Հետմահու վերադարձ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետութ յան բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

Երեկ տեղի ունեցավ նրա հարազատների` Սեպուհի զարմիկ Մարտիրոս Անաստասյանի, թոռան` Էդվարդ Տիրանյանի, «Զորավար Սեպուհ» մենագրության հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի և ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն, կապիտան Ավագ Հարությունյանի մամլո ասուլիսը:

Զորավար Սեպուհի աճյունասափորն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ կամփոփվի «Եռաբլուր» պանթեոնում: Այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ: