Մանկական մարմնամասեր` փոստով


DHL ընկերությունը ծանրոցների պարունակությունը լուսարկող ճառագայթաթափանց սարքերի շնորհիվ Բանգկոկում արտասովոր ուղեբեռ է հայտնաբերել:

Ծանրոցում մարդկային օրգաններ ու մարմնի մասեր են եղել. ներառյալ` նորածնի գլուխ, 3 մասի կտրտված երեխայի ոտք ու փոքրիկ սիրտ: Ընկերությունն անհապաղ դիմել է ոստիկանություն: Այնուհետև պարզվել է, որ 31 տարեկան մի ամերիկացի այդ ամենը փորձել է փոստով Միացյալ Նահանգներ ուղարկել:

Սահմռկեցուցիչ այդ ծանրոցի տիրոջը արագ գտել են ու ձերբակալել, բայց շուտով նորից ազատ են արձակել` առանց մեղադրանք առաջադրելու: Տղամարդը բացատրել է, որ այդ մարմնամասերն ինքը գնել է սև շուկայում և ցանկացել է ուղարկել ընկերներին, որովհետև դա «շատ հետաքրքիր» է համարել:

Կարգուկանոնի պահապաններին բավարարել է ամերիկացու այս բացատրությունը ու հիմա նրանք փորձում են պարզել, թե երեխաների այդ մարմնամասերը որտեղի՞ց են հայտնվել սև շուկայում (տեղեկացրել է AP-ն):