Հանուն մեկ հատիկ բառի


Շատ թանկ բառ է երախտիքի այդ արտահայտությունը` «շնորհակալություն», որը ոմանք մոռանում են, ոմանք էլ դժվարանում են արտաբերել: Մինչդեռ շատերը դա լսելու պահանջ ունեն, ինչպես օրինակ 33-ամյա այն ֆրանսիացին, ով նախկին ընկերուհուց «շնորհակալություն» բառը կորզելու պատճառով անցյալ շաբաթ դատապարտ վեց 10-ամսյա բանտարկության:

Անկեղծ ասած` նրա համառ հետևողականությունը քչերը կցուցաբերեին. 10 ամսվա ընթացքում նա շուրջ 22 հազար անգամ զանգահարել է էքս-ընկերուհուն (գրել է LiberΖtion թերթը):

Սիրահար զույգը ապրել է տղամարդու բնակարանում, բայց 2011 թվականից նրանք բաժանվել են: Տղամարդը դեպրեսիայի մեջ է ընկել ու մի քանի անգամ բուժում ստացել հոգեբուժական կլինիկաներում:

Իր համառ զանգերով նա հուսացել է նախկին սիրուհուց ստանալ այն գումարի մի մասը, որը ծախսել էր բնակարանը նորոգելու (երբ իրենք միասին էին ապրում), կամ գոնե շնորհակալական մի խոսք լսելու համար: Դատարանում այդպես էլ խոստովանել է`

- Այնքան ժամանակ, քանի դեռ չէի լսել գոնե «շնորհակալություն» բառը, ես չէի դադարել զանգահարել:

Որպես տուժող հանդես եկող նրա զուգընկերուհին արգելափակել է տղամարդու հեռախոսահամարը, բայց նա շարունակել է զանգահարել ուրիշ համարներից:

21.807-րդ զանգը ստանալուց հետո կինը «անձնատուր» է եղել և արտաբերել այդքան երկար սպասված շնորհակալություն բառը: Եվ տղամարդու զանգերն իսկապես դադարել են: Այդուհանդերձ, նա չի խուսափել դատական պատասխանատվությունից: Լիոնի դատարանի վճռով բանտային կալանքից բացի համառ տղամարդն իր երբեմնի սիրուհուն պետք է վճարի 1000 եվրո` որպես բարոյական վնասի հատուցում: Բացի այդ, 2 տարի նա իրավունք չունի որևէ կապ հաստատել այդ կնոջ հետ:

«Ինքն իր գլխին սարքել»-ն է´լ ոնց է լինում: