Պաշտպանության նախարարն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի խնդրանքով ս.թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին, որին ուղեկցում էին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով խորհրդական Ռոբերտ Ուլը և ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները: Հյուրերը նպատակ ունեին տեղեկատվություն ստանալ երկրում ընթացող հետընտրական զարգացումներում ՀՀ զինված ուժերին վերապահված դերակատարության մասին: Մ. Հարությունյանը հայտնեց, որ համաձայն Արտակարգ դրության հայտարարման մասին ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի` արտակարգ դրության ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանութ յանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը և, նշելով, որ արդեն 15 օր է, ինչ Երևան քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն, փաստեց` մինչ օրս խախտումներ չեն արձանագրվել: Նախարարը նկատեց, որ Արտակարգ դրության պայմաններում բանակի դերակատարությունը սահմանափակվում է հատուկ նշանակության օբյեկտների պահպանությամբ: Պաշտպանության նախարարը հարկ համարեց անդրադառնալ նաև հայ - ադրբեջանական շփման գծում իրադրության սրմանը: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ, տեղեկացրեց, որ վերջին իրադարձությունների մասին նա իր հերթին հաղորդել է Վիեննա` ԵԱՀԿ: Հանդիպման ընթացքում Միքայել Հարությունյանը նաև սպառիչ պարզաբանումներ տվեց հյուրերի բազմաբնույթ հարցերին: Հանդիպման ավարտին, ներքաղաքական զարգացումների առնչությամբ դեսպան Կապինոսը հայտնեց, որ ԵԱՀԿ-ն մինչ օրս և այսուհետ էլ մտադիր է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում` վկայակոչելով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի` Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը ուղղված կոչը` ցուցաբերել զսպվածություն և հարաբերությունները կարգավորել միմիայն քաղաքական երկխոսության ճանապարհով: