Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ


Ինչպես արդեն տեղեկացրել է մեր երկրի վարչապետը, Մաքսային միությանը Հայաստանի մաս կազմելու համար անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը պատրաստ է և միության հաջորդ գագաթնաժողովին այն կվավերացնեն կողմերը: Նշանակում է` շատ շուտով Հայաստանը պաշտոնապես կանդամակցի Մաքսային միությանը:

Ի տարբերություն Մաքսային միությանը, Եվրասիական միությունն ավելի խորացված և համակողմանի ինտեգրում է պահանջում ոչ միայն տնտեսական, այլ նաև պետաքաղաքական ոլորտներում: Այն երկրները, որոնք կվավերացնեն Եվրասիական միության Պայմանագրի տեքստը, կհրաժարվեն նաև ինքնիշխանության մի մասից և պարտավորված կլինեն ենթարկվել Եվրասիական միության շրջանակներում ձևավորվող (հնարավոր) օրենսդրական և գործադիր մարմինների որոշումներին: Այսինքն` անհապաղ կերպով կիրառել դրանք: Ինչպես գիտենք, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը գործում է չափազանց դանդաղ: Հիշենք, որ այս հանձնաժողովի գերնպատակն էր Սահմանադրությունը համապատասխանեցնել երկրում սպասվող քաղաքական տեղաշարժերին և որպեսզի երկրի թիվ մեկ պաշտոնյա ճանաչվի վարչապետը: Այսինքն, քայլեր կատարվեն նախագահական պետությունից խորհրդարանականի անցման ճանապարհին: Դժվար չէ ենթադրել, որ հանձնաժողովի հապաղումը պայմանավորված է հենց Եվրասիական միության տեսլականներով և սպասվող պարտադրանքներով, քանզի մաս կազմելով այդ Միությանը, Հայաստանը ստիպված է լինելու զիջել իր ինքնիշխանության մի մասը և Սահմանադրությունը համաձայնեցնել Եվրասիական միության պահանջներին...

Ուրեմն, մեզ իսկապես լուրջ փորձություններ են սպասվում...

Լ.Մ.