Տերևաթափի համանվագ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՇ ԱՇՆԱՆ ԵՐՓՆԱՊՆԱԿԸ

ՏՈՒՆԴԱՐՁԻ ՀՈԳԵԹՈՎ ՄԵՂԵԴԻՆ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի մտահղացած «Վերադարձի» միջազգային փառատոնի երաժշտամեծար կանչով տևական անջատումից հետո հայրենի համերգասրահներում կրկին հայտնվեցին «ակամա վտարանդի» դարձած հատուկենտ արվեստագետներ: Ամենամյա աշնանային տունդարձի այս բացառիկ հնարավորության սահմանները շուտով ընդլայնվեցին, և ստվարացավ դեպի Հայաստան թևող հայազգի երաժիշտներից ձևավորված կռունկների ինքնատիպ երամը: Չէ, ամենքիս քաջ հայտնի հանգամանքների բերումով, հայրենադարձության համազգային հուժկու ալիք չբարձրացավ: Գոնե` առայժմ: Այդուհանդերձ, արտերկրում իրենց կատարողական բյուրեղացող վարպետությամբ հեղինակավոր համերգահարթակներում հաստատված մեր հայրենակիցներից ոմանք սիրահոժար զուգորդեցին իրենց անհատական գործունեությունը հայաստանյան երաժշտական առօրյայի բարձրարվեստ աշխուժացման հետ:

Հայաստանում անցկացվող խոշոր երաժշտական միջոցառումների ակտիվ մասնակիցը դարձավ նաև հանրաճանաչ դաշնակահար Վահագն Պապյանը: Այս անգամ իսրայելաբնակ մեր հայրենակիցը «Արամ Խաչատրյան» համերգասրահում երևանյան երաժշտասերներին ներկայացավ որպես դիրիժոր` ղեկավարելով Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ պոեմի, Շումանի 2-րդ սիմֆոնիայի և Պագանինիի ջութակի 1-ին կոնցերտի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կատարումները: Նոյեմբերյան այս համերգը ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի առաջարկով էր ծրագրվել շնորհառատ երաժշտի անցյալ այցին: Վահագն Պապյանի նախաձեռնությամբ էլ ապահովվել էր առեղծվածային շնորհի տեր իտալացու բարդագույն կոնցերտի առավել դյութիչ հնչողությունը ՌԴ վաստակավոր արտիստ Գրաֆ Մուրժայի անզուգական մենանվագով: Չմոռանանք փաստել, որ տրանսիլվանական արմատներով այս տաղանդավոր հունգարացին դեռևս 16 տարեկանում էր փայլուն հաղթանակ տարել Նիկոլո Պագանինիի անվան միջազգային մրցույթում:

- Քչերն են հասկանում այս երևելի կոմպոզիտորի իրական արժեքը,- խոստովանում է Հայաստանում երկրորդ անգամ գտնվող վիրտուոզ ջութակահարը, ում կյանքում Պագանինին դարձել է ոչ թե սոսկ երկացանկի, այլ արտիստական նկարագրի անկապտելի մասը: - Մաեստրո Պապյանը «կրկնակի հերոս է», քանի որ խիզախեց կատարողական առանձնակի վարպետություն պահանջող անզուգական այդ միստիկ երաժշտությունը հնչեցնել նվագախմբով:

Թոփչյան-Պապյան համագործակցության առանցքը Շումանի ստեղծագործական ժառանգության լիարժեք հանրահռչակումն է մեզանում, կարևորագույն երաժշտական մի նոր նախագիծ, որի սքանչելի մեկնարկն ազդարարվեց օրերս:

- Չքնաղ սիմֆոնիա է, երաժշտական արարման բարձրակետ, որում կարելի է գտնել Մալերի, Վագների ներշնչանքի ակունքները,- համերգի միջնարարին բարձրաձայնեց ՀՊՖՆ հրավիրյալ դիրիժոր Վահագն Պապյանը:- Քնարաշունչ, կուռ համակարգված, ցայտուն վերջնահանգով մի երաժշտակտավ, որը կոմպոզիտորը գրել է մոտ 1 տարում` փոփոխելով մի շարք դրվագներ հռենոսյան բնապատկերների, ռոմանտիկական լեգենդների, գեղջկական պարզ կենցաղի հարուցած խանդավառությամբ: Շումանն ինքնահատուկ անկեղծությամբ, ասես ինքնաբուխ, չի թաքցրել իրեն պատուհասած ծանր հիվանդությունից վերացարկվելու ճիգերը: Նաև` Բեթհովենի հերոսական սիմֆոնիաներին համարժեք նոր գործ ստեղծելու ձգտումը:

ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ

Հոգևոր լիցքերի աննախադեպ տարողունակ ու բազմերանգ ներարկում- իրարահաջորդ համերգներով գոտեպնդվեցին նաև Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մշտական այցելուները:

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան) ունկնդիրներին ներկայացավ հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններով: Միևնույն երեկոյի տիրույթում համադաշն հնչում էին հայկական և ռուսական, էստոնական և ճապոնական խմբերգեր` աներևույթ ցուցանելով տարազգի արվեստագետների` Սոֆյա Գուբայդուլինայի և Վաչե Շարաֆյանի, Արվո Պյարտի և Ավետ Տերտերյանի, Արթուր Ավանեսովի և Տորու Տակեմիցուի ժանրային մտածողության ընդհանրություններն ու յուրատիպությունները: Ի դեպ, Շարաֆյանի «Ծաղկաթափի երաժշտություն» խմբերգը գրվել է ճապոնացի Միոեի բանաստեղծության հիման վրա, իսկ Ավանեսովի ստեղծագործությունների հիմքում Մարինա Ցվետաևայի ու Աննա Ախմատովայի նրբահյուս ու հուզառատ պոեզիան է: Հատկանշական է, որ «Հովերն» առաջին անգամ հնչեցրեց Ավետ Տերտերյանի «Ակապելլա» խմբերգը, ինչպես նաև Գուբայդուլինայի «Նվիրումն Մարինա Ցվետաևային» խմբերգային շարքը:

21-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախաձեռնած ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը համախմբել էր մեր արդի երաժշտարվեստի առաջատարներին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին: Ուշագրավ է, որ 2000 թվականից հետո հայ կոմպոզիտորների ստեղծած գործերի կատարումներով հանդես եկան ոչ միայն հայաստանցի երաժիշտ կատարողները, այլև հանրահայտ մենակատարներ Չինաստանից, Իսրայելից և Շվեյցարիայից: Ավետ Տերտերյանի հոբելյանակատարությանն առանձնակի փայլ հաղորդեցին այս փառատոնի շրջանակներում նրա կամերային անտիպ գործերի մշակումների համաշխարհային պրեմիերաները` ծնունդ տալով մինչ դեկտեմբերի կեսերը ձգվող «Տերտերյանֆեստին»: Հայ կոմպոզիտորներից 6-ի` Ջեննի Ասատրյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Նարինե Զարիֆյանի, Վարդ Մանուկյանի, Էդուարդ Հայրապետյանի և Տիգրան Մանսուրյանի կամերային երկերը հանրային անհամեմատ լայն հետաքրքրություն արթնացրին: Չնայած` թե´ նորահայտ, թե´ մեծանուն հեղինակները, կարծես սովորույթի ուժով, շարունակում են տրտնջալ, իբր իրենց ամենահաջողված գործերն անգամ միայն նեղ մասնագետներին են գայթակղում: Սա այն պարագայում, երբ հանրահայտ ավագների հոբելյանները լեփ-լեցուն դահլիճներում են ամփոփ մեծարվում` արվեստասեր հանրությանը ներկայացնելով նրանցից շատերի երբևէ չհնչեցված գործերը:

- Մեր երիտասարդները կոնսերվատորիայում ուսանելիս արդեն 3-րդ, 4-րդ կուրսերում են պատրաստ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցնել,- ասում է ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:- Ընդ որում, ոչ միայն հայ հեղինակների, այլև 20-րդ դարի աշխարհահռչակ այլազգի կոմպոզիտորների գործերն են հմտորեն մեկնաբանում:

ԽՆԿԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿԻՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) կրկին «դասական իրարանցում» է. հախուռն ընթացքի մեջ է դասական երգեցողության հանրապետական եռաստիճան 6-րդ մրցույթը, որի 2-րդ փուլը կավարտվի վաղը: Նվիրված լինելով «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին, այն իր ավարտական ակորդները կհնչեցնի երգչուհու ծննդյան օրը` դեկտեմբերի 14-ին, մրցանակաբաշխությամբ և 53 հայտատուներից լավագույններ ճանաչվածների գալա համերգով: Մրցույթի վարկանիշը բարձրացնելու նպատակով այս անգամ անհամեմատ շռայլ դրամական պարգևներ են սահմանվել` 100-300 հազարական ՀՀ դրամ: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի 2-ական մրցանակակիրներին առաջին անգամ հանձնվելու են նաև քանդակագործ Արման Դավթյանի հեղինակած «Նուռ» արձանիկներ: 5 հատուկ մրցանակների կարող են հավակնել Գոհար Գասպարյանի օպերային երգացանկից ընտրված և Տիգրանյանի «Անուշ» օպերայի գլխավոր դերերգերի` հատկապես Սարոյի և Անուշի արիաների լավագույն կատարողները: Ասենք, որ կազմակերպիչները` Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և ԵՊԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության գործուն աջակցությամբ փորձում են միջազգային ընդգրկում տալ այս մրցույթին` ներգրավելով երգիչ-երգչուհիներ արտերկրից:

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ուշ աշնան տարահունչ «գոբելենին» տպավորիչ նրբերանգ հավելվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Հենց նրա եռանդուն աջակցությամբ են վերջին տարիներին ակտիվացել հատկապես հայ-ֆրան սիական երաժշտական արդյունավետ փոխշփումները: Այս անգամ ֆրանսիացի ճանաչված դաշնակահարներ Տրիստան Պֆաֆֆի և Օլիվիե Պեյրբրյունի հետ անօրինակ դաշնամուրային քառյակ էին կազմել ինքը` Վահան Մարտիրոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը: Խենթավուն այս երաժշտանախագծով մեկտեղված վիրտուոզ արվեստագետների միջև հաստատված կատարյալ փոխըմբռնմամբ նորահայտ գրավչությամբ արվեստասեր հանրությանը մատուցվեցին հանրածանոթ 2 երաժշտակտավներ` Բախի դաշնամուրային կոնցերտն և Մորիս Ռավելի «Բոլերոն»:

Դաշնամուրային այս անակնկալ հրավառության կիզակետը համերգասրահը համառորեն լքել չցանկացող երաժշտասերների օվացիաներով կրկնակի բիսով հնչեցված խաչատրյանական «Սուսերով պարն» էր` առանձնակի տպավորիչ նորովի գործիքավորմամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ