Զուգարանատյացները


Կարծում եք` ամբողջ աշխարհն այնքան է առաջադիմել, որ Երկիր մոլորակը պայթում է քաղաքակրթությունից ու բոլորի հայացքը տիեզերքի՞ն է հառված: Ո´չ և ո´չ: Նույն մոլորակի վրա դեռևս մարդիկ կան, ովքեր զուգարանից չեն օգտվում: Ասենք ավելին. պարզվում է, որ նոյեմբերի 19-ին աշխարհը նշում էր Զուգարանների միջազգային օրը:

Ու այդ տոնը մե˜ծ շուքով նշելու համար նախօրյակին Հնդկաստանում եռօրյա փառատոն էր կազմակերպվել: Փառատոնը, որին մասնակցում էին նաև Բութանի, Նեպալի, Շրի-Լանկայի, Լաոսի, Վիետնամի ու Աֆղանստանի ներկայացուցիչներ: Էս խե˜ղճ ակտիվիստների նպատակն էր` ասիաբնակների գիտակցությանը հասցնել սանիտարիայի պահանջները ու նրանց համոզել զուգարանից օգտվելու անհրաժեշտությունը: Հենց այդպես էլ արտահայտվել է միջոցառման կազմակերպիչներից Բրինդեշա վարա Պատական` The TiΗes Of IndiΖ թերթին տված հարցազրույցում: Ու գիտե՞ք ի˜նչ հեռահար ծրագիր ունեն` «Մինչև 2019 թվականը զուգարաններ բոլորին»: Զուգարանախույս տեղաբնակներին համոզելու համար էլ դպրոցականները, կոյուղային տնտեսության աշխատակիցներն ու աղբ հավաքող մարդիկ միզակճուճներ էին դրել գլխներին ու բռնել ձեռքերին (հաղորդել է DNA-ն): Փառատոն կոչվածի ժամանակ նաև զուգարանակոնքեր են պտտեցրել և... զուգարանակոնքի տեսքով 700 կիլոգրամանոց տորթ...

Հնդկական լրատվամիջոցները փաստում են, որ երկրի ավելի քան 620 միլիոն բնակիչներ իրենց բնական կարիքները հոգում են այսպես կոչված մաքուր օդում: Դրա ամենացայտուն հետևանքն այն է, որ այստեղ տարեկան 600 հազար մարդ մահանում է դիարեայից. նրանց 1/3-ը երեխաներ են:

«Զուգարանային հիմնախնդիրը» Հնդկաստանում բխում է կրոնական տաբուներից: Գյուղական հատվածում ապրողները վարժվել են բնական կարիքները հոգալ իրենց տներից ոչ հեռու դաշտերում ու ջունգլիներում: Դա նրանք համարում են հարմարավետ ու տրամաբանական: Եվ գտնում են, որ փակ զուգարաններից պետք է օգտվեն միայն անձեռնմխելի կաստաների ներկայացուցիչները կամ քաղաքաբնակները, ովքեր հնարավորություն չունեն արտաթորել փողոցներում:

Տրամաբանությունը հետևյալն է.

- Արտաթորանքը չպետք է նույն տանիքի տակ գտնվի, որտեղ մենք ուտում ու քնում ենք:

Անմտությո´ւն. տանը չեք ուզում` բակում զուգարան կառուցեք:

Ահա քեզ մաքրակեցության գրավական:

Հավելենք նաև, որ Զուգարանի միջազգային օր կոչվածը ամրագրվել է անցյալ տարի: