Բարեկարգ քաղաք

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Մարգարյան. օրեր առաջ «Ավանգարդում» ներկայացրել էի իմ կարծիքը Երևանի ճարտարապետության մասին: Ու թեև Ձեր արձագանքը չստացա, բայց ուզում եմ խոսել նաև քաղաքի կանաչապատման մասին:

ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ

Երևանցին սովոր էր ապրել` շրջապատված ծառերով: Քաղաքի կանաչ տարածքը օդի պես անհրաժեշտ է քաղաքում բնակվող մարդկանց:

Երևանի հատակագծում մեծ տեղ է հատկացված կանաչապատմանը: Նախագծվող ամեն շենքի դիմաց պարտադիր տարածք է հատկացվում ծառ ու ծաղկի համար: Սակայն գործարար մարդիկ անմիջապես օգտագործեցին այդ տարածքները` ավտոտնակներ տեղադրելու, բոստաններ հիմնելու: Ավելին, սկսեցին կառուցել 2-3 հարկանի կապիտալ շենքեր տարբեր նպատակների համար: Այս շինությունների հասցեն պարզ է` այսինչ փողոց, այսինչ տան դիմաց:

Քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ նման կառույցները պետք է վերացվեն: Ինձ համար դժվար է պատկերացնել` Ո՞ՆՑ:

Իհարկե, որոշ աշխուժություն կա, բայց... ուժը պատում է միայն մանր-մունր առևտրակետերի վրա, կապիտալ կառույցները դեռ կանգուն են: Առավել ևս, նոր շենքեր են աճում: Օրինակ, հենց Հալաբյան փողոցում, «Ավելի բարեկարգ Երևան» պաստառով ծածկված նոր շինությունը շուտով կհանձնվի շահագործման:

Ինչի՞ն պետք է ծառայի այս նորակառույցը` հայտնի չէ: Մի քանի տարի առաջ նույն Հալաբյան փողոցում բարձրացավ երկհարկանի շինություն` կառուցվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի դիմաց: Այսօր այդ շենքը դրված է վաճառքի:

Զարմանք է առաջացնում, որ այդ շինությունները զբաղեցնում են ոչ միայն շենքին հատկացվող կանաչ տարածքը, այլև շենքը շրջապատող ասֆալտապատ անցուղին: Այս ամռանը կառուցվեց քարե ավտոտնակ` հենց շենքին կից անցուղիում:

ԻՍԿ ԶԲՈՍԱՅԳԻՆԵ՞ՐԸ...

Աջափնյակում, Ֆիզիկայի ինստիտուտի տարածքից մինչև Մարզահամերգային համալիր ձգվում էր Թումանյանի անվան զբոսայգին, ուր «բնակվում էին» Թումանյանի կերտած հերոսները:

Այսօր դա Թումոյի այգին Է: Այգում կառուցվեց շենք, որտեղ երիտասարդներին ծանոթացնում են համակարգչային տեխնոլոգիային:

Խոսք չկա, երիտասարդ սերնդին դա պետք է, բայց ինչո՞ւ ի հաշիվ արդեն գործող Թումանյանի անունը կրող այգու:

Հիշեցման կարգով ասեմ, որ առաջներում Կոմիտասի անվան քաղաքային այգում գործում էր կինոթատրոն, փողային նվագախումբը կանչում էր մարդկանց պարի հրապարակ:

Այգին ուներ ծիծաղի սենյակ և բազմաթիվ ատրակցիոններ: Մարդիկ գալիս էին այգի և´ զվարճանալու, և´ հանգստանալու:

Արդյո՞ք Կոմիտասի անվան այգին այսօր ծառայում է այն նպատակին:

Այսօր այգին մեր մեծերի գերեզմանատունն է, քաղաքային պանթեոնը:

Մեծերի հիշատակը պե´տք է հարգել, բայց ապրողներին ևս չպետք է անտեսել: Կամ, մի՞թե հնարավոր չէ կառուցել մի շքեղ դամբարան` ազգի մեծերի համար:

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ` ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամեն գարնան և աշնան ամիսներին Երևանի փողոցի ծառերը հատվում են: Հասկանալի է, երբ ծառի ճյուղերը հատվում են ներքևից, ծառը կաճի վերև, երբ ծառի ճյուղերը հատվում են վերևից, ծառը կաճի լայնությամբ: Ո՞նց բացատրել, որ երբ ծառը կիսում են, ծառը դժվար թե աճի և տերևներով ծածկվի: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ Կիևյան փողոցի ծառերը ծածկված են այլանդակ կոշտուկներով:

Քաղաքի իշխանությունները պետք է խնամքով վերաբերվեն փողոցի ծառերին. դրանք քաղաքի թոքերն են: Իսկ հատումները պետք է կատարվեն միայն մասնագետի ներկայությամբ:

Վերջին տարիներին քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ սկսվեցին բարեկարգվել և գեղեցկանալ շենքերի բակերը:

Լա´վ է, գեղեցի´կ է, բարեկա´րգ է: Բայց որպեսզի այդ գեղեցկությունը պահպանվի` անհրաժեշտ է, որ լինի պատասխանատու անձ: Նստարանները կոտրվում են, պետք է անմիջապես վերանորոգել: Խողովակների փականները վերացել են, ջրով լիքը խողովակները խոցված են փայտե խցանով, որից ջուրը հոսում է ոնց պատահի, դուրս է գալիս և ջրում մայթերը: Պետք է լինի մեկը, որ ջուրը մոտեցնի ծառերին, ծառերը ջրի:

Քաղաքի զարդերից է Հրազդանի կիրճը: Զբոսանքի և հանգստի սքանչելի վայր: Իզուր չէ, որ կիրճում սնկի պես աճեցին ռեստորաններ, հյուրանոցներ, մոթելներ և այլն: Ազատ տարածքները այնպես են աղտոտված, որ զբոսնելու մասին մտածել անգամ չես ուզում:

Ժամանակ առ ժամանակ ձորում երևում են կամավորներ, մեծ մասամբ ուսանողներ, ովքեր մաքրում են ձորը: Բայց այդ մաքրությունը երկար չի տևում. գալիս է քեֆչիների մի նոր խումբ, ուտում-խմում և թողնում աղտոտված միջավայր:

ՈՒՆԵՄ ԱՌԱՋԱՐԿ

Նկատել եմ, որ ձոր են իջնում մարդիկ, ովքեր հավաքում են դատարկ ապակե շշերը: Կարելի է խորհրդանշական վարձատրությամբ նրանց հանձնարարել` հետևելու ձորի մաքրությանը: Այդ մարդիկ պետք է մոտենան քեֆչիներին, իհարկե քեֆից առաջ, և առաջարկեն, որ որոշակի վճարի դիմաց իրենք կմաքրեն նրանց աղտոտած տարածքը:

Իհարկե, ձորում հանգստանալը անվճար է, բայց տարածքը աղտոտելու համար պետք է վճարել:

Նույն ձորում ճանապարհը մի կողմից շրջապատված է պատով` հնարավոր սողանքից պաշտպանելու համար: Ժամանակի ընթացքում պատի վրա առաջացել են ճաքեր, որոնցից ջուր է հոսում: Ջրմուղի աշխատողները ներքին առուների միջոցով պատի հակառակ կողմից այդ ջրերը ուղղորդում են դեպի գետ: Որոշ ժամանակ անց ջրի մեծ ու փոքր շիթերը կրկին երևում են պատի վրա: Այդ ջրերով ավտովարորդները մեքենաներ են լվանում, և լվացքի միջոցների ու ջրերի հետևանքով քայքայվել է ճանապարհի ծածկը, գոյացել են փոսեր:

Հարցը կլուծվի, եթե ջրմուղի աշխատակիցները ավելի հաճախ հեռացնեն կուտակված ջրերը, հակառակ դեպքում ոչ միայն ասֆալտը, այլ նաև պատը կփլվի, և վնասը կլինի շատ ավելի մեծ:

Ավարտելով խոսքս, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել քաղաքի ընդհանուր տեսքի, քաղաքի լանդշաֆտի վրա:

Մեր ժողովուրդը նաև այս հարցում ընդօրինակում է Եվրոպային:

Եվրոպական երկրները ունեն ավելի սառը և խոնավ կլիմա ու այդ պատճառով նրանք աշխատում են պուրակները, հրապարակները բաց պահել արևի դիմաց: Այդ երկրներում աշխատում են քաղաքը ոչ թե ծառապատել, այլ կանաչապատել: Մեր երկրում արևը բարկ է, կլիման` չոր: Մենք պետք է քաղաքը ծառապատենք` արևից պաշտպանվելու համար:

Հարգելի պարոն Մարգարյան, քաղաքի բարեկարգման աշխատանքները շատ են, բայց իրագործելի են, եթե այդ գործին միանան թե´ թաղապետերը, թե´ համատիրությունները, թե´ ողջ ժողովուրդը:

Մաղթում եմ բարի ընթացք` Երևանը շեն պահելու Ձեր գործին:

Շողիկ ՀԱԿՈԲՅԱՆ          Երևանցի