«Ջոբսը» հանվել է վաճառքից


 

Չինական ընկերությունները ստիպված են եղել այդ քայլին դիմել` նշանավոր AΘΘle ընկերության և Սթիվի ընտանիքի բողոքից հետո

Համոզված լինելով, որ հանրահռչակ Ջոբսի պատկերի հանդեպ անտարբեր չեն մնա երկրպագուները, վաճառքի են հանվել 30 սանտիմետրանոց արձանիկները: Դրանցում Սթիվն իր իրական տեսքով է` ավանդական սև բլուզով, անշրջանակ ակնոցով ու ջինսե տաբատով:

- Դա հավաքածուների ապրանք է և նվիրված է հանճարին, մեծ հայտնագործողին ու մարգարեին` Սթիվ Ջոբսին,- ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչը` հավելելով.

- Մենք կամենում էինք հիմնավորել, որ տիկնիկների ստեղծումը պայմանավորված էր Սթիվի հանդեպ հիացմունքով: Դժբախտաբար` AΘlle-ի իրավաբանների և Ջոբսի ընտանիքի կողմից մենք մեծ ճնշումների ենթարկվեցինք:

Ընկերությունը որոշել է դադարեցնել դրանց արտադրանքն ու վաճառքը` «հարգելով Ջոբսի ընտանիքի զգացմունքները»: Արտադրողները հայտարարել են, որ կվերադարձնեն բոլոր այն պատվիրատուների կանխավճարները, ովքեր բուռն ցանկություն ունեին Սթիվի պատկերն անձամբ ունենալ:

Իրանցի աղջնակներին էլ զրկել են «Բարբիից»

Իրանի խաղալիքների խանութների տերերին հանձնարարվել է վաճառափեղկերից վերացնել «Բարբի» տիկնիկները: Իշխանությունների կարծիքով` խարտյաշ այդ խաղալիքները համարժեք չեն իսլամական մշակույթին:

Այս որակմամբ տիկնիկներն այստեղ «խոտանվել» էին դեռևս 1996 թ., սակայն դրանց վաճառքը չէր արգելվել: Արևմտյան մշակույթի դեմ պայքարն Իրանում սկսվել է 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո: Եվ այդ ժամանակից ի վեր երկրում սահմանափակվում են արտասահմանյան երաժշտությունն ու արբանյակային հեռուստատեսությունը (տեղեկացրել է «Զակոնիա»-ն):

«Տիկնիկային» մի նորույթ էլ վերջերս ներմուծվել է Ամերիկայից: «Թաթար-ինֆորմ»-ի հաղորդմամբ` Լեդի Գագայի հագուստների ճշգրիտ պատճենմամբ հանդերձավորված «Բարբի»-ներ են ստեղծվել. յուրաքանչյուր հագուստով` 1 եզակի օրինակ:

Հնարամիտ արտադրողները «տիկնիկավորել» են նաև երգչուհիներ Բեյոնեսին, Շերին և հեռուստահաղորդավար Լարի Քինգին: