Լույսը գնում է Լույսի ճանապարհով


Վերջերս տեղի ունեցավ Հ. Վարդումյանի «Փոքր Մհերի վերադարձը» գրքի շնորհանդեսը:

Այս առիթով զրուցեցինք բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ:

Ծնվել է Հայաստանի Լոռու մարզի Ճոճկան գյուղում: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում` որպես ճարտարագետ:

Մինչ արձակին անցնելը գրում էր բանաստեղծություններ: Խորհրդային տարիներին Հովիկ Վարդումյանի վեպերը, պատմվածքները, վիպակները, հրատարակվում էին սահմանափակ տպաքանակով, քանի որ նա իշխանությունների կողմից համարվում էր հակադրվող տարր:

Որպես կամավոր մասնակցել է Արցախյան ազատամարտին` մինչև պատերազմի ավարտը:

Այժմ Հայ Գրողների Միության անդամ է և նրա արձակը հրատարակվում է կանոնավոր կերպով: Դրանք արժանացել են տարբեր մրցանակների: Բացի դրանից, նրա վեպերից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:

- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը. որտեղից ուր եք հասել:

- Երազից իրականություն: Փոքր հասակից երազել եմ գրող դառնալ և, կարծես թե հասել եմ նպատակիս:

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

- Մեր հասարակության գերակշիռ մասը սևեռված է նյութի վրա, իսկ փոքր, բայց բարձր մասը` անկախ պետականության կայացման: Արվեստը ևս ձևավորվում է այդ ուղղություններով:

- Ի՞նչն է Ձեզ առավել անհանգստացնում մեր երկրում:

- Երեսուն արծաթով ծախվողների բազմությունը, պետականության կորստի հավանականությունը:

- Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս գրականության մասին:

- Մեծ տարբերություն չեմ տեսնում: Լույսը գնում է Լույսի ճանապարհով, խավարը` խավարի:

- Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան:

- Իմ վերջին երկու վեպերում հստակ պատասխանել եմ այդ հարցին: Մեր ազգը նախնական Ոգու և Լույսի կրողն է: Դեռ գալու է ապագայի մարդու սերմը կրողի ժամանակը` Լույսի թագավորությունը: Այն կրողը պիտի բազմի ամենաբարձր գահին: Հայոց ազգի կորուստը փափագողները պիտի գնան մեռած աստվածների ճանապարհով:

- Ինչպե՞ս են ծնվում Ձեր գրքերը. խնդրում եմ նաև ներկայացրեք «Փոքր Մհերի վերադարձը» գիրքը:

- Մեկ կամ մի քանի տարի գրում եմ մտքիս մեջ. արթուն և երազում: Երբեմն երազներս ավելի իրական են լինում և շատ են օգնում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, գալիս է բառի կենդանացման ժամանակը: Այդ դեպքում կարող եմ մի քանի ամսվա ընթացքում վեպ գրել: Գրում եմ առանց ընդհատելու, օրական մի քանի ժամ, նույնիսկ ողջ օրը: Կողքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե մի քանի ամսում վեպ գրեցի: Սակայն իրականում դա տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է:

Գրելու ընթացքում, երբ ծնվում են հերոսներն ու սկսում են ապրել, իրենք են տնօրինում իրենց ճակատագիրը: Դա կարող է լինել վեպի սկզբից, ամենաուշը` կեսից: Եվ շատ հաճախ, կարելի ասել միշտ, իրենք են հաղթում: Ծնված հերոսները չեն ցանկանում ապրել հեղինակի թելադրանքով: Բոլորովին ուրիշ գործ է ստացվում: Նրանք ինձնից խլում են արարողի իրավունքը և տնօրինում իրենց ցանկությամբ:

Բացառություն չէր նաև «Փոքր Մհերի վերադարձը» վեպը: Ես երկար մտածել էի «Կանթեղի» շարունակության մասին, բայց դեռևս ինձ պատրաստ չէի զգում սկսելու համար: Պետք է պատմվածք գրեի մի ազատամարտիկի մասին: Եվ, ահա, այդ ազատամարտիկ հերոսն ինձ կանխեց: Ծնվեց մի ուրիշ հերոս, ասպարեզ եկան «Կանթեղի» հերոսները և ծնվեց «Կանթեղ-2»-ը:

Միշտ այնպիսի տպավորություն է, կարծես մեկը թելադրում է, հազիվ եմ հասցնում գրի առնել:

- Արդյո՞ք այն նոր էջ կբացի մեր ժամանակակից գրականության ու նորագույն պատմության մեջ:

- Մի՞թե այդքան մեծամիտ մարդու տպավորություն եմ թողնում: Այդ հարցին կարող են պատասխանել գրականագետները: Այնքան էլ համոզված չեմ, թե նրանք դրական պատասխան կտան:

- Ի՞նչ հորդորով կդիմեիք մեր ժամանակի երիտասարդությանը:

- Արվեստը հայրենասիրության, գեղեցիկի, բարու, ասպետականության կրողն է: Մի´ գայթակղվեք ժամանակավոր փառքի ծիածաններով: Յուրաքանչյուր արվեստագետ, գրիչ կամ վրձին վերցնելով, պիտի մտածի, թե իր ստեղծածն ինչ է տալու իր ազգին: Յուրաքանչյուրն իր ազգից է ժառանգել ստեղծագործելու շնորհը և պարտք ունի նրա հանդեպ: Արվեստագետին ապրեցնողը և հավերժացնողը նրան ծնող ազգն է: Երբեք չմոռանանք այդ մասին:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ