ԳԴՀ դեսպանի նստավայրում


ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների համար իր նստավայրում կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Իր ելույթում դեսպանը ողջունել և շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին` անվտանգության ոլորտում կյանքի կոչված խաղաղարար գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար և մասնավորապես նշել. - Անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը վերջին տարիներին շոշափելիորեն զարգացել է: Հիշատակման են արժանի հայ զինվորականների մասնակցությունը Գերմանիայում կրթական և վերապատրաստական դասընթացներին, նաև` տեղում իրականացվող խորհրդատվությունը` հայկական կրթական պահանջմունքներին համապատասխան: Հայաստանը, գտնվելով աշխարհառազմավարական առումով շարունակաբար կարևորվող և, ցավոք, շարունակ լարված տարածաշր ջանում, անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, և հնարավորության սահմաններում իր մասնակցությունն է բերում անվտանգության քաղաքականության առումով կարևոր խաղաղապահ առաքելություններին: ISAF-առաքելության մեջ Հայաստանի ընդգրկվածությունը` ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանի հյուսիսում առաջնային պատասխանատվություն ստանձնած գերմանական կողմի հետ համատեղ ռազմավարական և հաղորդակցային առումներով կարևորվող Քունդուսի օդանավակայանի անվտանգության ապահովումը, նշանն ու ապացույցն է այն պատասխանատվության, որ Հայաստանը դրսևորում է միջազգային կարևորության խաղաղապահ առաքելություններում բերած իր մասնակցությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև խաղաղապահ բրիգադի զինվորներին` անվտանգության քաղաքականության ոլորտում կյանքի կոչված այս պատրաստակամության համար: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի համար, ով ժամանակին ծառայել է Աֆղանստանում, թերևս հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես կշարունակի դիրքավորվել և իրեն դրսևորել ISAF-ն Աֆղանստանում, թե որքանով ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի օգտվել 80-ականներին Աֆղանստանում տեղակայված խորհրդային զինված ուժերի ձեռք բերած փորձից: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` զինվորներիդ և խաղաղապահ բրիգադի անդամներիդ, որ պատրաստ եք Գերմանիայում տեղի ունենալիք երեքշաբաթյա նախապատրաստությունն անցնելուց հետո Քունդուսում ստանձնել ամենապատասխանատու մի առաջադրանք` ISAF-ի շրջանակում անվտանգություն ապահովելով Հյուսիսային ռեգիոնալ հրամանատարության հաղորդակցային բազայում: Ձեզ և խաղաղապահ բրիգադի անդամներին հայտնում եմ մեր խորին շնորհակալությունը: