Աշխարհի ամենահզոր մահկանացուները


Ամերիկյան Forbes ֆինանսա-տնտեսական ամսագիրը արդեն հրապարակել է «Ո՞վ է ամենահզորը» ամենամյա վարկանիշային ցանկը, ուր տեղ են գտել աշխարհի 72 ամենազորեղների անունները: 72 թիվը պատահական չէ. ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր 100 միլիոն աշխարհաքաղաքացուց մեկը հաշվարկով: Ինչպե՞ս է ինքնատիպ վարկանիշային ցանկերը կազմում ճանաչված այս հանդեսը.

- Այդ ռեյտինգը կազմվում է FORBES-ի խմբագիրների քվեարկությամբ,- պատմել է հանդեսի ներկայացուցիչ Քեռոլայն Հովադը` մանրամասնելով, որ հաշվի են առնվում ճանաչված մարդկանց ֆինանսական կարողությունները, իշխանության ծավալը և իր իշխանությունը կիրարկելու պատրաստակամությունը, ինչպես նաև` այն մարդկանց քանակը, ում հուզում կամ ում վրա ներգործում է հնարավոր վարկանիշատիրոջ գործունեությունը:

Այսինքն` մարդկային համակրանք-հակակրանքները բացառվում են:

Մի խոսքով, այս տարվա ցանկում ընդգրկվել են 17 պետությունների ղեկավարներ:

Արդեն 2-րդ տարին է` ցանկի առաջին հորիզոնականում Վլադիմիր Պուտինն է: Առաջին հնգյակում նույն անձինք են, ովքեր նաև 2013-ին էին. չորրորդ տեղում Հռոմի պապ Ֆրանցիսկն է, 5-րդում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նրան հաջորդում է ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջենեթ Յելլենը: Փաստորեն առաջին անգամ ցանկը գլխավորող տասնյակում 2 կին կա:

Ցանկում ընդգրկված միլիարդատերերի համընդհանուր հարստությունը կազմում է 790 միլիարդ դոլար: Սակայն նրանց առկայությունը միայն դրամական ունեցվածքով չի պայմանավորված. այդ մարդկանցից շատերն ակտիվորեն զբաղվում են բարեգործություններով, որոնցով և մեծ ճանաչում են վայելում: Նրանց թվում է աշխարհի ամենահարուստ մարդը` Գեյթսը, ինչպես նաև Ուորեն Բաֆետը, Կառլոս Սլիմ Հելուն, Մարկ Ցուկերբերգը, Մայքլ Բլումբերգը, Չարլզ ու Դևիդ Քոչերը և Լի-Կա-շինը: