Նախագահականից` հիվանդանոց


Ռուսաստանի լիբերալ դեմկուսի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում իր անվանակից Պուտինի հետ հանդիպումից հետո դիմել է բժիշկների օգնության: Նա դժգոհել է տկարությունից և թուլությունից: Ճիշտ ախտորոշման համար բժիշկները չափել են նրա արյան ճնշումը և սրտագրառում (կարդիոգրամա) կատարել: "ՁՉՏռ ՊպվՖ"-ի հաղորդմամբ` նրան բուժման կուրս է նշանակվել: Անցյալ երեքշաբթի Պետդումայի ղեկավարության հետ Վլ. Պուտինի և Դմ. Մեդվեդևի հանդիպմանը մասնակցել է նաև Ժիրինովսկին: Ինչպես նշել է հանդեսը` գործող նախագահը և ՌԼԴԿ ղեկավարը բավական կոշտ երկխոսություն են ունեցել` բանավիճելով մի շարք հարցերի շուրջ: ՌԼԴԿ-ի առաջնորդը «դեղին» թերթերն արգելելու առաջարկ է ներկայացրել` թե իբր դրանք, ամուսնալուծությունների մասին գրելով, խանգարում են ծնելիության աճին: Իսկ Ռուսաստանի հաջող զարգացման համար առաջարկել է հույսեր կապել առաջին հերթին ընտրյալ խավի, այլ ոչ թե հասարակ մարդկանց հետ` վերջիններիս անվանելով «Շարիկովի զավակներ»: Սակայն Պուտինը բավական խիստ պատասխանել է, որ մտադիր չէ «որևէ բան փակել», իսկ «Շարիկովի զավակներ» արտահայտության առիթով նկատել է. - Չէ՞ որ ես էլ բանվորական ընտանիքից եմ: Այդ խոսակցությանը ներկա գտնվողները պատմել են, որ նախագահի հակադարձումը հարվածի ազդեցություն է ունեցել Վլադիմիր Վոլֆովիչի վրա: Վերոնշյալ լրատվամիջոցի հավաստմամբ` - Նա այնքան վախեցած ու ճնշված էր, որ սարսափելի էր նրան նայելը: Հավանաբար, հենց դա է եղել նրա ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառը: * * * Պետդումայի ղեկավարության հետ երկու նախագահների հանդիպումը, ընդհանուր առմամբ նվիրված էր իշխանության երեք թևեր` Նախագահ-կառավարություն-Դումա, հետագա փոխգործակցությանը: Եվ մասնակիցներրի հավաստմամբ` զրույցը կայացել է բարի կամեցողության մթնոլորտում և եղել է կառուցողական: Բայց… Բոլորի համար անսպասելիորեն, այդ հանդիպումից հետո կազմակերպված ճաշկերույթին հայտնվել է «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին: Այդ մասին, իհարկե, լրատվական գործակալությունները լռում են: Բայց որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` Յավլինսկու հետ Պուտինը հանդիպել է խորհրդարանականների հետ զրույցից առաջ: Եվ, ինչպես հաղորդել են «Յաբլոկա»-ի քարտուղարությունում, Կրեմլում տեղի ունեցած զրույցը «Գրիգորի Ալեքսեևիչի բարենորոգչական գաղափարներին է վերաբերել»: Բացի այդ, Յավլինսկին պետության ղեկավարի առջև բարձրացրել է իր կուսակցության պետերբուրգյան մասնաճյուղի առաջնորդ Մաքսիմ Ռեզնիկի` կալանքի տակ գտնվելու հարցը: Նա պնդել է, որ դա սարքված գործ է և իշխանությունների վրեժն է` քաղաքական գործունեության համար: Հիշեցնենք, որ Մ. Ռեզնիկը ապրիլին Պետերբուրգում անցկացվելիք ընդդիմության լայնամասշտաբ կոնֆերանսի կազմակերպիչն էր: Հաղորդվում է նաև, որ Պուտինի հետ հանդիպումից հետո, Յավլինսկին զանգահարել է Սանկտ-Պետերբուրգ` Ռեզնիկի մորը և ասել, որ «Պուտինը խոստացել է մի բան մտածել»: