ՕԵԿ-Ն ԷԼԻ ՓՈՒՉԻԿ Է ՓՉՈՒՄ


 

 

Տարեմուտին, երբ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները «առատության եղջյուրից» թափվող նվերներ էին բաժանում հանրապետության սոցիալապես անապահով ու հենց իրենց ապաշնորհ գործունեության պատճառով առավել աղքատացած ընտանիքներին, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը որոշել էր ոչ թե պես-պես նվերներ ու գույնզգույն-անուշահամ տոպրակներ բաժանել, այլ` կուսակցական տոմսեր:

Այո´, կուսակցական տոմսեր` որպես տարեմուտի նվեր: Ինչպես հաղորդեցին կուսակցության մամլո գրասենյակից, շուրջ 500 գյումրեցիներ անդամագրվել են «Օրինաց երկրին» և նոր գրասենյակի ընդարձակ սրահում ստացել կուստոմսեր` անձամբ Արթուր Բաղդասարյանի «ձեռամբ»: Ի սկզբանե կասկածի տեղիք էր տալիս այն թիվը, որը հրապարակել էր ՕԵԿ-ը, որովհետև պարզագույն ուսումնասիրություններն անգամ ցույց են տալիս, որ հանրապետության երկրորդ քաղաքում Արթուր Բաղդասարյանի համակիրների թիվը չափազանց նվազել է, իսկ կուսակցության մի շարք մարզային կառույցներ (Գյումրիում նախկինում հինգ մարզային կառույց կար)` լուծարվել: Դժվար է ասել, թե այդ ինչ անսպասելի «օեկասիրություն» էր ծագել Գյումրիում, որ 500 հոգի միանգամից ցանկություն էր հայտնել անդամագրվել կուսակցությանը… Սակայն ՕԵԿ-ի փչած փուչիկը պայթեց, երբ այցելեցինք այն դահլիճը, որտեղ հանձնվել էին կուսակցական տոմսերը: Մոտ 150 տեղ ունեցող դահլիճում այդ «պատմական» օրը հավաքվել էին ՕԵԿ-ի նվիրյալներ, Հովհաննես Մարգարյանի հարազատներն ու բարեկամները, Արթուր Բաղդասարյանին Երևանից ուղեկցող կուսակիցները: Թե որտեղ և ինչպես էին տեղավորել դահլիճի տեղերի քանակը երեք անգամ գերազանցող «նորակոչիկներին»` դժվար է ասել: Ուրեմն, գործ ունենք կուսակցական նախընտրական բլեֆի հետ, որի նպատակն էր հանրությանը ցույց տալ, թե իբր այնքան է աճել ու մեծացել կուսակցության հեղինակությունը, որ շուրջ 500 գյումրեցի, նախատոնական տրամադրությունները մի կողմ թողած, եկել ու դարձել է ՕԵԿ անդամ…

ՕԵԿ-ի նախընտրական փուչիկների մեջ 500 նորագրյալ անդամների մասին միֆը միակը չէ: Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մի շարք քաղաքներում արդեն հայտնվել են «Օրինաց երկիր կուսակցության գրասենյակ» մակագրությամբ պաստառներ, որոնք փակցվում են ամենատարբեր տեղերում` երևութականություն ստեղծելով, թե իբր ստեղծվում են նորանոր կառույցներ, հանրությունը «խելագարված ամբոխների» ոգևորությամբ մղվում է դեպի Արթուր Բաղդասարյանի կուսակցություն: Իրականում` մակագրություններ կրող պաստառների հետևում կամ սոսկ պատեր են, կամ էլ կիսալքված սենյակներ, որոնց դռներն այդպես էլ չեն բացվում: Այս առումով չափազանց «ինքնատիպ» է մայրաքաղաքի Սարյան փողոցում տեղադրված պաստառը, որը հուշում է, թե այստեղ տեղակայված է կուսակցության Կենտրոն կառույցը: Պաստառը տեղադրված է մի պատի վրա, որը մերձ է դեպի մանկական զբոսայգի տանող թունելին, իսկ շրջակայքում կուսակցության գրասենյակի մասին հիշեցնող որևէ շինություն չկա: Նմանօրինակ «պոտյոմկինյան» գրասենյակներով այսօր ողողվում է ողջ հանրապետությունը: Օրերս էլ նման ցուցանակ հայտնվեց Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի պատին: Դժվար չէր պարզել, որ սա «կարկառուն օեկական» Հովհաննես Մարգարյանի բնակարանն է` հայրենի քաղաքում… 

 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ