ՀԻՄԱ ԷԼ ՔԱՐՈԶՉԱԿԱ՞Ն ՊԱՏԵՐԱԶՄ


Դատելով վերստին շրջանառվող` հետընտրական տխրահռչակ իրադարձությունները թեկնածուներից մեկի ճաշակով ներկայացնող տեսանյութերի առատությունից, մի պահ կարելի է կարծել, թե Նախագահի ընտրությունների քարոզարշավն այդ մեկի համար դեռ նոր-նոր է սկսվում: Սակայն, ըստ երևույթին, ամիսներ շարունակ լույսի արագությամբ բազմացվող և նույն արագությամբ ողջ հանրապետությունով մեկ տարածվող DVD-ները մեր հասարակությանը դեռ երկար են «հետապնդելու»: Եթե նախընտրական շրջանում դրանց տարածումը լիարժեքորեն տեղավորվում էր քարոզչության տրամաբանության շրջանակներում, ապա նման տեսասկավառակների ներկայիս գոյությունն ու նույն ոգևորությամբ շրջանառելու նպատակները բացարձակապես անհասկանալի են հիմա, երբ արդեն քվեարկությունից մեկ ամիս է անցել, և նորընտիր Նախագահի երդմնակալությանն էլ հաշված օրեր են մնացել: Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, անշուշտ, այդ ճանապարհով Նախագահի հաջորդ ընտրություններին չեն նախապատրաստվում, և սկավառակներն էլ վաղուց արդեն հեռու են զուտ քարոզչական ուղղվածություն ունենալուց: Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ դրանք քիչ դերակատարություն չեն ունեցել «մինչև վերջ» պայքարելու գործում: Այն ամենը, ինչին հանրությունն ականատես եղավ մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների շրջանում, նաև չարաբաստիկ այդ սկավառակների ազդեցությամբ բորբոքված անհանդուրժողականության ու ատելության հետևանքն էր: Մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումն ընդամենն այդ ալիքի գագաթնակետն էր: Իրականում չարի ծաղիկների սերմերը ցանվել էին շատ ավելի վաղուց` դեռ աշնան սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Նախագահի այս թեկնածուն կազմաքանդելով պատրաստվում է հողին հավասարեցնել պատահած ամեն բան: Այսօր արդեն, երբ այլևս հետևում է մնացել գարնանամուտին տեղի ունեցած ողբերգությունը, երբ արդեն կատարվել է այն, ինչը վաղուց և հետևողականորեն հասունացվում, եթե չասենք հստակ նախապատրաստվում էր, մնում է արյունոտված ձեռքերը հիստերիկ քարոզչական դրսևորումներով փորձել լվանալ` ամեն կերպ ձգտելով ձերբազատվել անջնջելի մեղքից: Արդյունքում` հիմա էլ փորձ է արվում կատարված դեպքերը մոնտաժումով կեղծելու միջոցով հակառակ արդյունքին հասնել: Ընդ որում, բանը հասել է նրան, որ ոստիկանության համապատասխան մասնագետները ստիպված են բարձրաձայնել կադրերը մոնտաժողների վարպետության ակնհայտ պակասի մասին… Իսկ մասնագետները խորհուրդ են տալիս DVD-ների միջոցով տարածվող, իսկ ավելի ուշ արդեն համացանցը ևս ողողած նման կադրերն ավելի դանդաղեցված նայել, որպեսզի դրանց մոնտաժված լինելու վերաբերյալ որևէ կասկած այլևս չմնա: Թե մինչև ուր կարելի է հասնել իրականությունը նենգափոխելով` դժվար է ասել: Մյուս կողմից էլ նկատելի են ապատեղեկատվություն տարածող սկավառակների աշխարհ գալու իրական շարժառիթները` շարունակել հասարակությանն ուղղված հոգեբանական դիվերսիան և միջազգային ասպարեզում ևս փորձել «հիմնավորել» կեղծված ընտրությունների մասին առասպելը: Ահա թե ինչու էր Լ. Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարանի` իր համար ճակատագրական թվացող որոշման հանդեպ այդչափ անտարբեր: Չէ՞ որ նա ինքն էր խոստովանում, որ կարևորը ոչ թե ընտրությունների արդյունքների վերանայումն է, այլ դրա միջազգային հետաքննությունը: Իսկ կասկածները, թե ամենն արվեց միջազգային կոչվածներին ինչ-որ բաներ ապացուցելու համար, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի համոզիչ է դառնում: Ավելին, թվում է, թե դեպքերի ողբերգական հետևանքներով ավարտված ամփոփումը ավելի շատ հաշվետվության էր նման: Թերևս տեսասկավառակների միջոցով շարունակվող քարոզչական պատերազմն էլ է այդ նպատակին ուղղված: