Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց ավագ լեյտենանտ Արմեն ՀՈԽ


ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ` տեսակցելու հայ _ ադրբեջանական սահմանագծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ԼՂՀ ՊԲ սպա, ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանին: Շնորհակալություն հայտնելով մարտական դիրքերում առաջադրանքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար` Պաշտպանության նախարարը վիրավոր սպային պարգևատրեց ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով և նրան նվիրեց շվեյցարական արտադրության ժամացույց: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` Միքայել Հարությունյանը, կանխելով հանդիպումը լուսաբանող լրագրողներին հուզող խնդիրների վերաբերյալ հավանական հարցադրումները, նախ հակիրճ անդրադարձավ վերջին զարգացումներին: Նախարարը մասնավորապես ասաց. -Մարտի 4-ին հայ _ ադրբեջանական շփման գծում կատարվածը վերջին տասը տարիներին չուներ նախադեպը: Անշուշտ, այդ տասնամյակի ընթացքում երկրում էլի եղել են ներքաղաքական սուր զարգացումներ, բայց սա առաջին անգամ էր, որ, խախտելով հրադադարը և այն պահպանելուն կոչված համաձայնագրի պահանջները, հակառակորդը փորձ արեց խախտել հավասարակշռությունը` ռազմական գործողություններում օգտագործելով տարբեր տրամաչափի հրետանի ևս: Եվ մինչ տարբեր մակարդակներում քաղաքական և ռազմական ղեկավարները, միջազգային միջնորդները փորձում էին շտկել իրավիճակը` ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանն ու մարտական ծառայություն իրականացնող, սահմանը պաշտպանող մյուս զինծառայողները քաջաբար ընդունեցին իրենց պարտադրված մարտը: Նրանց անձնական արիության և խիզախության շնորհիվ, մի քանի ժամ տևած մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց հետ վերադարձնել կորցրած դիրքերը: Հիշեցնեմ, որ Ադրբեջանական կողմը մարտի 1-ի դեպքերից հետո շտապեց հայտարարել, որ իրենք մտադիր չեն օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից, այդուհանդերձ սադրանքը չուշացավ: Կասկած չկա, որ հակառակորդը ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին և, ենթադրելով, որ Երևանում Արտակարգ դրության իրավական կողմի ապահովման նպատակով բանակի ներգրավման հետևանքով կթուլանա զգոնությունը սահմանագծում` անցավ հարձակման: Ինչպես տեսանք` սխալ էր նրանց հաշվարկը, քանի որ հայ մարտիկը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է անթերի կատարել մարտական առաջադրանքը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր զինծառայողներին, ովքեր ամուր պահեցին իրենց վստահված դիրքերը, հավաստիացնում եմ, որ նրանք մեր օրերի հերոսներ են և նրանց օրինակով զինվորի մարտական ոգին բարձր է սահմանի ողջ երկայնքով: Հույս ունեմ նաև, որ մեր սպան արագ կապաքինվի և կվերադառնա շարք: Հավելեմ, որ լարվածությունը շփման գծում Մարտակերտի միջադեպից հետո չթուլացավ. նույն այդ հատվածում նկատվում էին հակառակորդի ուժերի և զինտեխնիկայի կուտակումներ, այս օրերին էլ և `Ղարաբաղի, և' Հայաստանի հետ շփման գծում հնչում են կրակոցներ: Ինչի կապակցությամբ կարող եմ վստահեցնել, որ հայկական զինված ուժերը իրենց ծառայությունն իրականացնում են համաձայն մարտկան պատրաստության պլանների և հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու համար: Բանակի առանձին ստորաբաժանումները Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Երևանում շարունակում են կատարել իրենց առաջադրված խնդիրները: Ինչպես գիտեք, բանակին է վստահված մայրաքաղաքի հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունը, և հայտնում եմ ձեզ, որ մինչ օրս չի արձանագրվել նրանց ծառայությանը խոչընդոտող որևէ պատահար կամ միջադեպ, ինչի կապակցությամբ մեկ անգամ ևս բանակի ղեկավարության անունից երախտագիտությունս եմ հայտնում Երևան քաղաքի բնակիչներին: Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, թե որքան զենք և զինամթերք է թաքցրել Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վստահեցնում եմ, որ բանակի զենք- զինամթերքը հուսալիորեն հաշվառվում և պահպանվում է, իսկ այն ինչ հայտնաբերվեց ցուցարարների կամ պատգամավորի մոտ, ամենայն հավանականությամբ ապօրինի կերպով պահվել է դեռևս պատերազմական օրերից: Կարծում եմ, որ քննչական մարմինները կտան այդ հարցի պատասխանը, իսկ հետագայում պետությունը կձեռնարկի համապատասխան քայլեր` բնակչությունից առգրավվելու ապօրինաբար պահվող զենք-զինամթերքը, ինչի առկայությունը մարտի 1-ին և 2-ին հանգեցրեց ողբերգական ծանր հետևանքների: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին` հավաստիացնելով, որ բանակի կողմից կարվի ամեն հնարավորը կանխելու իրավիճակի ցանկացած սրացում: Անդրադառնամ լրատվամիջոցների մեկ այլ արձագանքի: Երեկ «Ազգե _ը գրել էր Երևանում ծառայություն իրականացնող զինվորների ծնողների մտահոգությունների մասին: Արտակարգ դրության պայմաններում իրենց սահմանադրական պարտքը կատարող զինծառայողների անվտանգ ծառայությունը պայմանավորված է իրավիճակի կայունությամբ: Հավատացած եմ`ծնողներից բացի նաև հանրությունն է շահագրգիռ, որ իրավիճակը արագ կայունանա, իսկ երկիրը` օր առաջ ապրի բնականոն կյանքով: Այնուհետև պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց լրագորղների հարցերին: Նույն օրը նախարար Հարությունյանը նաև շրջայց կատարեց ՀՀ ՊՆ ԿԶԿ հոսպիտալում, ծանոթացավ այնտեղ բուժում ստացող զինծառայողների խնդիրներին: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ