18 հազարը` մեկ տարում


Խոսքը ահաբեկչության զոհերի մասին է, որոնց թիվը աճում է տարեցտարի: 2013 թ. այդ թիվն աճել է 61 %-ով` կազմելով 18 հազար մարդ: Սա է պնդում GlobΖl TerrorisΗ Index-ի հրապարակած զեկույցը:

Բնականաբար մեծացել է նաև ահաբեկիչների հարձակումների քանակը` 44 %-ով. նույն` 2013 թ. արձանագրվել է 10 հազար ահաբեկչություն, և միայն Իրաքում զոհվել է 6 հազարից ավելի մարդ: Ի դեպ, այսօրինակ վայրագություններից ամենից ավելի տուժում է Իրաքը, որին հաջորդում են Աֆղանստանը, Պակիստանը, Նիգերիան և Սիրիան: Աշխարհում ամենաշատ մարդկային կյանքեր զոհել են «Իսլամական պետության», «Ալ-Քաիդա»-ի, «Բոկո Հարամ»-ի և «Թալիբան»-ի գրոհայինները:

Տնտեսության և խաղաղության ինստիտուտի ներկայացրած զեկույցում նշվում է, որ այդ 4 խմբավորումները օգտագործում են կրոնական գաղափարախոսությունը` հիմնված ծայրահեղականության վրա: Բայց զեկույցի հեղինակները նաև ընդգծում են, որ կրոնական գաղափարախոսությունը ահաբեկչության միակ պատճառը չէ: Կան հենց մահմեդական խաղաղ երկրներ (Կատարը, Քուվեյթը), որոնք նույնպես ահաբեկչության թիրախ են դառնում:

Մեկ այլ իրողություն էլ կա. ինչպես հավաստում են զեկույցի հեղինակները` թեև աճում է ահաբեկչությունների ու դրանց զոհերի թիվը, սակայն յուրաքանչյուր 2-րդ ահաբեկչությունն անցնում է առանց զոհերի: Մինչդեռ «սովորական» սպանության զոհ դառնալու հավանականությունը յուրաքանչյուրիս համար 40 անգամ ավելի մեծ է, քան ահաբեկչությունների արդյունքում: (BBC.ru):