Ադրբեջանցի պատմաբանների հերթական «նվերը»` Իլհամի հոբելյանին


 

 

Դեկտեմբերի նախավերջին ամբողջ շաբաթը տոնական էր միջազգային հանրության համար: Մեծ շուքով նշվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 50-ամյա հոբելյանը: Շնորհավորականների մի մասը նախագահ Ալիևը սկսեց ստանալ ամսի 22-ին և 23-ին` չնայած ասում են` նախապես շնորհավորելը վատ նշան է: Այսպես, դեռ դեկտեմբերի 22-ին նախագահ Ալիևն իր նախիջևանյան կլանի անդամների (նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիև, արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարով և ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով) կողմից որպես նվեր ստացավ ոչ ավել, ոչ պակաս` հենց իր անձին նվիրված գիրքը` «Իլհամ. նախագահի դիմանկարը», որն, ի դեպ, հեղինակել է «պատվերով» գրող ոմն Գրեմ Ուիլսոնը:

Նվերների մասին այլ մանրամասներ չեն նշվում, և մեզ մնում է միայն գուշակել, թե վերոհիշյալ գիրք կոչվածից բացի ինչ այլ նվերներ է ստացել «Բրեժնևյան նվերամոլությամբ» տառապող Ալիևների ընտանիքի հայրը:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին` Իլհամ հեյդար օղլուի ծննդյան օրվան ընդառաջ, Բաքվում կայացավ պատմա-վերլուծական erevΖngΖlΖ500.coΗ կայքի շնորհանդեսը, որը նվիրված է «Էրիվանյան բերդի 500-ամյակին»:

Ընդհանուր առմամբ` Երևանի շուրջ 2800 տարվա պատմությունը և հայոց բազմահազարամյա քաղաքակրթությունը վերացնելու, քաղաքը հերթական անգամ թյուրքացնելու փորձից բացի, Ադրբեջանի պատմաբաններն, ի լուր ամբողջ առաջադեմ հասարակության, «նոր պատերազմ բացահայտեցին», որի արդյունքում մեղմ ասած փոփոխության է ենթարկվել ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև Ռուսաստանի պատմությունը: Այսպես, ուսումնասիրելով կայքի նյութերը` կարելի է «եզրակացնել», որ համաշխարհային պատմության անբաժանելի մաս հանդիսացող` XVIII-XIX դարերի բոլոր ռուս-պարսկական պատերազմները ռուս-ադրբեջանական են: Ընդ որում, Ցարական Ռուսաստանը բոլոր դեպքերում ներկայաց վում է որպես զավթիչ պետություն: Մինչդեռ, օրինակի համար, նույն Երևանի գրավումը Ցարական Ռուսաստանի կողմից տեղի է ունեցել 1826-1828 թթ.` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պարսկաստանը` փորձելով հետ բերել Գյուլիստանի պայմանագրով Անդրկովկասում կորցրած տարածքները, սակայն արդյունքում արժանիորեն կորցրել էր Երևանի և Նախիջևանի խանությունները:

Իրոք` զառամախտը սահմաններ չունի: «Այսպիսի մտքի թռիչքի և երևակայության» խաչասերումից պետք է սպասել, որ շուտով Գավգամելայի ճակատամարտը կդառնա հունա-ադրբեջանական, իսկ, օրինակ, Կարթագենը` հռոմեացիների կողմից օկուպացված և ավիրված թյուրքական հինավուրց քաղաք:

Վերադառնալով ամենայն Ադրբեջանի հայրիկի որդի Իլհամ Ալիևի 50-ամյակին, նշենք` Իլհամն իր 50-ամյակը դիմավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանային, կամ ինչպես ադրբեջանցիներն են անվանում, մերձճակատային գոտում: Նույնիսկ իր ծննդյան օրը Ալիևը չմոռացավ Հայաստանի մասին և հերթական անգամ սկսեց զառանցել Լեռնային Ղարաբաղը ցանկացած պահին ռազմական ճանապարհով ազատագրելու, «Ադրբեջան» պետության նվաճումների և Հայաստանում առկա բազմահազար խնդիրների մասին` կրկին աչքաթող անելով Ադրբեջանի մարզերում և նույնիսկ Բաքվի ծայրամասերում առկա ողբալի վիճակը:

Կասկածից վեր է, որ իր հոբելյանի օրը նմանատիպ «թեժ կետեր» այցելություններ կատարելով` Ալիևը ուզում է սեփական երկրի բնակչությանը ցուցադրել ոչ միայն ղարաբաղյան հարցի` «իր համար առաջնային լինելը, այլև իր խիզախությունը և արիությունը»: Սակայն որտեղ էր նույն իշխանիկը 1991 թ. դեկտեմբերի 24-ին` իր երեսնամյա հոբելյանի օրը, երբ ամբողջ հունով ծավալվում էր Ղարաբաղյան հակամարտությունը: Հետաքրքիր է, որ Ալիևի փայլուն կենսագրության մեջ տվյալ ժամանակաշրջանը շրջանցվել է:

Մինչդեռ, լինելով զինապարտ, Իլհամը պետք է մեկներ ճակատ և կռվեր հենց այն հողերի համար, որոնք այսօր «բուն ադրբեջանական» է անվանում և անընդհատ ռազմատենչ հայտարարություններով սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով` թեժացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Θresident.Ζz պաշտոնական կայքում տեղադրված ինքնակենսագրության մեջ նշվում է, որ պատերազմի տարիներին Իլհամը աշխատել է մասնավոր ձեռնարկատիրության բնագավառում` գլխավորելով մի շարք առևտրային կառույցներ: Մի՞թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ որևէ ընկերություն գլխավորելը ոչ խաղաղ պայմաններում զինապարտ քաղաքացուն ազատում է ժամկետային զինվորական ծառայությունից: Իհարկե` ոչ: Ավելին, ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրականում Իլհամը 90-ական թթ. սկզբներին պորտաբույծ կյանք էր վարում Թուրքիայում` խաղատներում վատնելով միլիոնավոր դոլարներ և զվարճանալով թեթևամիտ թուրք երգչուհիների հետ:

Ահա ով է մեր հարևան Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Չի բացառվում, որ պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ալիևը պատերազմի վերսկսման դեպքում ընտանեկան սովորության համաձայն կհավաքի իր տաք շորերը և կվերադառնա Թուրքիա` 90-ականների սկզբի իր «աշխատանքին»` իր պետությունը թողնելով բախտի քմահաճույքին և հակառակորդի գթասրտությանը: 

 

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ