Սովորական աշուն է


Խորհրդարանական ընդդիմությունը դեռ ամռանը խոստացել էր, որ քաղաքական աշունը թեժ է լինելու: Հասարակության կյանքում կտրուկ փոփոխության հասնելու նպատակի շուրջ ԲՀԿ կոչով միավորված քաղաքական երեք ուժերը, համահանրապետական երկու հանրահավաքից հետո անցան մարզերում շտաբներ ձևավորելուն: Հարցազրույցը ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Կարինե ԱՃԵՄՅԱՆԻ հետ ներքաղաքական զարգացումների մասին է: Նա կարծում է, որ աշունը սովորական է:

Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր եռյակի խոստացած թեժ աշունը որքանո՞վ ստացվեց :

- Մենք միշտ ենք խոստումներ լսում սպասվող թեժ աշնան մասին, բայց ես կարծում եմ` նորմալ աշուն է` մեզ համար իր բոլոր գործընթացներով, որոնք մենք իրականացնում ենք յուրաքանչյուր աշուն. բյուջեի քննարկում, նաև Եվրասիական տնտեսական համագործակցության պայմանագիրը պետք է քննարկենք, շատ օրինագծեր ունենք, որ արտահերթով քննարկելու ենք: Այդ առումով մեր աշխատանքն ԱԺ-ում իհարկե շատ թեժ է: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ` սովորական աշուն է:

- Իսկ ա՞յն, որ ԲՀԿ առաջնորդը խոստանում է իր պայքարում գնալ մինչև վերջ` իշխանափոխության և նահանջ չի լինելու:

- ԲՀԿ-ն իր մարտավարությունն ունի. նրանք իրենց քաղաքականությունը վարում են` ելնելով իրավիճակից: Կարծում եմ` այս անգամ էլ նույնն է, արտառոց որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, և կարծում եմ` տեղի չի ունենա:

- Այսինքն, այդ ամենը զուտ հանրահավաքային հուզականությա՞նը վերագրենք:

Ինքը` Գագիկ Ծառուկյանը, իշխանափոխության մասին չի խոսել:

- Ձեզ չի՞ անհանգստացնում, որ քաղաքական մյուս ուժերը միավորվում են ԲՀԿ-ի նշած գաղափարի շուրջ:

- Մեզ ընդհանրապես անհանգստացնում են միայն այն հարցերը, որոնք առաջանում են քաղաքացիական նախաձեռնություններով: Այսինքն` այն հարցերը, սոցիալական խնդիրները, որոնք անհանգստացնում են հասարակությանը: Իսկ ընդդիմադիր ուժերի համախմբվածությունը, իհարկե, մեզ չի անհանգստացնում. կարող են շարունակել միավորվել և իրենց օրակարգը ձևավորել միասին:

Վերջերս Հանրապետության նախագահն անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքին, հիմնականում անդրադարձավ երկու-երեք հարցի: Կարևորեց հատկապես սահմանադրական բարեփոխումները և կառավարությանը կոչ արեց առավել ուշադրություն դարձնել ընդդիմության ներկայացրած տասներկու կետերին: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Ես շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ և´ նախագահի, և´ վարչապետի կողմից հնչում են համատեղ աշխատելու, հարցերը համատեղ քննարկելու կոչեր: Եվ հենց նույն` 12 կետերի հետ կապված` մենք ինքներս էլ ասել ենք, որ իհարկե, եթե ընդդիմությունը կամ հասարակությունը որևէ խնդիր է առաջ քաշում, մենք պետք է անպայման ականջալուր լինենք և ի վերջո լուծենք: Իշխանության, կառավարության խնդիրը հասարակությունում եղած բացասական երևույթներին, առաջացած հարցերին լուծում տալն է: Այդ համատեքստում կարծում եմ, որ նախագահի ասածը շատ նորմալ պետք է դիտել և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ խնդիրները վերանան, ինչը և տվյալ դեպքում անում է կառավարությունը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ