաղտնիքը գտած հեղինակը: Անհատ, ով ընտրել է թումանյանական ճշմարտացի եզրահանգման ճանապարհը` «Բանաստեղծությունը չի գրվի հանգով ու վանկով, այլ` սրտով և զգացմունքով»:

Նրա բանաստեղծություններում և նկարներում ձուկը, ծովը և կինը տիրական խորհրդանշաններ են: Իր նկարներով և բանաստեղծություններով նույնպես նկարիչ-բա նաստեղծը ցանկանում է ուղղորդել մեզ` ճիշտ տեղում հաստատվելու, որպեսզի տեսնենք կյանքի ծովի կապուտաչ ալիքները և նրանում թաքնված ձկներին: Ավագյանական ձկները կյանքի մեջ ապրող հույզերնեն, զգացմունքները, որոնք լուռ են: Եվ եթե փորձենք նրանց ձայնով գտնել, ապա չենք տեսնի ամենակարող լույսը, իսկ բնության ճյուղերից, ծաղիկներից ու տերևներից կերտված կանայք նրա նկարներում բացահայտում են մարդկային կյանքի ամենանուրբ գաղտնիքները:

Առանց լույսի Երկրի վրա կյանք չէր լինի: Արեգակի լույսը մեզ ջերմություն է պարգևում, իսկ հեռավոր աստղերից մեզ հասած լույսը պատմում է տիեզերքի գաղտնիքները, օգնում բացահայտել դրանք: Այդպես էլ բանաստեղծի բերած լույսն է մեզ հնարավորություն տալիս բացահայտել Երկրի վրա ապրող մարդկանց զգացմունքային բազմազանությունը: Բանաստեղծական կտավից մարդու ներաշխարհին մոտ գույներն են ջերմացնում մեր հոգին, իսկ մինչ այդ` մեր կողմից չհասկացված, բայց տիեզերական բարձունքներում ծավալվելու հնարավորություն տվող բառերը հարստացնում են մեր ներաշխարհը:

Արևշատ Ավագյանի լույսի արմատները բառերն են` «Կյանք» կոչվող իր կտավի վրա` և´ որպես նկար, և որպես բառաշար: Իսկ թե ինչ հանձնառություն է դրել բանաստեղծն իր բառերի առջև, խոստովանել է «Բառերը» բանաստեղծության մեջ .

Ամեն մի բառ ձգտում է

հազար ու մի բառերի

գոյության կողքին

իր իմաստը պահել…

Աննա ՍԱՐԳՍՅԱՆ