Գուցե կասեն` Կոլումբոսն էլ թուրք էր


Թուրքական անպատկառության զազրանքը մենք սեփական մաշկի վրա ենք զգում` արդեն ավելի քան 100 տարի: Ու չենք հասկանում, թե այս շա˜տ խելոք աշխարհը գոնե մեր դառը փորձից ինչո՞ւ դասեր չի քաղում: Հենց այդ անտարբերությունն էլ ոգևորում է ամեն ինչ հափշտակել սիրող ու իրենց խաշնարած անցյալը ուրիշներից գողացածով ծածկող թուրքերին: Սրանք լավ գիտեն, որ մեկին թիրախ ընտրելով կարող են սիրաշահել մյուս բոլորին, որ իրենց բարբաջանքը չլսելու տան:

Գուցեև ամերիկացիների համար կարևոր չէ, թե ով է հայտնագործել իրենց մայրցամաքը: Մեզ համար էլ դա այնքան էական չէ, բայց մենք լավ գիտենք, թե որքան հեռահար են թուրքի բերանից հնչող «անմեղ-անէական» հայտարարությունները: Այս մեկն էլ «դատարկ կրակոց» չէ` Էրդողանի շուրթերից: Իսկ նա երկու օր առաջ ի լուր աշխարհի որոտաց` մահմեդական ծովագնացներն Ամերիկան հայտնաբերել են Քրիստափոր Կոլումբոսից 300 տարի առաջ: Ավելին, նա կոնկրետ տարեթիվ է նշում` 1178 թվականին: Որոտաց, հետո էլ ընդգծեց, որ Լատինական Ամերիկայի որոշ երկրների բնակիչներ արդեն 800 տարի ծանոթ են մուսուլմանական մշակույթին:

Հետո՞ ինչ, որ այդ մշակույթն այդ տարիքը չունի: Կարևորը` մարդկանց ականջները վարժեցնելն է: Էրդողանը (հա´մ Ռեջեփ, հա´մ Թայիփ) նույնիսկ վկայակոչել է Կոլումբոսի օրագրի մի գրառումը, ուր իբր հիշատակվում է Կուբա թերակղզու մի բլրի վրա «մզկիթի» մասին: Թուրք առաջնորդի խոսքերով` ինքը պատրաստ է կուբայական իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթ կառուցելու հարցը:

Ուրեմն` Էրդողանը որոշել է մզկիթի տեսքով մահմեդական մշակույթի վկայություն հիմնել այդ մայրցամաքում:

Ի դեպ, Նոր Աշխարհի հայտնագործումը թվագրվում է` 1492 թ. հոկտեմբերի 12: Իսպանացի ծովագնաց Կոլումբոսի ղեկավարությամբ 4 արշավախումբ ծովագնացութ յան է մեկնել` դեպի Հնդկաստան առևտրային ամենակարճ ուղիներ որոնելու: Այդ ժամանակ էլ հայտնաբերել է Ամերիկան: Իսկ շատ պատմաբաններ բազմիցս անդրադարձել են Կոլումբոսի նշյալ գրառմանը և հիմնավորել, որ նրա տեսածը ինչ-որ տաճար կամ այլ կառույց է եղել, որը սխալմամբ ընկալվել է որպես մահմեդական կրոնական շինություն: