«Արևի պես ինչ-որ ուժ է ինձ օգնել...»

Ազգերը, հիրավի, ապրում են ու հավերժում իրենց հոգևոր արժեքներով

Համայն աշխարհով մեկ սփռված տարագիր հայերն ու նրանց ժառանգները, ապրելով օտար երկրներում, մշտապես պայքարել են` հայ ինքնությունը չկորցնելու, ազգային հոգևոր արժեքները պահպանելու և օրերից մի օր դրանք Հայաստան-Հայրենիք հասցնելու փափագով: Դրանցից մեկն իրանահայ բազմավաստակ ուսուցիչ, երախտավոր գիտնական, մտավորական, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարանի և ձեռագրատան գիտաշխատող, Ջուղայի վանքի թանգարանի պատասխանատու, երջանկահիշատակ գրող, թարգմանիչ, լրագրող Լևոն Մինասյանն է, ով, շրջելով Փերիայի հայկական գյուղերում` ջանասիրաբար գրի է առել մեր ժողովրդի պատմության էջերը: Սերտորեն կապված լինելով Հայրենիքի մշակութային կյանքին և մշակութային օջախների` Մատենադարանի, Ազգային գրադարանի, Գրականության և արվեստի թանգարանի, նաև նշանավոր հայերի` Վրացյանի, գրողներ` Շիրազի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի և այլոց հետ, նա միշտ փափագել է իր գրական հարուստ ժառանգությունը (հեղինակային գրքերը և հայ գրականությանն ու պատմությանն առնչվող գրքերի հավաքածուն) տեղափոխել Հայաստան:…

Մեծ մտավորականն ապրել է 92 տարի` մինչև կյանքի վերջին օրերն էլ` գիրքն ու գրիչը ձեռքին: Նրա երազանքը մեր օրերում ի կատար ածեց երախտագետ դուստրը` Նյու-Յորքում ֆիլմերի հայտնի դիմահարդար, լրագրող, բանաստեղծուհի, մանկավարժ Արմինե Մինասյանը, ով 3000-ից ավելի գրքեր, գեղանկարչական գործեր, Լևոն Մինասյանի անձնական իրերը, շքանշանները, պատմական նշանակության լուսանկարներ ի պահ է տվել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Այս թանգարանում են հանգրվանել նաև գրողի հեղինակային 100 գրքերը, որոնցից միայն 35-ը նվիրված են Նոր Ջուղայի պատմությանը:

Թանգարանում այդ հարուստ ժառանգության հանդիսավոր բացման արարողությանը ելույթ ունեցան թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, գրականագետ Արծվի Բախչինյանը, Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը. նրանք, կարևորելով մեծ գիտնականի ու մատենագետի տիտանական աշխատանքը, իրենց երախտագիտական խոսքն ասացին նաև նրա դստերը` Արմինե Մինասյանին:

Լևոն Մինասյանն այն նվիրյալի կերպարն է, ով, անկախ իր բնակավայրից, իր գործունեության առանցքում միշտ ունեցել է հայկականը հավաքելու, պահելու, դասակարգելու խնդիրը: Նրա մեծարժեք ուսումնասիրություններն անտակ շտեմարան են: Դուստրը խոնարհաբար և հոր նման նվիրումով մեծ աշխատանք կատարեց` այդ հսկայական արխիվը տեղափոխելով Հայրենիք ,- հայորդու հայրենասիրությունն ու նրա դստեր քայլն այսպես գնահատեց Մշակույթի փոխնախարարը:

- Այն, ինչ արել է Արմինեն, ոչ միայն հայրապաշտություն է, այլև` հայրենապաշտություն. այս մեծարժեք ժառանգությունը հարստացրեց մեր թանգարանը, մեր պատմության շտեմարանը: Երանի˜ ամեն մարդ այսպիսի երախտագետ դուստր ունենա, ով երկյուղածությամբ, ակնածանքով և մանրակրկիտ ձևով հավաքել, ի մի է բերել Լևոն Մինասյանի հսկայական ժառանգությունը` սկսած ամենափոքր թղթի կտորից անգամ,- իր խոսքում ասաց Կարո Վարդանյանը:

Բարձր գնահատելով Լևոն Մինասյանի հայապահպան գործունեությունը` միջոցառմանը ներկա բոլոր մտավորականները ընդգծեցին մեծ մտավորականի անխոնջ աշխատասիրության ու նվիրումի զարմանահրաշ համադրությունը` նույնիսկ խոր ծերության տարիներին:

Աշխատանքի բերումով առիթ եմ ունեցել լինելու Նոր Ջուղայում, Սպահանում, որտեղի գրադարանը երկար տարիներ ղեկավարել է Լևոն Մինասյանը: Պատիվ եմ ունեցել ծանոթանալու այդ հրաշալի մտավորականի հետ, ում գործունեությունը Սփյուռքում ուղղակի և անուղղակի կերպով կապվում է հայապահպանության գործին և Նոր Ջուղայի տպարանում հրատարակված այն մեծարժեք գրականության պահպանությանը, որին Մինասյանը նվիրել է մի ամբողջ կյանք: Նա մեծարժեք գիտնական էր, և նրա մատենագիտական աշխատություններն այսօր լուրջ ուսումնասիրման կարիք ունեն: Այն, ինչ իրականացրեց նրա դուստրը` Արմինե Մինասյանը, Լևոն Մինասյանի երազանքների մի մասն է: Երախտագետ դստեր ձեռամբ, մեծ դժվարություններով Լևոն Մինասյանի ժառանգությունը հասավ Հայրենիք ,- արձակագիր, հրապարակախոս Դավիթ Մկր-Սարգսյանի այս կարծիքը բոլոր ներկաներն էին կիսում:

Իսկ լրագրող, Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը, խոսելով Լևոն Մինասյանի մասին, ընդգծեց.

Լևոն Մինասյանը մի գործ է արել, որը մի ամբողջ ինստիտուտ արժե: Նա այն եզակի անհատներից էր, ով Շիրազի գործերը, որոնք խորհրդային տարիներին Հայաստանում չէին հրատարակվում, կարողանում էր հրատարակել Նոր Ջուղայում: Շիրազն իր գործերը նրան նամակներով էր ուղարկում, և Մինասյանը դրանք տպագրում էր «Ալիք» թերթում: Ես այդ նամակների հետքերով եմ ծանոթացել Լևոն Մինասյան-մեծարժեք հայի ու հրաշալի անձնավորության հետ: Լևոն Մինասյանն իր ձեռքով ու իր միջոցներով Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի արձանները կանգնեցրեց այն գրադարանի մուտքի մոտ, որի տնօրենն էր ինքը: Մինասյանը եկավ ու այսօր «տեղավոր վեց» Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, նա հանգրվանեց իր երազների Հայրենիքում: Ես հիացած եմ նրա դստեր` Արմինեի կատարած հսկայական աշխատանքով, ով, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, իրականացրեց հոր երազանքը: Շնորհակալությո´ւն թանգարանի տնօրեն Կարո Վարդանյա նին, ով աջակցեց Արմինեին, և այսօր Մինասյան-երևույթ-խոշոր անհատականությունը Հայաստանում է:

Արմինե Մինասյանն այս հսկայական արխիվը Հայաստան տեղափոխելու, իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատել են ու գնահատում են Լևոն Մինասյան-հայրենասերին:

Հորս մահից մեկ տարի անց Նյու-Յորքից ես գնացի Նոր Ջուղա և երկու տարի շարունակ հավաքեցի, փոշիների միջից հանեցի ու դասավորեցի այդ հսկայական ժառանգությունը, դրանք տեղավորեցի 7-8 ծանրոցներում ու տեղափոխեցի այստեղ: Հիմա հանգիստ շունչ կքաշեմ, որ կարողացա կատարել հորս փափագը և Հայրենիքում ի պահ տալ նրա տառապալից աշխատանքի պտուղները: Հիմա Հայոց տանն են այդ բոլոր գրքերը, հայկակա´ն հողում: Գրքերը եղել են հայրիկիս առաջին զավակները, երկրորդը մենք ենք` իր ժառանգները: Հաջորդ տարի էլ հայրիկիս արխիվից մոտավորապես 15-20 հնատիպ գրքեր նվիրելու եմ Մատենադարանին: Արևի պես ինչ-որ ուժ է ինձ օգնել, որ ես այդ գործն անեմ,- երախտիքի իր խոսքն այսպես եզրափակեց Արմինեն:

Ազգերը, հիրավի, ապրում են ու հավերժում իրենց հոգևոր արժեքներով:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ