Իրենց հետ` իրենց լեզվով


Պատմությունն ուսումնասիրելիս` համոզվում ենք, որ աշխարհաքաղաքական խաղերի ուղեծրում` գլոբալ շահերի անխուսափելի բախումների ժամանակ, մշտապես ինչ-որ երկրի շահ է զոհաբերվում: Ասել է թե` «Անտառը հատելիս` տաշեղները դեն են նետվում»: Ու քանի որ «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր», հաճախ հաշվի չեն առնում` արդյո՞ք գահավիժման դատապարտված խաղաքարը այրվում էր զոհասեղանին հայտնվելու ցանկությունից: Զորօրինակ` Հայկական հարցը, Ցեղասպանության ընդունման և Արցախի անկախության ճանաչման խնիդիրները: Ուստի, արդարամտություն մուրալը չի կարող արդյունավետ միջոց դառնալ` գերհզոր ուժերի դեմ պայքարելու համար: Հարկավոր է կիրառել իրենց մեթոդները` անպտուղ գործունեությունից զերծ մնալու համար: Միանգամայն իրավացի էր քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ «Աշխարհի ու Եվրոպայի հետ իրենց լեզվով պետք է խոսենք»: Նրա հավաստմամբ` Կոսովոն և Նախիջևանը «ցեղակից» հարցեր են. եթե 1921-ին հարևան պետությունները հավաքվեցին և որոշեցին Նախիջևանը պոկել-տալ Ադրբեջանին, ապա այսօր էլ գերտերություները, ելնելով իրենց շահերից, Սերբիան քաղաքական վիրահատման ենթարկեցին: Ժամանակաշրջանի պահանջն է, որ Հայաստանը դիմի միջազգային օրենսդրությունից բխող կտրուկ, վճռական քայլերի, քանի որ մեր և Ադրբեջանի տնտեսական կշիռներն անհամեմատելի են: Իսկ խաղը վարող կառույցները միանշանակորեն նկատի են ունենում հակամարտող կողմերի օ.գ.գ.-ն: Լեռնային Ղարաբաղի հարցի դիվանագիտական աշխատանքը քաղաքագետն համարում է ուսուցչի կողմից չստուգված շարադրություն ու ավելացնում` - Մինչև 1993 թ. մենք մի քանի քայլ առաջ էինք Ադրբեջանից և գործողություններին արձագանքողի դերն իրենք էին կատարում: Այժմ տեղերով փոխվել և մենք ենք դարձել ձայնային ստվերի պաշտոնավարը: Ղարաբաղյան հարցի տեսության իր բանաձևը հետևյալն է. 1. Արցախը դուրս է եկել ոչ թե Ադրբեջանի, այլ Խորհրդային միության կազմից, քանզի այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: 2. Երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, Ղարաբաղն արդեն դուրս էր նրա սահմաններից: Եվ երբ ՄԱԿ-ը Ադրբեջանն ընդգրկեց ՄԱԿ-ի կազմում, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը, ինչն, ի դեպ, պաշտպանվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով: 3. Արցախն ունի պետության բոլոր հատկանիշները` օրենքի և պետության գերակայություն իր ողջ տարածքում: Ռազմական, տնտեսական և ժողովրդավարական առումով ինքնաբավա րար պետություն է: Պատահական չէ, իհարկե, Լ. Մելիք-Շահնազարյանի այն կարծիքը, որ պետք է փորձենք նպաստել, որպեսզի աշխարհը միշտ խոսի անտեսված Լեռնային Ղարաբաղի մասին. թեկուզ` վատը, թեկուզ քննադատորեն, բայց նախընտրելի է չմոռացվելը: Մինչդեռ մենք ավելի շատ լռում ենք` նույնիսկ Բաքվի հաշվենկատ սադրանքների ժամանակ, այնինչ նրանք չեն էլ ուզում հաշվի նստել Խորհմիության այն պահանջի հետ, որ` «Այն երկիրը, որ ուզում է առանձնանալ, պետք է հրաժարվի ԽՍՀՄ ժամանակաշրջանում ձեռք բերած տարածքներից»: Այս դեպքում Արցախն ու Նախիջևանը, ուրեմն, լիիրավ են վերադառնալ մինչխորհրդային կարգավիճակներին: Մարդու իրավունքների հռչակագրի պահանջն է` հարգել, ընդունել ազգերի ինքնորոշման իրավունքը: Չընդունելով «չճանաչված պետություն» հնարածո քաղաքական տերմինը` քաղաքագետը կրկին փաստում էր, որ պետությունը դառնում է պետություն, երբ ճանաչվում է իր ժողովրդի կողմից: Նա նաև հիմնավորում է այն համոզմունքը, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ունի քաղաքական և պետական գործչին անհրաժեշտ բոլոր ունակությունները` Արցախը վերադարձնելու բանակցային գոտի: Անառարկելի է, իհարկե, որ Բաքուն միշտ էլ իր խողովակների միջոցով փորձել է (երբեմն նույնիսկ հաջողության հասնելով) ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա` օգտագործելով Արևմուտքի, Եվրոպայի հետ ընդհանուր «սևաթույր» շահերը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպությունները ամեն գնով կխոչընդոտեն պատերազմի վերսկսմանը, որպեսզի չզրկվեն ոսկեբեր նավթից: Սակայն Ադրբեջանը ի զորու չէ չարաշահել այդ փաստը, քանի որ ինքն իր երկրում արդյունաբերվող նավթի միայն 13 %-ի տերն է: Մնացյալից միայն շահույթ է ստանում: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն, որ միջազգային այդ կազմակերպությունների առաքելությունը, լոկ իրենց ֆինանսական նկրտումներից ծագող, ազգերի ճակատագրերի հետ խաղերին հումանիստական երանգներ հաղորդելն է, որտեղ նկատելի է ծայրահեղ հաշվենկատությամբ հայտնի ազգի ձեռագիրը: Այս դեպքում չարժե՞, արդոք, Ադրբեջանից բացի նրա ետևում կանգնած դրամագործության վիրտուոզների քաղաքականության մեջ ևս խորամուխ լինել: Այս առնչությամբ` Լ.Մելիք-Շահնազարյանի կարծիքը հստակ է` - Պետք է լուրջ մասնագետներ ներգրավվեն գործի մեջ, և իրենց գրած միջազգային օրենքներով խոսենք նրանց հետ: Հուսանք` մեր երկրի նորընտիր ղեկավարությունը նախկինից առավել նրբանկատ, հարկ եղած դեպքում նաև հաշվենկատ դիվանագիտություն կցուցաբերի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ