ԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ


 

- Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ,- շատ դիպուկ բնութագրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»:

Ռուսաստանի դեմ իրենց անզոր հոխորտանքը փորձում են «համեմել» բախտակից Ադրբեջանի քիմքին հաճելի բարբաջանքո՞վ: «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները» բառերն արտաբերողն, ակամա երկիմատություն է դրել արտահայտության մեջ: Մեր ընկալմամբ` այդ հենց իրե´նք պետք է վերադարձնեն «հայր» Ստալինի կողմից «նվեր» ստացած հայկական տարածքները: Իրենցից էլ լավ օկուպանտնե՞ր:

Թեև ավիրելու մոլուցքով տարված վրաց-ադրբեջանական որոշ «մտածողների» համար անընկալելի, բայց միանգամայի տեղին է ԱԺ փոխխոսնակի նկատառումը`

- Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել:

Հանդես չեն եկել և իրենց թույլ էլ չեն տա հանդես գալ: Բայց դա չի նշանակում, որ կինտոյավայել մտածողները պետք է շարունակեն էժանագին արջի ծառայություններ մատուցել:

- Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե´ հայերը, թե´ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա,- շարունակում է Էդ. Շարմազանովն ու հուշում.

- Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողությո՞ւն խնդրի իր հարևան ժողովրդից: 

Տա Աստված, որ տոդուաներն իսկապես հասկանան կամ գուցե մտաբերեն, որ գոնե առայժմ` իրենք մերթընդմերթ առիթ գտնում են` հայ-վրացական դրացիությունը «բարեկամութ յուն», այդ բարեկամությունն էլ` «դարավոր» որակել: Մենք չենք հրաժարվում այդ բարեկամությունից և մեր բարեկամի թշնամուն հաճոյանալու համար էլ ստահոդ բարբաջանքներ չենք մոգոնում: Նույնիսկ չենք հիշեցնում ժողովրդական ասացվածքը, թե «Իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է»…