Երբ աղմկել է պետք` պատճառը կարևոր չէ


 

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ վերլուծաբանները չափազանց քիչ ասելիք ունեն: Այնպես է ստացվել, որ կանխատեսումներով սխալվելու հավանակա նությունը հիմա ավելի քիչ է: Ու մինչ ամեն ինչ ավելի քան հստակ և հիմնական դերակատարներն ու նրանց ակնկալիքները պարզորոշ են թվում, թեժանում է վեճը համամասնական-մե ծամասնական «գերխնդրի» շուրջ: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ «չեղած» հարցը առաջիկա ամիսներին ևս շատ է քննարկվելու` առավելապես տպավորություն ստեղծելու համար, թե մեծամասնականի գոյությունը խանգարում է ընտրությունների թափանցիկությանն ու արդարությանը: Ուշագրավ է, որ ընտրակարգի այս տեսակի վերացմամբ շահագրգիռ են հատկապես այն կուսակցությունները, որոնք սովորաբար խուսափում են անհատ պատգամավորացուներ առաջադրելուց: Այսինքն, նրանց ոչ թե մեծամասնականի գոյությունն է անհանգստացնում, այլ խնդրի քննարկման պատրվակով իրենց գոյությունը հիշեցնելը:

Իսկ ի՞նչ կարող է իրականում տալ երկրորդական այս հարցի շահարկումը` նման քաղուժերին: Արտաքուստ ոչինչ: Պարզապես մեծամասնական ընտրակարգի գոյությունն արդեն իսկ տեսանելի այն կռվանն է, ինչի ուղղությամբ դատափետումի նետեր են ուղղելու և´ քարոզարշավի ընթացքում, և´ առավել ևս ընտրություններից հետո, երբ երկրորդական մասնակիցների պարտությունն այլևս դե յուրե արձանագրված կլինի:

Իսկ հույսը, թե ընտրությունից ընտրություն հայրենի քաղուժերը քաղաքակրթվում են, թերևս միայն լավատեսները կարող են փայփայել: Շատերն ակնհայտորեն ավելորդ աղմկասիրության բարդույթը չեն կարողանում թոթափել: Իսկ աղմկելու պատճառ միշտ էլ կգտնվի: Ահա, օրինակ, մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր գործում է բոլոր համապետական ընտրություններում, սակայն «չգիտես ինչու» դրա վրա մտասևեռումները միայն այս անգամ են սկսվել: Թերևս` ընտրություններից 4-5 ամիս առաջ ինքնաբորբոքվելու ու աղմկոտ քարոզարշավ սկսելու այլ հարմար պատրվակ հազիվ թե գտնվեր: