Հեղափոխություն մարդկանց գիտակցության մեջ


 

Մեզանում արմատացել է ցանկացած առիթով, երբեմն էլ առանց առիթի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության բացակայությունից բողոքելու սովորույթը: Սակայն համառորեն չե՞նք ուզում, թե՞ չենք նկատում, որ երկրում թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ ինչ-որ տեղաշարժ կա: Մենք ենք փոխվում, փոփոխությունը մեր գիտակցության մեջ է: Կիրակի օրը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը արշավ-ակցիա էր կազմակերպել սոցիալական ցանցերի օգնությամբ: Հավաքվել էին 200-ից ավելի կամավորներ, մշակույթի և քաղաքական գործիչներ: Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արփինե ԳԱԼՖԱՅԱՆԻ հետ է զրույցը` մեզանում քաղաքացիական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրության նկատելի աճի և նշանակության մասին:

Հեղափոխություն մարդկանց գիտակցության մեջ

- Հայաստանում 88-ին Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը նույնպես սկսվեց բնապահպանական խնդիրներից: Վերջին շրջանում բնապահպա նական շարժումը կարծես նույնպես ակտիվացել է:

- Բնապահպանության խնդիրներով հետաքրքրվողների քանակն իմ կարծիքով` միանշանակ ավելանում է: Եվ ոչ միայն զուտ հետաքրքրվողների, այլև մարդկանց, ովքեր պատրաստ են գործողությունների դիմել: Կոնկրետ` մենք նախատեսում էինք, որ մոտ 100 հոգիանոց արշավ կկարողանանք կազմակերպել դեպի Թեղուտ, բայց մեր կազմակերպիչների կանխատեսումները կրկնակի գերազանցվեցին: Շատերն էլ, չկարողանալով մասնակցել արշավին, իրենց զորակցությունն են հայտնել սոցիալական ցանցերի միջոցով: Բարեբախտա բար, եթե նախկինում միայն Երևանում փոքր խմբեր էին հետաքրքրվում բնապահպանության և իրավունքների պաշտպանության խնդիրներով, հիմա Երևանի սահմաններից արդեն դուրս է եկել այդ պայքարը, և մեզ հետ ակտիվիստներ կան Գյումրիից, Վանաձորից, Էջմիածնից, տարբեր այլ բնակավայրերից:

- Դա ի՞նչ է, զուտ հետաքրքրության ա՞ճ:

- Կարծում եմ` սա նոր գիտակցության հետ է կապված: Մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենք պետք է փոխեն` եթե ինչ-որ բան պետք է փոխվի այս երկրում, հաստատ` դա ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլ մենք` սովորական քաղաքացիներս ենք անելու ու մենք ենք պատասխանատու դրա համար: Մարդիկ սկսում են սա գիտակցել, որովհետև տեսնում են օրինակները. նախադեպերը նույնպես շատ կարևոր են: Ինչ որ եղավ Թռչկանում, դրան նախորդել էին, օրինակ, մայրության վերաբերյալ օրենքի փոփոխություններ կատարելու, մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի համար հաջողված պայքարը… Սրանք նախադեպեր են, որոնք մարդկանց ոգևորում ու ապացուցում են, որ հնարավոր է միասնական պայքարի միջոցով դրական փոփոխության հասնել:

- Իսկ արդյոք նկատո՞ւմ եք, որ շարքային քաղաքացիներից բացի, ձեզանով սկսել են հետաքրքրվել նաև կուսակցությունները: Մտավախություն չունե՞ք, որ նրանք կփորձեն օգտագործել ձեր այս ակտիվությունն` իրենց նախընտրական պայքարում: Չմոռանանք` առջևում խորհրդարանի ընտրություններ են:

- Մեր շարժումը հստակ խնդիրներ ու նպատակներ է հետապնդում: Կոնկրետ` Թեղուտի դեպքում մենք բարձրացնում ենք Թեղուտը որպես հանք չշահագործվելու խնդիրը և ընդհանրապես հանքարդյունաբերությունը դիտարկում ենք Հայաստանի ապագայի համար անհարիր ոլորտ: Եթե կուսակցությունները դրանով ոգեշնչված իրենց ծրագրերում կդնեն հանքարդյունաբերությանը որպես այլընտրանք տնտեսական ծրագրեր, մենք միայն ուրախ կլինենք: Բայց մեր շարժումը որևէ կուսակցության շահեր չի սպասարկելու, և մենք որևէ կուսակցության կցորդ չենք դառնա:

- Դուք ասացիք` եթե հնարավոր լինի այս երկրում ինչ-որ բան փոխել, դա պետք է անենք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Չե՞ք կարծում, որ ձեր նախաձեռնած շարժումն այդպիսով կարող է ինչ-որ տեղ քաղաքական բնույթ կրել և քաղաքացիականից վերածվել քաղաքականի ու կուսակցական տարրեր պարունա կել:

- Մեր շարժումն իշխանության համար չի պայքարում. մեր շարժման անդամներից ոչ մեկը շարժման միջոցով ԱԺ պատգամավոր ընտրվելու նպատակ չի հետապնդում: Քաղաքական գործընթացների իմաստով շարժումը այո` պարտավորված է քաղաքական գործընթացների հետ հաշվի նստել, որովհետև գոյություն ունեն կառավարության, քաղաքական մակարդակի որոշումներ, որոնք պետք է փոխվեն: Թեղուտի դեպքը` ձեզ օրինակ:

- Բայց դա ինքնին արդեն քաղաքականություն է:

- Դա քաղաքականության մյուս մակարդակն է, որն իշխանության համար պայքարի հետ որևէ կապ չունի: Կառավարության ցանկացած որոշում քաղաքական գործընթացի վերջնական արդյունքն է: Մենք կամ կարողանում ենք ազդել այդ գործընթացի վրա կամ չենք կարողանում: Որևէ հարց բարձրանալով հանրային օրակարգ, քաղաքական գործընթացի մաս է դառնում:

- Այսինքն` քաղաքացիական նախաձեռնությունները նպաստում են քաղաքական ակտիվացմա՞նը:

- Անշուշտ: Քաղաքացիական պայքարի մեջ ներգրավվելով, գործընթացին ներսից մասնակցելով մարդիկ զարգացում են ապրում: Շատ բաներ, որ հիմա մենք անում ենք, իրականում դրանց փորձը չկա Հայաստանում: Եթե կարճ ձևակերպենք` մեր քաղաքացիական նախաձեռնությունները նպաստում են մարդկանց գիտակցության մեջ հեղափոխության առաջացմանը, կայացմանը: Ամենաէականը, առավել առարկայական ընկալումն այն է, որ մարդը սկսում է իրեն տեր զգալ: Օտարվածության, անտարբերության զգացումը կոտրելու խնդիր կա: Մարդը սկսում է քաղաքական գործընթացների մասնակիցը դառնալ և թույլ չտալ որևէ մեկին` իր փոխարեն որոշումներ կայացնել:

- Ուշադիր հետևելով քաղաքացիական նախաձեռնություններին, հեշտությամբ կարելի է նկատել, որ նախաձեռնողներն ու իրականացնողները հիմնականում երիտասարդներն են: Այսինքն, նոր սերունդն իր հետ ասպարեզ է բերում նոր մտածողություն:

- Նոր սերունդը նրանք են, ովքեր խորհրդային դաստիարակություն չեն ստացել: ԽՍՀՄ-ը իհարկե նաև շատ լավ կողմեր ուներ, հատկապես սոցիալական և այլ իմաստներով: Բայց քաղաքացիական գիտակցության իմաստով մարդիկ սովորել էին, որ իրենց փոխարեն ուրիշները որոշումներ կայացնեն, իսկ իրենք հնազանդվեն: Եվ խորհրդային դաստիարակություն ստացածներն այսօր պատրաստ չեն որևէ նախաձեռնության, որովհետև կարծում են, թե դա իրենց գործը չի, կամ` իրենց չի հաջողվի, իրենք ուժ չունեն: Երիտասարդները զերծ են այդպիսի կարծրատիպերից: Իշխանությունը ժողովրդին է պատկանում. այս գաղափարն է մեր շարժման հիմքը: Մենք` բնապահպաններս, կարծում ենք, որ Հայաստանը չպետք է զարգանա որպես հանքային երկիր: Պայքարում ենք, որպեսզի Թեղուտն անտառ մնա, որ գյուղում այլընտրանքային աշխատատեղեր լինեն…

- Ինչպես ասում են, մեդալը երկու կողմ ունի: Լավ է, երբ բնությունն անաղարտ է, բայց մենք չենք կարող ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերութ յունից. այն աշխատատեղերի հարց է լուծում, ինչն այսօր ևս կարևոր խնդիր է Հայաստանում:

- Հայաստանում այսօր գոյություն ունեցող 400-ից ավելի հանքերից 300-ը մետաղական հանքեր են: Կոնկրետ Թեղուտի հանքի ծրագրով նախատեսված է 20 մլրդ դոլարի եկամուտ 25 տարվա ընթացքում` մասնավոր ընկերության համար: Եվ միայն 600 մլն-ը պետական բյուջե կմուտքագրվի: Մենք մեր պետության ընդերքից ստացվող շահույթի 95 տոկոսից ավելին տալիս ենք օտարերկրյա գրանցում ունեցող մի մասնավոր ընկերության, իսկ երկրին մնում են հանքարդյունաբերությունից մնացած թունավոր թափոնները: Եթե այս ծրագրի համար 116 մլն դոլար ներդրումը կատարվեր այլ` գյուղատնտեսության, էկոտուրիզմի և այլ ոլորտներո՞ւմ: Այդպիսի ծրագրեր արդեն առաջարկվել են բազմաթիվ մասնագետների կողմից: Աշխարհի փորձը հուշում է, որ հանքարդյունաբերությունը ժողովրդին բարօրություն չի բերում: Մենք պարզապես հանքահումքային կցորդի ենք վերածվել: Մեզանում թունավոր թափոնների համար հարկը 0 դրամ է: Եթե բնապահպանական խիստ չափանիշեր դրվեն, որոշ հանքեր կարող են շահագործվել: Բայց մեր ներկա օրենսդրությամբ, հանքարդյունա բերությունը գերակա ճյուղ հռչակելն անթույլատրելի է. դա մեր երկրի կործանմանը կհանգեցնի:

- Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել սկզբունքայնության համար և հաջողություն մաղթել ձեր պայքարին: