Պաշտոնական Լրահոս


n ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայ բեմի վաստակաշատ եւ մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես ինքնատիպ տաղանդով ու զարմանահրաշ հմայքով օժտված դերասանուհու, հայկական թատրոնի եւ կինոյի անուրանալի մեծության, ով իր անջնջելի հետագիծն է թողել մեր արվեստում: Ձեր ստեղծած ամեն մի կերպար վառ է ու հիշվող, դրանցից յուրաքանչյուրը Ձեր անուրանալի տաղանդի ու անթերի ոճի օրինակ է: Այդ է պատճառը, որ թատրոնում եւ կինոյում Ձեր մասնակցությամբ գործերը վայելում են ոչ միայն քննադատների ու մասնագետների, այլեւ մեր ժողովրդի գնահատանքն ու սերը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ վաստակած հոբելյանի առիթով, մաղթում եմ առողջություն եւ ամենայն բարիք»: n ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Նա Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջերմ ողջույններն ու նշել, որ Մոսկվայում նախապատրաստում են առաջիկա օրերին կայանալիք ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն եւ մեծ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը, համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետընտրական գործընթացներին ու ներքաղաքական իրավիճակին: ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների համար պետության կայունությունն ու ժողովրդի անվտանգության ապահովումը վեր են ցանկացած այլ շահերից եւ, նրա հավաստմամբ, հետագա գործողությունները եւս բխելու են միմիայն այդ ելակետից ու երկրում օրենքի գերակայությունից: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ հասարակության համախմբվածության, երկրում հանդուրժողականության ու երկխոսության մթնոլորտի ստեղծումը` վերստին շեշտելով երկխոսութ յան իր պատրաստակամությունը բոլոր նրանց հետ, ովքեր եւս պատրաստ են այդ քայլին եւ ում, իրապես, մտահոգում են մեր երկրի ապագան ու մեր ժողովրդի ճակատագիրը: n ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի տեքստը և բանակցային սեղանին դրված փաստաթղթի բովանդակությունն անհամատեղելի են: Միջազգային հանրության ներկայացուցիչների մեծ մասն ընդունում է դա, և հենց այդ պատճառով չի պաշտպանել այդ բանաձևը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Գնահատելով այն, թե պաշտոնական Բաքուն որքան լուրջ է ակնկալում օգտագործել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Իրադրությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ հարցը կարող է պարզ դառնալ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ ընտրված, սակայն դեռևս պաշտոնը չստանձնած նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպման ժամանակ: «Մենք հայտարարել ենք միջոցառմանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին, ես գիտեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպման վերաբերյալ համապատասխան առաջարկ կանեն, և ինձ նաև հայտնի է, որ ադրբեջանական կողմը ևս ակնարկել է, թե պատրաստ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կարող է հարցը կտրուկ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև»: -Եթե դուք անկեղծորեն հավատում եք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի բովանդակությանը, և հենց դա եք որպես ուղենիշ ընտրելու, այդ ժամանակ խոսելու ոչինչ չունենք, և եկեք ժամանակ չկորցնենք: Սակայն, եթե դուք դեռևս կողմնակից եք այսօր բանակցային սեղանին գտնվող փաստաթղթին, այդ դեպքում եկեք լուրջ լինենք և անցնենք այն կարճ տարածությունը, որը մնացել է,- նշել է Վ. Օսկանյանը: ԱրմԻնֆո