Հատուկ նշանակության դելֆինները


 

Միացյալ Նահանգները, թերևս, հատուկ վարժեցված դելֆինների միջոցով փորձել է ապաշրջափակել Օրմուզյան նեղուցը` եթե Իրանը ծայրահեղ միջոցների դիմի և փակի արաբական նավթի տեղափոխման ռազմավարական երթուղին (տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը):

Նեղուցի շուրջ հակամարտության մեջ «հատուկ նշանակության դելֆինների» հնարավոր մասնակցության մասին հայտարարել է ամերիկյան պաշտոնաթող ադմիրալ Տիմ Կիտինգը:

Որոշակի տվյալներով` վերջին 50 տարում ծառայելով ամերիկյան բանակում, դելֆինները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Այս ծովաբնակները հեշտորեն հայտնաբերում են ստորջրյա ականները, կարող են հետախուզում կատարել, հետամուտ լինել թշնամու օբյեկտներին և դրանք արձանագրել տեսախցիկներով: Ավելին, անհրաժեշտության դեպքում դելֆինները կարող են նույնիսկ գրոհել ու ոչնչացնել դիվերսանտներին:

Բնականաբար` նման «զինվորների» օգտագործումն անհանգստացնում է կենդանիների պաշտպաններին, սակայն զինվորականները հավաստիացնում են, որ իրենք չեն պատրաստվում դելֆիններից մահապարտներ պատրաստել:

Ուշագրավ է, որ 2007 թ. Իրանը գանգատվել է դիվերսանտ-սկյուռներից: Լսող սարքերով «հանդերձավորված» 14 սկյուռներ որսացվել են սահմանի մոտ: Թեհրանը մեղադրել է արտասահմանյան հատուկ ծառայություններին, իսկ բրիտանական արտգործնախարարությունը դա անվանել է «լիակատար անհեթեթություն»:

Հունվարի 6-ին նեղուցում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի առաջին բախումը: Իսկ 2 օր առաջ պաշտոնական Թեհրանը չբացառեց Օրմուզյան նեղուցի պատնեշումը` իր անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում:

- Եթե Իրանը զգա, որ սպառնում են իր անվտանգությանը, բնականաբար իրեն իրավունք կվերապահի արձագանքել և համարժեք պատասխան տալ: Համարժեք այդ պատասխանի տարբերակներից կարող է լինել Օրմուզյան նեղուցի փակումը,- հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա-Սաջադին` «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույ ցում: