Սուրբ կենդանու զոհը


Հնդկական Պալոլեմ (Հարավային Գոա) լողափում, երևի նախախնամության բերումով, հանդիպել են կովն ու 65-ամյա ռուս զբոսաշրջիկուհին: Նրանք կարող էին և միմյանց չնկատել: Բայց կովը հանկարծ հոգնել է ու պոզահարել կնոջ ազդրը (տեղեկացրել է The TiΗes of IndiΖ պարբերականը):

Բարեբախտաբար դեպքի վայրում է եղել նաև փրկարարը, ով առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապ օգնություն է կանչել: Կնոջ վերքը կարել են, իսկ նախահարձակ կենդանուն, բնականաբար, չեն պատժել: Ո՞նց կարող էին պատժել չորքոտանուն. մանավանդ Հնդկաստանում` ԿՈՎԻՆ, որը սուրբ կենդանի է համարվում և պաշտպանված է օրենքով: Նրանց թույլատրվում է ազատ շրջել փողոցներում, անել` ինչ մտքով անցնի (եթե, իհարկե, միտք ունի): Ավելին, երկրի շատ նահանգներում կով սպանելը քրեական հանցագործություն է:

Ինչո՞ւ է կովը սրբացվել հինդուսների մոտ: Տարբեր նախապատմություններ կան, որոնցից մեկն այսպես է պարզաբանում. ստեղծելով օվկիանոսը, աստվածները դրա միջից հանեցին Կամադհենու կովին, որը կարողանում էր կատարել ցանկացած փափագ: Առ այսօր հինդուսները հավատում են, որ յուրաքանչյուր կով մի քիչ Կամադհենու է և նույնպես կարող է մարդկանց ցանկությունները կատարել: Իսկ ամենազորին պետք է պաշտել:

Ինչ վերաբերում է միջադեպին, ապա տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը (նույն պարբերականի վկայությամբ) տհաճ մեկ այլ դեպք է կատարվել երկու ուրիշ ռուս զբոսաշրջիկների հետ: Կոլվա լողափում (դարձյալ` Հարավային Գոայում) 53-ամյա ռուս տղամարդն ու նա 50 տարեկան մտերմուհին հայտնվել են լողալու համար արգելված ուժեղ հոսանքի գոտում: Ու դարձյալ բարեբախտաբար` երկուսին էլ հաջողվել է փրկել: