Կապույտ վարդ


Դա արդեն հեքիաթային երազանք չէ: Բացի այն, որ ճապոնացի գիտնականների բազմամյա փորձերից հետո արդեն կարողանում են կապույտ վարդ աճեցնել, մեզանից յուրաքանչյուրը ևս կարող է բացված ծաղիկը տնային պայմաններում երանգավորել:

Բնության մեջ վարդազգիները չունեն կապույտ պիգմենտ. ահա թե ինչու դրանց թերթիկները չեն կարող կապույտ լինել: Ճապոնացի գիտնականների շնորհիվ շուտով երևի տարածում կգտնեն և կապտաթերթիկ վարդերը: Իսկ մինչ այդ փորձեք ինքներդ դա անել տնային պայմաններում` 16-24 ժամվա ընթացքում (խորհուրդ է տալիս HΖΘhΖΘ.ru-ն):

Սպիտակ վարդի ցողուններից հարկավոր է հեռացնել տերևները` եթե չեք կամենում, որ դրանք նույնպես կապտեն: Բանկայի մեջ լցրեք սենյակային ջերմաստիճան ունեցող 100 գրամ ջուր, ավելացրեք կապույտ թանաք և լավ խառնեք: Հեղուկ գունային խտությունը փոքր-ինչ ավելի մուգ պետք է լինի, քան այն գույնը, որը ցանկանում եք ստանալ թերթիկներին:

Ցողունի ծայրից անկյունագծով կտրեք 1 սանտիմետր (որպեսզի այն կարողանա լավ կլանել հեղուկը) և դրեք գունավորված ջրի մեջ` առնվազն 16 ժամ: Ցողունի` ջրում եղած մասը չպետք է գերազանցի 3 սանտիմետրը:

16 ժամը համարվում է բավարար, սակայն ընթացքում պետք է պարբերաբար հետևել, թե ինչպես է ընթանում ներկումը: Չի բացառվում, որ ձեր ծաղիկն ավելի արագ ու ավելի շատ կկլանի գույնը: Հենց թերթիկները գունափոխվեն, ծաղիկը պետք է տեղափոխել սովորական մաքուր ջրով լի ամանի մեջ:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հրաշալի նվեր կլինի դա ցանկացած մեկի համար: Բնականաբար` ձեզ համար ամենաթանկ մարդու համար: Նախ` շքեղ անակնկալ, այն էլ` ձեր իսկ խնամքով ձեռքով պատրաստված: Կապո˜ւյտ-կապույտ, ինչպես մեր նվիրական երազներն են լինում: