ՕՏԱՐ ԽԱՂԵՐ


Ինչպես միշտ, փորձում ենք մեզ համար հանգիստ ապրել£ Անհանգստանալու առիթներ, իհարկե, շատ ունենք, բայց տարեմուտին սովորաբար բոլորիս համակող ավանդական լավատեսությամբ մտածում ենք, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կհաղթահարվի, հայ¬թուրքական հարաբերությունների հաստատման փորձերի արդյունքում ամենանպաստավոր ելքը կգտնվի, խաղաղությունը կպահպանվի, օլիգարխները «կխելոքանան», և 2010¬ն էլի շատ ցանկալի սպասելիքներ կարդարացնի… Բայց տարին դեռ մի կարգին չի սկսվել, հույսերն էլ այնքան թարմ են, որ թվում է, թե բարենպաստ եղանակի ազդեցությամբ ուր- որ է` բողբոջելու են£ Մինչդեռ մեր լավատեսությունը գորշացնելու ուղղությամբ ջանացողներ դեռ կան£ Գուցե ընդամենը փորձում են, բայց միջազգային կոչվող այդ անտանելի կազմակերպությունները նորից այնքան հիմնավոր են կպել իրենց գործին` ամեն ինչ մռայլ ու սև գույներով ներկայացնելով, որ մի պահ քիչ է մնում ինքներս մեզ ներշնչենք, թե մենք ենք օվկիանոսից այն կողմ ապրում ու Հայոց աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից ոչ տեղյակ ենք, ո°չ լսել ենք, ո°չ էլ գոնե նման ցանկություն ունենք£ Այդ անտանելի անդրօվկիանոսյան «Ֆրիդոմ Հաուսը» թե այս անգամ ինչու էր շտապել ու 2010¬ի զեկույցը ծեգը ծեգին ու հենց տարվա առաջին աշխատանքային օրը ներկայացրել, սատանան անգամ գլուխ չի հանի… Բայց, ըստ երևույթին, ավելի վաղ գրված-մաքրագրված տեքստն այստեղ վաղօրոք են պատրաստած եղել, և դեռ տոնական օրերը չավարտված` հրապարակ են նետել£ Հաշվարկն էլ է պարզ. տեքստը որքան «թունդ» լինի, այնքան շատ կքննարկվի… Ու ինքն իրեն իրավապաշտպան հորջորջող կառույցի մշտական¬հերթական գնահատականի լույս աշխարհ գալուն պես հանրությունն ու քաղուժերն իրենք իրենց կամքով նորից են կրակն ընկել£ Ամերիկյան պարոնները հեռվից հեռու որոշել են, թե մեր երկիրն անցյալ տարի նույնպես առաջընթաց չի արձանագրել£ Եվ փոխանակ նախ ինքներս փորձենք հասկանալ (որքան էլ ամեն ինչ հասկանալի լինի), կամ ավելի ճիշտ` մեր շուրջն ու անցնող 2009¬ին նայենք, վիճում ենք ու ամերիկացի զեկուցագիրների խայծը կուլ տալով` ամեն ինչ նորից ու նորից քննարկում` այդպես էլ չկողմնորոշվելով` առա՞ջ ենք գնացել, թե՞ հետ£ Բայց սա դեռ ամենը չէ. այստեղ գնահատման վատագույն ցուցանիշը 7¬ն, իսկ մենք 6 ենք ստացել£ Իհարկե, գուցե կարելի էր նաև ուրախանալ` հույսով, թե գոնե անհեթեթության վերջնարդյունքն ի վերջո վեճի բռնվածների լարվածությունը կթոթափի, ու մի կուշտ ծիծաղելուց հետո բոլորը կսկսեն զավեշտն իրականությունից ավելի հեշտ տարբերել£ Բայց հարցն էլ հենց այն է, որ վատ սովորություն է ձևավորվել ու միջազգայիններից հերթականի գնահատականի կամ զեկույցի մասին լսելուն պես բոլորն իրար են խառնվում ու տխրում£ Մինչդեռ նման խառնաշփոթից հետո արդեն դժվար է զսպել հետաքրքրությունն այն տեքստի հանդեպ, որն այս էլ քանիերորդ անգամ նման փոթորկի պատճառ է դառնում£ Իսկ «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում ամեն ինչ այնքան անհեթեթ է, որ այն առանց վարանելու երգիծական մանրապատումների շարքում կարելի է դասել` բարձր տրամադրությամբ նախատեսելով ապագայում նույնպես այդ շարքը համալրել ու հարստացնել£ Եվ այսպես, ինչպես նշեցինք, օվկիանոսի մյուս ափից մեր հանրապետությանը 6 են նշանակել, քանի որ ըստ այդ պարոնների` մենք կառավարվում ենք զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից, և իշխող վարչախումբը նվազագույն չափով է միայն հանդուրժում մարդկանց քաղաքական իրավունքները£ Ու այսքանով թեև զեկույցը չի ավարտվում, բայց գոնե հաստատ հնարավորություն է տալիս պատկերացնելու կամ վերհիշելու, թե մեջբերումը որ հեքիաթից է կամ որ ֆիլմից£ Թեև կարևոր էլ չէ` ֆի՞լմ էր սա, թե՞ հեքիաթ, քանի որ երկու դեպքում էլ իրականության հետ հեռավոր աղերս անգամ չունի£ Եվ ընդամենը մարզական հետաքրքրասիրությամբ արժեր միայն պարզել, թե մթնդած այսպիսի բառակապակցությունների հեղինակներն ո՞ւմ փորձում հաճոյանալ կամ հեռահար ի՞նչ նոր նպատակներ են որոճում£ Այնպես որ` կարելի է շարունակել հանգիստ ապրել£ Այնպես, ինչպես տարեմուտին էինք նախատեսում£